Ե՛վ հաջողության, և՛ անհաջողության պատասխանատուն միայն էլիտաներն են լինում

Ե՛վ հաջողության, և՛ անհաջողության պատասխանատուն միայն էլիտաներն են լինում

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

 

    -Որո՞նք են թավշյա հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց Հայաստանում կատարված ամենաէական փոփոխությունները։

    -Առաջին մեծագույն նվաճումն այն է, որ հուսավառության ալիք բարձրացավ երկրում, և Քաղաքացին թոթափեց սեփական պետությունից օտարվածության հոգեբանական ավերիչ բեռը: Հաջորդ ոչ պակաս մեծ նվաճումը խորհրդարանական չկեղծված ընտրությունների անցկացումն էր: Սրանք թավշյա հեղափոխության ելքային այն արդյունքներն են, որոնք հիմնարար արժեքներ են պետականության համար: Եթե նկատեցիք, սրանցից ոչ մեկը նյութական չափումների դաշտից չէ, սակայն հենց այս փոփոխություններն են միայն ի զորու նյութական հաջողված փոփոխությունների հիմք դառնալ: Եվս որոշ ժամանակ այս բնագծի պահպանումն անշրջելի կդարձնի մեր երկրի զարգացման դրական ընթացքը, որի հիմքը դրվեց մեկ տարի առաջ:

    - Կառավարությունը հայտարարել է տնտեսական, մշակութային հեղափոխության մասին։ Որո՞նք են տնտեսական եւ մշակութային հեղափոխության նախադրյալները, ինչպե՞ս պետք է դրանք իրականացվեն, որպեսզի չարժանանան հանրային լուրջ դիմադրության։
 

  - Բոլոր կարգի հեղափոխությունները, այդ թվում՝ քաղաքական ու տնտեսական, ածանցվում են գիտակցության հեղափոխությունից, նոր, մրցունակ արժեքային համակարգի հաստատումից: Մեկուսի տնտեսական հեղափոխություն չի լինում, սակայն որի համար եղած նախադրյալներից ամենից կենսունակն անձամբ Վարչապետի հանդեպ եղած վստահության բարձր մակարդակն է: Եթե հաջողվի այդ վստահությունը ծառայեցնել հանրային գիտակցական հեղափոխության, ապա մենք մեր պատմության ամենապայծառ էջերից մեկը գրած կլինենք: Միայն այդ դեպքում է, որ հաջողելու ենք Կառավարության հռչակած տնտեսական և լայն առումով մշակութային հեղափոխությունը: Իսկ ոչ մի դրական բան հանրային որևէ դիմադրության չի արժանանալու: Մեր հանրության մասին ավելի բարձր կարծիք է պետք ունենալ. նա արժանի է դրան: Ե՛վ հաջողության, և՛ անհաջողության պատասխանատուն միայն էլիտաներն են լինում, որոնք արդիական նպատակասլաց քարոզչություն տանելու հնարավորություն և պարտք ունեն:  Եթե այդ դրականության մատուցումը հանրությանը չշարունակվի նույն ժամկետանց մեթոդաբանությամբ, ինչով նախորդ իշխանությունները հասցրին իրենց հեռանալը համազգային տոնախմբության վերածելու, ապա ոչ մի դիմադրության մտահոգություն պետք չէ ունենալ: Ինչ-որ պահից երևի կփոխվի, երևի կհասկացվի, թե՝ «Նոր գինին՝ նոր տակառներում» ավետարանական խոսքը չի կորցրել իր զորությունը, մանավանդ տակառի որակի մասով:

    -Ի՞նչ հուշեց Ձեզ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ստեղծված մթնոլորտը։

    - Դա ցավոտ խնդիր դարձավ, ըստ իս: Ցավալին ոչ թե այն է, որ, ինչպես «դասականը» կասեր, օրենքի տառին համապատասխան պահանջ էր ներկայացվել, այլ որ այդ պահանջը ներկայացնելու մեթոդոլոգիան ոչ այքան քաղաքակիրթ էր ու ոչ այնքան պետականավայել, և Վարչապետը ստիպված եղավ համակարգի և դրա պատասխանատուների փոխարեն պատասխաններ ու պարզաբանումներ տալ: Հուսամ՝ ժամանակի ընթացքում մեր պետությանը կհաջողվի գործուն համակարգ ստեղծել, թեև արդի արագությունների դարաշրջանում մեզ այնքան էլ անսպառ ժամանակ չի տրվելու:

    -Պե՞տք է, արդյոք, դատաիրավական համակարգում իրականացնել հեղափոխություն, թե՞ թավշյա լուծումներն էլ կարող են փոխել իրավիճակը։

    - Որպես պահպանողական, իհարկե, ես պարտավոր եմ ասել, թե թավշյա, էվոլյուցիոն ճանապարհն է ամենից լավը, սակայն դա անտրամաբանական է՝ ելնելով օրվա կենսական պահանջներից, ելնելով պատմությանը հայտնի հետհեղափոխական տրամաբանության օրինաչափությունից: Այստեղ ևս երբեմն անհրաժեշտ են հատու և արագ մոտեցումներ: Լավագույնը կլիներ, որ Վարչապետի հանդեպ վստահության բարձր ցուցանիշին հաջորդեր հենց դատաիրավական համակարգի հանդեպ վստահությունը: Պետությունների համար դա իշխանության կարևորագույն ճյուղ է. մշակութաբանական, արժեքային տեսանկյունից երբեմն այն առավել առաջնային է, քան գործադիր և օրենսդիր իշխանությունների հանդեպ վստահությունը: Դա ևս հոգևոր անվտանգության դաշտից է: