Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը վեթթինգի ենթարկել․ Վանեցյան

Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը վեթթինգի ենթարկել․ Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակի հենց հաջորդ օրվանից սկսել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար, որի առաջնագծում եղել է Ագային անվտանգության ծառայությունը։

Հարցին, թե ԱԱԾ-ն որևէ ուսումնասիրություն կատարո՞ւմ է դատավորների շրջանում, արդյոք դոսյեներ ունի՞, Վանեցյանն ասաց․ «Դոսյե ԱԱԾ-ում չկա։ Տվյալ դեպքում  ԱԱԾ-ն իրականացնում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, կլինի այդ անձը դատավոր, դատախազ, ԱԱԾ-ական, շարքային քաղաքացի, թե նախարար, որևէ կապ չունի»։

Անդրադառնալով վեթթինգ իրականացնելու մասին հարցին՝ Արթուր Վանեցյանն ասաց․ «Անկեղծ ասած չգիտեմ`օրե՞նք, թե՞ որոշում է լինելու վեթինգի վերաբերյալ: Լինելուց հետո, երբ հստակ նշված կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ինչպես ենք մենք պատկերացնում այն, եթե ԱԱԾ-ն այդ գործընթացում կունենա իր անելիքները, ԱԱԾ-ն միանշանակ կիրականացնի իր անելիքները»։
Իսկ միայն դատավորնե՞րը պետք է վեթթինգի ենթարկվեն։

«Ես անհրաժեշտություն եմ տեսնում առհասարակ ամբողջ պետական համակարգը վեթթինգի ենթարկել, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որևէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության և այլնի վերաբերյալ: Պետք է անել ամեն ինչ։ Դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, հասարակության շրջանում պետք է կասկածները փարատվեն»,-ասաց ԱԱԾ տնօրենը։