2 հատ ձագ, գդալով «տվարոգ-սմետան» եմ տվել, Գուգոն տարավ սպանեց․ բնակիչն արտասվում է

2 հատ ձագ, գդալով «տվարոգ-սմետան» եմ տվել, Գուգոն տարավ սպանեց․ բնակիչն արտասվում է

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել բավականին էմոցիոնալ վիճակում գտնվող մի կին՝ Անժելա Հովսեփյանը, և պատմեց, որ Աթոյան անցուղու հարևանությամբ գտնվող փոքրիկ այգում 9 շան ձագ է պահել-մեծացրել։ 
Կինն արտասվելով պատմեց․ «Միայն իմանայիք՝ ինչ պատերազմների մեջ եմ մտել այդ կենդանասերների հետ և մեկ էլ՝ վդրուգ Գուգոն գալիս ա (շուն հավաքող)։ Ասում եմ՝ Գուգո՛, մի՛ տար, թող ձագերը մեծանան, ինքս անձամբ զանգելու եմ կանչեմ՝ տանեն ստերիլիզացնեն։ Սա կանգնած՝ բոլորին կարգադրում ա, վարորդ ունեն, որը նաև բռնող ա, շատ համեստ մի մարդ։ Մի խոսքով, գնաց, մի ձագին բռնեց, ասում եմ՝ Գուգո, մի՛ տար, մի տար, ասում եմ՝ դրան ուզող կա, համոզեց, թե՝ չէ, տանենք ստերիլիզացնենք, լավ, մաքուր կբերենք։ Էն բերելն ա, որ պտի բերեն։ Երկու ձագ․․․ Ու ինձ էլ Գուգոն գիտե՞ս ինչ ա ասում՝ ես ստեղ ձագ բերող չեմ, ուզում ա քաղաքապետն ասի։ Մեկ էլ իրենց հետ մի այլ ղեկավար էլ է գալիս, մի երիտասարդ շատ լավ տղա, էս տղի վրա մատ ա թափ տալիս, թե «նստի, նստի մաշնա»։

Տիկին Անժելան վերջին տասն օրը, եթե քաղաքապետարանում ու թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնում չի անցկացնում, անցկացնում է հեռախոսի մոտ՝ պահանջելով շան  ձագերին։

«Ո՞ւր ա, ո՞ւր ա, տասն օր ա՝ նստած եմ քաղաքապետարանի ականջին, ՊՈԱԿ-ում էլ եմ եղել, ասում եմ՝ ո՞ւր են ձագերը, ասում են՝ բա տիկին Անժելա, ստեղ չեն, արվել տարվել ա, ասում եմ՝ ո՞ւր են տարել, ո՞ւր են էդ փաստաթղթերը։ Ասում ա՝ մեզ մոտ դրանք 2-3 օր են մնում, հետո գնում են արխիվ։ Զանգում եմ, ասում եմ՝ գալիս եմ, անձամբ էդ փաստաթղթերը տալիս եք, որովետև դատարան եմ տալու։ Բա՝ չենք կարող տալ։ Ասում եմ՝ բիրկայի համարը տվեք, էնքան կենդանասեր կա, որ ոնց էլ լինի, մեկնումեկը կտեսնի, կբռնի, կբերի ինձ։ Կամ ինձ կծնգցնի, ես կգնամ, կբերեմ։ Ու էդ պահին ես ինձ էն տեսակ կորցրեցի, որ գազանային ձայներ հանեցի։ Էս որ մինչև հիմա հիշում եմ, թե ի՜նչ տեսակ էի բղավում»,- խոստովանում է կինը ու բացատրում․ «Գիտե՞ք ինչու, որովհետրև էրեխի նման պահել եմ, գդալով սմետան ու տվարոգ եմ ամեն մեկին տվել․․․ 9 հատ էին, որ մեկը չուտի, մյուսը մնա, էն մյուսն ուտի, էն մեկը մնա․․․Հատիկ-հատիկ։ Մեծացրել եմ, մյուս 7-ին կյանքի գնով տեղավորել եմ  մարդկանց տներում։ Ու տեսնեք՝ ինչ տեղեր են ընկել։ Ինչ տեղեր․․․ ու «կակոյ նիբուձ» Գուգո գա տանի՞․․․ հա՞»։

Ասենք, որ Անժելան տարածքում շների կյանքի ու առողջության համար պայքարել է մի մոմավաճառ կնոջ հետ միասին, որը տարածքում շուն հավաքողներ տեսնելուն պես՝ անմիջապես զանգահարել է Անժելային։

Խնդրի կապակցությամբ զրուցեցինք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանի հետ, որն ասաց, որ ոչ թե ձագեր, այլ ձագ է եղել։ «Ես չգիտեմ՝ էդ կնոջն ինչքանով եք ճանաչում, մենք շատ լավ ճանաչում ենք։ Նա ճիշտ է ասում՝ իր նշած տարածքից կենդանի վերցրել են։ Ինքը դեմ է եղել, մենք կապվել ենք, խոսել ենք, կոպիտ ասած՝ համոզել, որ տանեն, որովհետև կա տպավորություն, որ բնակչության շրջանում բոլորը համարում են, որ կենդանիներն իրենցն են։ Նա թույլ է տվել, կենդանիները տարվել են և տարածք հետ են վերադարձվել բացի մեկից, որը մեկ այլ տարածքում բաց թողնելու ընթացքում ոնց որ վանդակից փախել է։ Իրեն բացատրվել ա, որ էդ տարածքից, որտեղից փախել ա, էդ կենդանուն բռնեն հետ բերեն իրա ասած տարածք։ Բայց էդ կինը, կոպիտ ասած, ոչ մի կերպ չի հարմարվում, թղթեր ա ուզում, տվեք ինձ բիրկա, բայց էդ բիրկան շան վրա է, ի՞նչ տանք»։

Իսկ Անժելան, լսելով ՊՈԱԿ-ի փոխտնօրենի պատասխանը, ասաց․ «Ոչ, 2 ձագ ու, ոչ մեկն էլ չեն բերել։ Ուղղակի մեկը՝ ոնց որ երեկ, էն մեկը՝ երեկ չէ առաջին օրը, իսկ որ ասում է փախել է՝ ինձ չի հետաքրքրում, թող գտնի, բերի, տա ինձ»։

Մեկ այլ կենդանասեր ևս, որը ցանկացավ անհայտ մնալ, մեզ հետ զրույցում նշեց, որ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից շները հաճախ ոչ թե փախչում են, այլ բաց են թողնվում ոչ այն տեղում, որտեղից վերցվել են։ Հարությունն ի պատասխան ասաց, որ եթե շները տարածքում խնամողներ չեն ունենում, նրանք շատ  հաճախ տեղափոխվում են այլ տարածք։ Օրինակ՝ շանը թողած են եղել Էրեբունի վարչական տարածքում, որոշ ժամանակ նրան տեսնող է եղել Օպերայի մոտ կամ Սայաթ Նովա փողոցում։

Մեր զրուցակիցն ասաց, թե ՀՈԱԿ-ի անձնակազմի գործելաոճը, իրականացվող աշխատանքների մեթոդները, արդյունավետությունը և ստացված ցուցանիշներն անընդունելի են թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական տեսանկյունից։ Մասնավորապես, ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չեն պահպանվում կենդանու անզգայացման համար անհրաժեշտ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման կանոնները: Ասվեց, որ քանի որ սառնարան չի եղել, նախկինում բուժանձնակազմը տեղափոխել է դեղորայքը տուն, պահել իր սառնարանում, մյուս օրը հետ բերել։ Ըստ այդմ՝ նույնանման իրավիճակ է ստեղծվել նաև կատաղության դեմ պատվաստանյութի պահման և օգտագործման հարցում։ Ինչի հետևանքով կասկածի տակ է հայտնվում դեղորայքի ազդեցության արդյունավետությունը:

Կասկածելի է մինչ այս նման եղանակով կատաղության դեմ պատվաստում ստացած կենդանիների վրա պատվաստանյութի ազդեցությունը: Նշվեց, որ 4-րդ ամիս գործող ՀՈԱԿ-ում բացակայում է նույնիսկ կենդանիների քաշը որոշելու համար անհրաժեշտ տարրական կշեռք: Մինչդեռ, անզգայացման միջոցների ճիշտ չափաքանակ որոշելու համար անհրաժեշտ է ճշգրիտ տվյալներ ունենալ կենդանու քաշի մասին, ինչն առանց կշեռքի անհնար է: Կենդանաբույժը չափաքանակը որոշում է մոտավոր պատկերացումներով, ինչի հետևանքով էլ հաճախ կենդանին չի անզգայանում վիրահատության համար անհրաժեշտ աստիճանով, սկսում է լարվել, արտադրվում է ադրենալին։ Ցավի մասին, բնականաբար, չենք խոսում։ Թե՛ Էդգար Առաքելյանը, թե՛ նրա անմիջական ղեկավար Արմեն Բեգոյանը։

Հարությունն ի պատասխան ասաց, որ մեզ ճիշտ չեն ասել, ունեն թե՛ սառնարան, թե՛ կշեռք։ Ինչ վերաբերում է վատ անեսթեզիային, ասաց, որ ասողն ըստ ամենայնի չի պատկերացում, թե ինչի մասին է խոսում, ասաց, որ անլուրջ է Արմեն Բեգոյանը, որն ահավոր զայրացած է ու ուզում է դատի տալ աղբյուրին՝ նման տգիտություններ ասելու համար։

Սառնարանի մասով էլ պնդեց, որ նոր շենք տեղափոխվելուց հետո ունեցել են ոչ թե 1, այլ 3 սառնարան։ Մինչ այդ էլ գործել են Երևանի կենդանաբանական այգու տարածքում, որն ունեցել է սառնարան, ապա այլ վայր տեղափոխվելուց հետո մի քանի օր, այո, չեն ունեցել սառարան։ «Էդ դեղերն ամեն օր ֆիրման սառցե հատուկ տարաներով բերել է մեզ, երեկոյան հետ է վերադարձրել պահեստ։ Բայց դա եղել է մոտ 3 օր, որից հետո սառնարանները ձեռք են բերվել»։

Արմեն Բեգոյանն ասաց, որ սառնարանում պահվելու ենթակա դեղը մեկն է՝ կատաղության դեմ պատվաստանյութը, որ սառնարանից դուրս պահելու դեպքում ուղղակի փչանում է։

Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է․ «Թող բռնեն քաղաքի յուրաքանչյուր բիրկավորված շան, այդ վակցինան մեկ տարի արյան մեջ ցույց է տալիս։ Եթե վակցինան փչացած է եղել, ցույց է տալու, որ չի պարունակում։ Արյան մեջ կատաղության վակցինա։ Ինչի՞ մասին է խոսքը, էդ որ տգետն է նման բան ասել»։

Մեզ հայտնել էին նաև, թե եղել են դեպքեր, երբ լեշմանիոզ հիվանդության կասկածով կենդանին, ղեկավար կազմի որոշմամբ, վերադարձվել է փողոց: 

Հարությունյանն ասում է, թե նման բան չի կարող լինել, քանի որ այս հարուցիչի հայտնաբերման դեպքում շները քնեցվում են։

«Կարող եք մեզ մոտ տեսնել այդ կենդանիների իստորիաները, որ նման կենդանիները էֆթանազիայի ենթարկվելուց հետո դիակները ոչ թե թաղում են, այլ միանգամից այրման են գնում»,- ասաց ՀՈԱԿ-ի աշխատակիցը։

Միակ բանը, որում համաձայնեցին մեր աղբյուրն ու ՀՈԱԿ-ի աշխատակիցները, այն է, որ ծրագիրն արդյունավետ է գործում, եթե ստերջացման ծրագիրն ընդգրկում է քաղաքի շների 70 տոկոսը՝ առաջին տարում։ Սակայն նշվեց, թե օրական 2 շուն են բռնում։

Հարություն Առաքելյանն ասաց, որ իրենք էլ նախատեսել են 70 տոկոսանոց ստերջացում։ Ասաց, որ առաջին օրերին էլ իրենք 1-2 վիրահատություն էին իրականացնում, սակայն հիմա այդ թիվը հասցրել են օրական 20-25-ի կամ շաբաթական 110 կենդանու։ Իսկ այս տեմպերով, ՀՈԱԿ-ում հույս ունեն, որ բավականին մեծ թվի կհասցնեն մայրաքաղաքի ստերջացված շների քանակը։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի հրավերով Հայաստանում են  Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետները, որոնք ևս զբաղված են շներին ստերջացնելով։

Նա թիվ չի նշում՝ ասելով, որ ոչ ոք այս պահին չգիտի, թե Երևանում իրականում քանի շուն կա։ Իսկ մինչ այդ նշված հաշվարկները նա համարում է օդի մեջ հաշվարկներ։

Նշենք, որ Երևանում այսօր կա կենդանիներ հավաքողների 2 խումբ, որում կա 3-ական անդամ՝ 2 շուն հավաքող և մեկ քարտեզագրող-հսկիչ, որը գրանցում է կենդանու գտնվելու վայրը՝ հասցեն, նրա արտաքին նշանները և այլն։