Իսկ ո՞ւր է մնացած 20-30 միլիարդը

Իսկ ո՞ւր է մնացած 20-30 միլիարդը

2019 թվականի Երևանի համայնքային բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում։ Լրամշակված տարբերակում նշվում է, որ 2019 թվականին քաղաքային բյուջեում մոտ 10 միլիարդ դրամ ավել միջոցներ կլինեն․

«8 մլրդ դրամի ավելացում է ենթադրվում մեր՝ 2019 թվականի բյուջեում, և 2 մլրդ մենք ավելացում էինք պլանավորել հենց դեկտեմբերին հաստատվող բյուջեում։ Այսպիսով 2019 թվականին մայրաքաղաքի հոգսերին կուղղենք 10 միլիարդով ավելի միջոցենր, քան դա արվել էր 2018 թվականին և դրան նախորդող տարիներին»,- ասել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Քաղաքապետարանը նաև նշել էր, որ 20 տոկոսով կավելանա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, դրան կուղղվաի մոտ 1 միլիարդ դրամ։ Ավելացված բյուջեով քաղաքապետարանը նաև պատրաստվում է բարեկարգել փողոցներն ու ստորգետնյա հետիոտնային անցումները, վերականգնել անտառապատ գոտիներ և այլն։ Անշուշտ լավ է, որ մայրաքաղաքի բյուջեն ավելանալու է 10 միլիարդ դրամով, սակայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից սպասելիքները լրիվ այլ են, ու լրիվ այլ մասշտաբի։ 

2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում, երբ Փաշինյանը գլխավորում էր «Ելք» դաշինքի ցուցակը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածու էր, նշում էր, որ իրենց հաղթանակի պարագայում քաղաքային բյուջեն միանգամից կավելանա 30-40 միլիարդ դրամով, իսկ 15 հազարական  դրամ սոցիալական աջակցությունը, որը նա առաջարկում էր տրամադրել, եթե քաղաքացիները քվեարկեին առանց ընտրակաշառքի, ընդամենը այդ ավելացված գումարի 10 տոկոսը կկազմեր․

«Ընտրակաշառքով ընտրողների հնարավոր թիվը (եթե ընտրությանը մասնակցած բոլոր ընտրողները դիմում գրեն), եթե բազմապատկենք 15 հազար դրամով, ապա շուրջ 3 միլիարդ դրամ է կազմում, իսկ այդ 3 միլիարդ դրամը «Ելք»-ի խոստացած 30 միլիարդ լրացուցիչ մուտքերի ընդամենը 10 տոկոսն է։ Այս իմաստով շատ արդյունավետ է մոտ 3 միլիարդ ներդնել, որ քաղաքն այդքան ավել գումար ունենա», - ասել էր Փաշինյանը։ 

Փաստորեն, եթե նայենք թվերին, ապա ստացվում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը թերի է կատարել  քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը։