Թուրքիան չափն անցնում է

Թուրքիան չափն անցնում է

ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը: Արդեն բազմիցս հնչած նման կոդավորված հայտարարությունների իմաստը հետևյալն է. հայերը պետք է վերջնականապես լքեն տարածաշրջանը, եթե չեն ցանկանում մորթոտվել:

Հասկանալի է, սա ռեալպոլտիկ է, որը միայն Թուրքիայի խելքի բանը չէ: Այդպես են վարվել միշտ, մի քանի երկրների, օրինակ Ճապոնիայի նկատմամբ, 19-րդ դարում (երբ ամերիկյան նավատորմի ճնշմամբ՝ ճապոնացիները բացեցին իրենց սահմանները): Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո, երբ այլևս որևէ անձնավորություն չի կլարող լքել Արցախը, քանի դեռ չի անցել Բաքվի դատարաններով (այն էլ՝ եթե կարողանա ապացուցել, որ կոկորդիլոս չէ) նման բան հայտարարելը, նշանակում է, որ ինչ-որ ուժեր (թուրքերն ընդամենը բութ գործիք են) որոշել են, որ Հայաստանը պետք է լիկվիդացվի: «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը դա օպերացիայի պայմանական անվանումն է: Եթե, նույնիսկ, սա համարվի հիվանդագին երևակայության արդյունք, ապա այդ կարծիքին հանգածները թող բացատրեն, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե ՀՀ հարավը եթե ոչ օտարվի, ապա գոնե անցնի երրորդ ուժի վերահսկողության ներքո:

Հասկանալի է, որ միջազգային իրավունք ասածը չի վերաբերում Հայաստանին. Հայաստանը ոչ մի իրավունք չունի, ըստ որոշ ուժերի: Ընդհակառակը, Ադրբեջանն ու Թուրքիան, առանց որևէ խնդրի, կարող են իրենց զորքերի հանդիպում կազմակերպել Մեղրիում…

Հիմա, խնդիրը նրանում է, թե հայերս ինչպես ենք վերաբերում նման հեռանկարին: 
Մի բանն է աներկբա. իրեն հարգող, արժանապատվության գեթ չնչին նշույլ ունեցող որևէ ժողովուրդ, Արցախի հետ կատարվածից հետո, չէր համաձայնի, նույնիսկ միջազգային պրակտիկային համահունչ, թույլատրել մարդկանց և բեռների տարանցումը: Այնպես որ, «մեկ ազգ երկու պետությունը» կամ սիամական երկվորյակը կարող է առանձնապես հույսեր չփայփայել, իրենք Ռուբիկոնը վերջնականապես անցել են…անդառնալի: 
Հայ ժողովուրդը տարածքային, ահռելի ֆինանսական եւ բարոյական պահանջներ ունի թուրքերից ու նրանց կրտսեր եղբայրներից: Իսկ պատմությունը դեռ չի ավարտվել…

Գագիկ Վարդանյան