Բոլորդ էլ կգաք-կմասնակցեք, սա հո մենակ մեր երկիրը չի

Բոլորդ էլ կգաք-կմասնակցեք, սա հո մենակ մեր երկիրը չի

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու դավադիր նպատակների մասին դեռ 2018-ին ահազանգում էին ընդդիմությունը եւ հատուկենտ ողջախոհ մարդիկ, սակայն փաշինյանական իշխանությունը հայտարարում էր` ոչ մի թիզ հող չենք հանձնելու, «նոր պատերազմ, նոր տարածքներ», «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ էլ վարչապետ Փաշինյանը հայ ժողովրդին վստահեցնում էր` ոչ մի նոր զիջման չի գնալու, ինչ որ պատերազմով հանձնել են, բավական է, հիմա հայ ժողովուրդը մտնում է խաղաղության դարաշրջան` հողի համար այլեւս գեթ մեկ կաթիլ արյուն չի թափվելու, Արցախն էլ ԼՂԻՄ սահմաններում պահպանելու են: Մինչդեռ այսօր` անգամ Արցախի օկուպացումից հետո, ադրբեջանական կողմը չի դադարում կրակելը, սպանելը եւ Հայաստանին ուղղված սպառնալիքները, թե գրավելու եմ ամբողջ երկիրը: Արցախը ստանալուց հետո էլ պահանջում են Տավուշից մի հսկա տարածք, ոչ մի մետր չեն նահանջում իրենց գրաված տեղանքներից, իսկ թե վաղն ինչ է լինելու` անհայտ է: Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ընթացքում Ադրբեջանին հակադրվելու փոխարեն հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն, հետեւաբար դրանք ոչ թե հանձնում է Ադրբեջանին, այլ պարզապես վերադարձնում է տիրոջը: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Նոյեմբերյան խոշորացված համայնքի երկարամյա ղեկավար Արսեն Աղաբաբյանի հետ, ով ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով:

- Պարոն Աղաբաբյան, վերջին օրերին Բաքուն Նոյեմբերյանի գյուղերն է պահանջում, իսկ վարչապետ Փաշինյանն ասում է, որ դրանք երբեք հայկական չեն եղել: Ինչո՞ւ այս հայտարարություններին չեք արձագանքում:

- Երբ ժամանակը գա, կտեսնեք, իմ կարծիքը միշտ էլ հնչել է: Որ ժամանակը գա, կտեսնեք:

- Ո՞րն է ժամանակը, երբ արդեն հանձնեն վերջացնե՞ն:

- Ոչ մի բան էլ չեն կարա հանձնեն, ես չգիտեմ, թե ով է այդ հանձնողը, բայց ոչ մի բան էլ չեն կարա հանձնեն:

- Հանձնողը երկրի վարչապետն է, ով հանձնելու մեծ փորձ ունի արդեն: Հանձնել է Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճը….

- Չգիտեմ, բայց ինչը մերն է` մերն է, մենք մեր տարածքների տերն ենք, հանձնելու ոչ մի բան չկա:

- Դուք մշտապես Նոյեմբերյանո՞ւմ եք ապրել, այդտեղ երբեւէ եղե՞լ են ադրբեջանցիներ:

- Կոնկրետ Նոյեմբերյանի մեջ ոչ մի ադրբեջանցի չի եղել, դե իսկ գյուղերում եղել են: Գյուղեր կային, որ ադրբեջանցիներով էին բնակեցված, բայց ադրբեջանական չէին:

- Ո՞ր գյուղերում են ադրբեջանցիներ ապրել:

- Դե, դրանցից շատերն արդեն անվանափոխվել են, եղել է, օրինակ, Հոկտեմբեր անունով գյուղ` Վերին Հոկտեմբեր, Ներքին Հոկտեմբեր: Հիմա դրանք լրիվ անվանափոխվել են:

- Հիմա եթե Փաշինյանը որոշի ու հանձնի իր նշած չորս գյուղերը, ի՞նչ պետք է անեք:

- Դուք ո՞նց եք մտածում՝ ի՞նչ պետք է անենք: Ժամանակը կգա, կտեսնեք՝ ինչ է կատարվելու, հիմա ի՞նչ ասենք, հո ենթադրություններ չե՞նք անելու: Բոլորդ էլ կգաք կմասնակցեք, սա հո մենակ մեր երկիրը չի, բոլորն էլ պիտի դրան մասնակից լինեն: Այս հարցը միայն նոյեմբերյանցիների հարցը չէ, ամբողջ ՀՀ-ին է վերաբերում:

- Բայց վարչապետի կինն ասում է, որ Հայաստանում 12 հազար դասալիք կա:

- Ես չգիտեմ, չեմ հետեւում ոչ մեկին: Ես գիտեմ՝ ով եմ, ու իմ ուզածն ինչ է, ես ինչ եմ անելու: