Մելսն ինձնից արժանի է․ Ստեփան Զաքարյանը Ջաղինյանի տեղի համար չի դիմի

Մելսն ինձնից արժանի է․ Ստեփան Զաքարյանը Ջաղինյանի տեղի համար չի դիմի

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն այսօր «Հայաստանի Հանրապետություն» թերթում տեղադրել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարություն։ Այսինքն՝ առաջիկա 15 օրում Հայաստանի Հանրային ռադիոն կունենա գործադիր տնօրեն, ինչը մի փոքր տարօրինակ է, քանի որ Մարկ Գրիգորյանի հրաժարականից հետո, երբ ռադիոյի փաստացի ղեկավարը ֆինանսական գծով փոխտնօրենն է, քաջատեղյակ աղբյուրները վստահեցնում էին, որ նախ կլինի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի թափուր անդամի՝ (մարտի 4-ին Ջաղինյանի լիազորությունների ավարտին) մրցույթ, ապա՝ ռադիոյի տնօրենի մրցույթ։

Մանավանդ, որ Հայաստանի Հանրային ռադիոյի կանոնադրությամբ՝ կարող է մինչև 8 ամիս մրցույթ չհայտարարվել։ Բայց, ինչպես պարզվում է, Հանրային ռադիոյի տնօրեն ավելի շուտ է ընտրվելու՝ առաջիկա 15 օրերին։ Այսպես․ մրցույթի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի քարտուղարին թեկնածուները փաստաղթերը ներկայացնում են մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվամիջոցներով հայտարարությանը (այսօրվանից) հաջորդող տասն օրվա ընթացքում, բացառությամբ՝ շաբաթ-կիրակի օրերի, ժամը 11։00-ից 17։00-ն՝ ք, Երևան, Ալեք Մանուկյան 5 հասցեում, իսկ մրցույթի կազմակերպման ու անցկացման ժամանակավոր հանձնաժողովը մրցույթի մասնակիցների ներկայացրած փաստըաթղթերը ընդունելու վերջին օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է մրցույթի մանսակիցների վերաբերյալ փաստաթղթերը և որոշում է կայացնում՝ մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Անհրաժեշտության դեպքում, մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։ Դրա ժամանակ, ենթադրվում է, որ թեկնածուն կարող է ներկայացնել իր ծրագիրը։ Հարցին, թե ինչո՞ւ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, Հանրային ռադիոյի աշխատակիցը, ում անունն իր ցանկությամբ չենք նշում, ասաց՝ հնարավոր չէր ռադիոն այդքան ժամանակ անտեր թողնել։ Մրցույթին կարող է մասնակցել ՀՀ այն քաղաքացին, որը լրագրության, իրավագիտության և կամ հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում հեղինակավոր և որակյալ մասնագետ է, գիտության , մշակույթի և կամ արվեստի գործիչ, ունի բարձրագույն կրթություն և տիրապետում է հայոց լեզվին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ դիմում, անձանգրի պատճեն, բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն, մանրամասն ինքնակենսագրություն, մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր, գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ նրանց ցանկը, երկու 3/4 չափի լուսանկար։

Նշենք, որ Հանրային Ռադիոյի տնօրենի թեկնածուների թվում բազում անուններ են շրջանառում, այդ թվում՝ Մարկ Գրիգորյանի հրաժարականը պահանջող աշխատակիցների թվում՝ Տիգրան Հարությունյան, «Ռադիոլուր» լրատվականի նախկին ղեկավար Հռիփսիմե Առաքելյան, և վերջապես՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ստեփան Զաքարյան։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել։

Ի դեպ, Ստեփան Զաքարյանի անունը շրջանառում է նաև որպես Հանրային հեռուստառադիոնկերության խորհրդի նախագահի թեկնածու։ Այս մասին Ստեփան Զաքարյանն ասաց․ «Տեղյակ եմ, որ Մելսը («Ա1»-ի սեփականատեր Մեսրոպ Մովեսյանը) որոշել է դիմել, գտնում եմ, որ նա ինձնից արժանի է, ուստի չեմ դիմում։