Գրիշան երազում է ձի ունենալու մասին

Գրիշան երազում է ձի ունենալու մասին

Արցախ՝ Գանձասար, թեկուզ մեկ անգամ այցելած մարդիկ Գրիշային անհնար է չճանաչեն։ 2023-ի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված Գրիշան էլ է ժամանակավոր կացարան գտել` նա անորոշ ժամանակով բնակություն է հաստատել Երևանի Արցախի փողոցում` Էրեբունի վարչական շրջան, Արցախի փողոց 71/3 հասցե: Սա ինչ-որ գործարանային տարածք է։ Գրիշան ի ծնե մանկական ուղեղի կաթված է ստացել եւ հաշմանդամություն ունի։ 

Արցախում ապրելու տարիներին նա իր օրվա հացը վաստակել է Գանձասարի բակում` վանք այցելուներին իր ձին նստեցնելով, զվարճացնելով։ Այսօր նա հայտնվել է անորոշության մեջ։ Մինչ օրս ոչ մի պետական մարմին, կառույց, նրա խնդրով, կարիքներով չի զբաղվել, տարբեր տեղեր է դիմել օգնություն ստանալու համար, բայց ապարդյուն։ 

Նրա երազանքն է կրկին ձի ունենալ եւ ինչ որ եկեղեցու բակում շարունակել աշխատել` մարդկանց ձի վարել սովորեցնել, երեխաներին ձիու վրա նստեցնել, որի դիմաց մարդիկ գումար կտան` ինչպես Արցախում էր։ Այսօր նա անգամ օրվա սննդի գումար չի կարողանում հայթայթել և չգիտի, թե որքան ժամանակ թույլ կտան, որ բնակվի այդ գործարանային տարածքում, որտեղ բացակայում են կենցաղային տարրական պայմանները։ 

Գրիշան ունի սննդի, գումարի, բնակարանի կարիք: Նա ապրում է հիվանդ քրոջ հետ։ Գրիշային օգնելու ցանկություն ունեցողները կարող են զանգահարել՝ 097243360 հեռախոսահամարով։