Հայաստանը պոպուլիզմի և կոնֆորիզմի աքցանում

Հայաստանը պոպուլիզմի և կոնֆորիզմի աքցանում

Երբ 2018թ. մայիսին, առաջադրվելով ՀՀ վարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իզմ-երի դարաշրջանն անցել է», նա դրանով իսկ ոչ միայն հակագիտական պնդում արեց, այլեւ, ըստ էության, խոստովանեց, որ ինքը եւ իր քաղաքական թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»,  ապագաղափարական է, առաջնորդվում է ոչ թե քաղաքական ծրագրերով եւ սկզբունքներով, այլ նպատակահարմարությամբ, իրավիճակով եւ հարմարվում է դրանց, իր երեկվա կարգախոսները կտրուկ փոխելով եւ քաղաքական արմատականության կարծր ժայռից տեղափոխվելով քաղաքական պատեհապաշտության՝ կոնյունկտուրայի եւ կոնֆորմիզմի հարթ դաշտ:

Հեղափոխությունն ի ցույց դրեց ամեն ինչ. Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր պոպուլիզմը՝ ամբոխահաճությունը, սահուն կերպով տեղափոխվեց հեղափոխության, ապա եւ՝ իշխանության առաջնորդի մեջ: Եթե պոպուլիզմը Փաշինյանի քաղաքական վարքագիծն է, ապա ՔՊ-ի, այժմ նաեւ՝ «Իմ քայլը» դաշինքի վարքագիծը մարդկային եւ քաղաքական կոնֆորմիզմն է: Պոպուլիզմը եւ կոնֆորմիզմն այն վտանգներն են, որոնց բախվում է Հայաստանի քաղաքական գնացքը:

2017թ. ամռանը բրիտանական Times Higher Education հանդեսը  հարցումներ անցկացրեց Նոբելյան մրցանակի 50 դափնեկիրների շրջանում, պարզելու, թե որոնք են աշխարհում հասարակությունների, տնտեսության, գիտության զարգացման հիմնական սպառնալիքները: Հարցվող դափնեկիրների 70 տոկոսը որպես հիմնական՝  «ահռելի եւ մեծ սպառնալիքներ» մատնանշել էր աշխարհում օրավուր աճող քաղաքական պոպուլիզմը եւ քաղաքական բեւեռացումը, իսկ 25 տոկոսը դրանք համարել էր «չափավոր սպառնալիքներ»:

Նրանք մատնանշել էին այդ սպառնալիքների հիմնական օջախները՝ ԱՄՆ-ից մինչեւ Ռուսաստան, Վենեսուելա, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի պետություններ:
Եվ թեպետ Հայաստանն այդ ցանկում չկար, սակայն այստեղ քաղաքական պոպուլիզմի եւ քաղաքական բեւեռացմանը փոխարինող քաղաքական կոնֆորմիզմի՝ արագորեն աճող չափաբաժինները վերածվել են Հայաստանի պետության եւ հասարակության զարգացման արգելակների:

Հայկական քաղաքական պոպուլիզմից եւ կոնֆորմիզմից ձուլվել է մետաղյա աքցան, որն այժմ ճզմում է Նոր Հայաստանի առաջընթացի, մրցունակության եւ զարգացման հույսերն ու հնարավորությունները՝ դառնալով իրական սպառնալիք նաեւ ՀՀ ինքնիշխանության եւ անվտանգության համար:

Պոպուլիզմը Հայաստանում նոր երեւույթ չէ, ժամանակին նրա դասական ներկայացուցիչը Արթուր Բաղդասարյանն էր, այսօր՝ Նիկոլ Փաշինյանը: Քաղաքական պոպուլիզմը՝ ամբոխահաճությունը, հայկական միջավայրում արագորեն հաստատվում եւ տարածվում է: Նիկոլի քաղաքական պոպուլիզմը նոր փայլ է ստանում՝ հաստատելով արդի քաղաքագիտության սահմանումները եւ առանձնահատկությունները: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծված առաջնորդ է, այնպիսին, ինչպիսին են աշխարհի հայտնի եւ անհայտ պոպուլիստ առաջնորդները, որոնք կարողանում են կազմակերպել հանրային բողոքը՝ հասնելով իշխանափոխության: Քաղաքականության անձնավորումը պոպուլիզմի կոչումն է, դավանանքը, նա քաղաքական դաշտից հեռացնում է գործող կուսակցություններին եւ գործիչներին: Պոպուլիստ քաղաքական գործիչը չի մտածում ոչ միայն հետեւանքների, այլ իր իրական հնարավորությունների մասին: Նա ձգտում է իշխանության գալ կա՛մ հանրային բողոքի, կա՛մ մեծ թվով ընտրաքվեների արդյունքում: Պոպուլիստ ղեկավարի քաղաքական խաղը հենվում է հասարակության ակնկալիքների վրա: Նա միշտ հանդես է գալիս շարքային քաղաքացու կամ ժողովրդի անունից՝ նրան համարելով պատմության կերտողը եւ իշխանության տերը եւ առաջնորդվելով «ես ձեզնից մեկն եմ» մոտեցմամբ:

Պոպուլիզմը հրաժարվում է գաղափարախոսությունից: Նա սիրում է հրահրել հասարակական-քաղաքական սկանդալներ: Պոպուլիստը մեկ ոտքով համակարգի մեջ է, մյուսով՝ դրանից դուրս: Նա հանդես է գալիս համակարգի դեմ, սակայն իրականում համակարգի մեջ է եւ փորձում է ընդլայնել այն: Իշխանության գալով՝ պոպուլիզմը, ի վերջո, հանգում է ավտորիտարիզմի: 
Եթե արդի քաղաքագիտության՝ պոպուլիզմի այսեւայլ առանձնահատկությունների համաձայն դիտարկենք հայկական իրականությունը, ապա այդ ամենի միջից կբարձրանա ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարը, որը, ինչպես մյուս պոպուլիստ առաջնորդները, իրականում ոչինչ չի առաջարկում, այլ իր անձն առաջարկում է որպես բոլոր խնդիրների լուծման հնարավորություն:

Պոպուլիզմի տարածման եւ ամրապնդման համար պարարտ հող է քաղաքական կոնֆորմիզմը, որն այժմ հարուստ բերք է տվել հայաստանյան քաղաքական դաշտում՝ թե՛ կառավարող, թե՛ մերձիշխանական կուսակցություններում եւ թե՛ դրանցից դուրս: ՀՀ ԱԺ վերջին՝ դեկտեմբերյան ընտրություններում կուսակցությունների համամասնական ցուցակները կազմվել էին հիմնականում այդ սկզբունքով. ճանապարհ տալ քաղաքական կենսագրություն չունեցող, գաղափարազուրկ եւ կոնֆորմիզմի հակված անձանց:

Հենց այդ սկզբունքով էլ ձեւավորվեց Նոր Հայաստանի առաջին խորհրդարանը, որը դառնում է քաղաքական կոնֆորմիզմի դրոշակակիրը:
Քաղաքական հարմարվողականությանը՝ կոնֆորմիզմին, հատուկ են քաղաքական համոզմունքների եւ սկզբունքների բացակայությունը, պասիվ հարմարվողականությունն առկա իրողություններին, իշխող քաղաքական վարչակարգի առաջարկած բոլոր կաղապարներին կուրորեն հետեւելը, քաղաքական առաջնորդին անվերապահ ընդունելը, քաղաքական մեկ ճամբարից կամ կուսակցությունից մեկ այլ ճամբար կամ կուսակցություն թեթեւասահ տեղափոխվելը: Հարմարվողականությունը բազմակարծության թշնամին է եւ տիրապետող տեսակետի անվերապահ աջակիցը: Նա իշխանության աջակիցն է, քաղաքական գործընթացների պասիվ մասնակիցը:

Կոնֆորմիստը վստահ է, որ իշխանությունն է իր եւ հանրության մյուս անդամների բարեկեցության միակ երաշխավորը: Քաղաքական կոնֆորմիստը նաեւ ընդգծված կարիերիստ է: Նա իր հարմարվողականությունն ու անսկզբունքայնությունը բացատրում է առկա իրողություններն ընդունելու անհրաժեշտությամբ: Գերադասելով չտարբերվել մյուսներից՝ նա հրաժարվում է լինել անհատականություն կամ այդպիսին չէ ի սկզբանե: Փոխարենն անվերապահ ընդունում է իշխանության անձնավորումը:

Կոնֆորմիստը զուրկ է ստեղծագործական մտածողությունից եւ քաղաքականության մեջ ոչ մի հետք չի թողնում: Նա ոչնչացնում է քաղաքականությունը, քաղաքական պայքարը եւ իրենով բնորոշում է տվյալ հասարակության ցածր քաղաքական մշակույթը: Հենց կոնֆորմիզմի թողած քաղաքական ավերակների վրա է բարձրանում պոպուլիզմի վառ դրոշը: Այնպես, ինչպես Հայաստանում է:
Նոր Հայաստանի ներքաղաքական զարգացումները դժվար է չափել քաղաքական հին գործիքներով. այստեղ ամեն ինչ նոր է. թե՛ իշխանությունները, թե՛ քաղաքական իրողությունները: Նոր Հայաստանում քաղաքականությանը (եթե, իհարկե, վերջին տասնամյակում այն եղել է) փոխարինելու են եկել քաղաքական տեխնոլոգիաները, նախկին իշխանության կողմից հանրային կարծիքի բացարձակ արհամարհմանը՝ նոր իշխանության ֆեյսբուքյան գրառումները եւ ուղիղ եթերը, հանրայնորեն մերժված իշխանությանը՝ պոպուլիստ իշխանությունը:

Հայաստանում քաղաքական հովվերգության համար ամեն ինչ առկա է՝ ապաքաղաքական ընդդիմություն եւ գաղափարազուրկ իշխանություն, բացարձակ միակուսակցականություն եւ  «միակ ընդդիմությունից» միակ իշխանություն դարձած առաջնորդ, իշխանության բացարձակ լեգիտիմություն եւ նույն իշխանության քաղաքական անտեղյակություն, կուսակցությունների բացակայություն եւ օրինական ընտրությունների անցկացում: 

Այս հովվերգությունը հենց այն է, ինչ 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում ընտրել է ՀՀ միջին վիճակագրական ընտրողը, որը 70+30 տոկոսով ընտրել է ապաքաղաքականությունը: Թեպետ, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացուն քաղաքական լուրջ առաջարկներ չեն էլ եղել: Ինչպես մի հսկա օդապարիկ՝ այս հովվերգական ապաքաղաքականությունն այժմ բարձրանում է Հայաստանի երկնքում՝  օրորելով հանրության ընդարմացած հատվածին, օդից ընկած իշխանություններին եւ շփոթահար ընդդիմությանը: Քաղաքական պոպուլիզմի եւ կոնֆորմիզմի տաք քամին այժմ բարձրացնում է այդ օդապարիկը,  սակայն ներքեւում տաք եւ կանչող ճահիճն է, դեպի ուր իջնելու է օդապարիկը:

Քաղաքական պոպուլիզմը եւ կոնֆորմիզմն այն մետաղյա աքցանն է, որը ճզմում է Նոր Հայաստանի պարանոցը՝ մեր երկիրը հրելով դեպի այդ քաղաքական ճահիճը: