Քոչարյանի գործով շիլաշփոթ է առաջացել

Քոչարյանի գործով շիլաշփոթ է առաջացել
Արամ Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը միջդատարանական շիլաշփոթի առջեւ է կանգնեցրել կողմերին, հատկապես՝ Քոչարյանի պաշտպանական խմբին։ Նրանք հայտնվել են մի իրավիճակում, որն իրավական առումով աննախադեպ է ու անհասկանալի՝ լի հակասական դրվագներով։ Նախ՝ միանգամից մի քանի գործ է ուղարկվել Սահմանադրական դատարան՝ քննության, դրանց մի մասը ՍԴ-ն վարույթ է ընդունել, մի մասը՝ մերժել։ Ընդ որում՝ ՍԴ է դիմել ոչ միայն Քոչարյանի պաշտպանական թիմը, այլեւ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։ Մասնավորապես, մայիսի 20-ին գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց կասեցնել քրեական գործի վարույթը եւ այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Դրանից հետո դատախազությունը՝  իր հերթին, Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, այժմ իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն էլ՝ իր հերթին, վերաքննիչ բողոք ներկայացրին՝ խնդրելով բեկանել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու եւ քրգործի վարույթը կասեցնելու ու այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումները։ Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքը՝ բեկանելով Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի որոշումը, ու քրեական գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։ Ու թեեւ դատարանը կարող էր որոշել, որ կալանքն անմիջապես չկիրառվի, այլ վճռաբեկ բողոքարկելու ժամկետ տրամադրեր կողմերին, սակայն որոշվեց, որ վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եւ Քոչարյանը կալանավորվեց։ 

Բայց Սահմանադրական դատարանը որոշել է առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը նախնական ուսումնասիրել հուլիսի 9-ին։ Այսինքն՝ մի կողմից վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին ատյանի՝ ՍԴ դիմելու որոշումը եւ գործը հետ ուղարկում նույն դատարան, մյուս կողմից ՍԴ-ն հայտարարում է, որ առաջին ատյանի դիմումը կուսումնասիրեն հուլիսի 9-ին։

Բայց Քոչարյանի գործով միայն այս դրվագը չէ, որ ՍԴ տիրույթում է։ Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին է դիմել ՍԴ, մի քանի դրվագով՝ «քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու», «300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու» եւ «300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։ Այս երեքից առաջին երկուսը ՍԴ-ն ընդունել է վարույթ եւ դատաքննության օր նշանակել 2019 թվականի օգոստոսի 29-ը։ Իսկ երրորդ կետով՝ որոշել 300 հոդվածի սահմանադրականության հարցը, այսինքն՝ որքանով է կիրառելի սահմանադրական կարգի տապալման հոդվածը, ՍԴ-ն մերժել է ընդունել վարույթ։

ՍԴ-ն մերժել է նաեւ «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի եւ 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանն այս թնջուկի մասին ասաց․ «Առաջին անգամ է, երբ որ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկվել ու հերիք չէ՝ նաեւ բեկանվել է։ Պարզ չէ՝ ինչ է լինելու։ Ամսի 9-ին կիմանանք»։ Նա չցանկացավ ո՛չ գուշակել, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի ամսի 9-ին, ո՛չ էլ գնահատական տալ վերաքննիչ դատարանի որոշմանը, քանզի այն դեռ չի ստացել, թեպետ պետք է երեկ արդեն ստացած լիներ։