Բակոն է այդ երախտամոռներին նախարար, փոխնախարար, շրջվարչակազմի ղեկավար դարձրել

Բակոն է այդ երախտամոռներին նախարար, փոխնախարար, շրջվարչակազմի ղեկավար դարձրել

Բակո Սահակյանի իշխանության տարիներին մոտ երկու տարի անգործ եմ եղել։ Այդ տարիներին ու դրանից հետո «Նոր էջ» անվամբ հասարակական-քաղաքական թերթ էի հրատարակում ու անվճար տարածում։ Թե ինչպես էի տուն, ընտանիք պահում, միայն կարելի է գուշակել։ Դպրոցական տարիներից գիտեինք իրար։ Բակոն նրա մականունն էր։ Անունը Բահատուր էր։ Զուգահեռ դասարաններում էինք սովորում։ Մինչ նախագահ դառնալը, երբ Արցախի ԱԱԾ պետն էր դեռ, ցանկացել էր ինձ հետ հանդիպել։ Քաղաքականությունից ու այլ հարցերից էինք զրուցել, բայց այդ օրերին դեռեւս չգիտեի, որ Արկադի Ղուկասյանից հետո ինքն է Արցախի նախագահը դառնալու։ Այդ հարցերը պաշտոնական Երեւանում էին որոշում։

Մի քանի անգամ հանդիպել ենք նաեւ այն ժամանակ, երբ Բակոն արդեն Արցախի ղեկավարն էր։ Դարձյալ քաղաքականությունից ու տարբեր խնդիրներից էինք զրուցել։ Հիշում եմ, որ այդ հանդիպումներից մեկի ժամանակ՝ 2011 թվականին էր, ես ակնարկել էի ԵԽԽՎ ամբիոնից Սերժ Սարգսյանի ելույթն ու ասել, որ էշություններ է դուրս տվել, ինչպե՞ս թե՝ Ադրբեջանն իր ժողովրդին պատերազմի է պատրաստում, մենք` խաղաղության։ Ասել էի, որ այդ մասին արդեն գրել եմ իմ խմբագրած թերթում, Բակոն փորձել էր պաշտպանել իր շեֆին՝ ասելով, որ այլ ենթատեքստ կա, շատերը ճիշտ չեն հասկացել։ Հակադարձել էի, որ հենց այդպես է ասել, ու շատ էլ ճիշտ հասկացել են բոլորը։

Մեր հանդիպումների ժամանակ մեկ-երկու անգամ էլ քննադատել եմ իր` Բակոյի վարած կադրային քաղաքականությունը, մի քանի կոնկրետ անուններ եմ նշել։ Զարմացած տեսքից հասկացել էի, որ մինչ այդ իրեն նման բան ասող չի եղել։ Բայց այլ բան եմ ուզում ասել։ Այս ամենը հիշեցի, որպեսզի պարզ լինի, որ Բակո Սահակյանի հետ հաստատ ոչ ջերմ, բայց նաեւ ոչ թշնամական՝ սովորական հարաբերություններ ունեի։ Ու չնայած նրա իշխանության օրոք անձնապես տուժել եմ, երկու տարի անգործ եմ մնացել, երբ մինչ այդ հենց իշխանություններից էին ինձ զանգում, աշխատանք՝ հանրապետական թերթի խմբագրի կամ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոն առաջարկում, ու ես մերժում էի։ Բակոյի եւ մյուսների վարած քաղաքականությունից, սխալներից տուժել է նաեւ մեր երկիրը։ Իսկ ահա շատ ու շատ սրիկաներ, տականքներ շահել են եւ ոչնչից ամեն ինչ են դարձել։ Մինչդեռ այլ երկրներում, լավագույն դեպքում, ինչ-որ հիմնարկների միջին օղակում կարող էին աշխատել, ոմանք` ավելի համեստ պաշտոններում։ Բայց Բակոն նրանց նախարար, փոխնախարար ու շրջվարչակազմի ղեկավար էր դարձրել, վարչության պետերի ու զանազան փափուկ աթոռների նստեցրել։

Ես իմ գրառումներում ու հոդվածում գրել եմ, որ ցավում եմ Բակոյի եւ մյուսների համար, որովհետեւ թշնամին, ազերին նրանց բանտարկել է, որովհետեւ հայ են, արցախցի են եւ Արցախի ղեկավարներն են եղել։ Այս տողերը գրելիս էլ ցավում եմ Բակոյի համար։ Իսկ ահա այն սրիկաները, ստահակները, որոնք Բակո Սահակյանի օրոք բարձր պաշտոններում էին հայտնվել, նախարարներ ու բարձրաստիճան կարեւոր դեմքեր էին դարձել, փողատեր, մի քանի բնակարանատերեր, այսօր հայրենասիրական փուչիկներ են թռցնում ֆեյսբուքյան իրենց էջերում, բայց բառ անգամ չեն գրել, ցավ չեն զգացել Բակոյի եւ մյուս ղեկավարների համար։ Այն մարդկանց համար, որոնք իրենց` այդ միջակություններին ու ոչնչություններին բարձր պաշտոններ էին նվիրել, եւ որոնք նրանց են պարտական ախոռից պալատներում հայտնվելու համար։

Կրկնում եմ` ցավում եմ Բակոյի եւ թշնամու բանտերում հայտնված մյուս բոլոր մեր հայրենակիցների համար, իսկ ահա ակնարկածս երախտամոռ, սրիկա ու տականք շանորդիների վրա թքած ունեմ, որոնք այսօր Ֆեյսբուքում թառած, հոգսերի բեռից մտախոհ դասականի տեսքով նկարված, իրենց առնվազն Պլատոն ու Շեքսպիր երեւակայելով, հայրենասիրական փուչիկներ են օդ թռցնում՝ կորսված «դրախտային քաղցրաբույր» հայրենիքի մասին, եւ լայքեր հավաքում։ Հենց այս սրիկաների մեղքով է նաեւ, որ պարարտ հող է ստեղծվել, որպեսզի իշխանության գան շատ ավելի ապազգային, ծախու եւ հրեշ իշխանություններ, քան նախկիններն էին։

Վարդգես Օվյան