Եվրոպան հետաքրքրված է

Եվրոպան հետաքրքրված է
Նիկոլ Փաշինյան

Երեկ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով, ապա պատասխանել պատվիրակների հարցերին։ Այս պարագայում ոչ այնքան պատասխաններն են ուշագրավ, քանի որ մենք բազմիցս լսել ենք Նիկոլ Փաշինյանին եւ գիտենք, թե որ հարցում ինչ դիրքորոշում ունի նա, որքան հետաքրքիր են հարցերը։ ԵԽԽՎ պատվիրակներին հետաքրքրող հարցերը կարելի է խմբավորել մի քանի ուղղությամբ։ Բնականաբար՝ գլխավորը ղարաբաղյան խնդիրն է եւ հայ-ադրբեջանական բանակցությունները։

Բայց այս թեմայով հարցադրում անելիս նոր երանգ նկատվեց՝ հարցերից մեկում հնչեց այն միտքը, որ Ադրբեջանը չէ միակ տարածաշրջանային երկիրը, եւ Հայաստանը մյուս հարեւանների հետ էլ խնդիրներ ունի։ Հարցերի մյուս շրջանակը վերաբերում էր քրեական հետապնդումներին՝ հատկապես քաղաքական գործիչների նկատմամբ հարուցված։ «Որքանո՞վ է ապահովված արդարադատության անկախությունն այդ գործերում». հնչեց նման հարց։ Իսկ երբ հարց տվեցին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պայքարում կոռուպցիայի դեմ, եւ ինչպիսի արդյունքներ են արձանագրվել, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա գրավականն իշխանության գործունեության «թափանցիկությունն» է, եւ եվրոպացիներին պատմեց, որ «ընդամենը 10 օր առաջ իր մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ», ինչը վկայում է այն մասին, որ ինքն ու իր մերձավորները չեն կոռումպացվելու:

Եվս մեկ հարց էլ հնչեց ԼԳԲՏ համայնքի իրավունքների եւ անցած նոյեմբերին Երեւանում կայանալիք ԼԳԲՏ հանրության համաժողովի չեղարկման մասին։ Մեկ հարց էլ վերաբերում էր այն խնդրին, թե «ինչու է Հայաստանը շարունակ դեմ քվեարկում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային եւ Ղրիմի անեքսիային վերաբերող ՄԱԿ-ի բանաձեւերին»։ Հարցերից հասկանալի է դառնում Եվրոպայի հետաքրքրությունների վեկտորը։