Ռոմանտիկ ծրագրեր

Ռոմանտիկ ծրագրեր

Արդեն հայտարարվել է, որ հեղափոխության հաջորդ փուլը դատական համակարգում հեղափոխությունն է, եւ դրան ուղղված գործուն քայլեր ձեռնարկվեցին օրեր առաջ։ Նախ դատարանների դռներն արգելափակվեցին, ապա հայտարարեցին դատական ռեֆորմ իրականացնելու մասին, որի բաղկացուցիչը վեթթինգ կոչված գործընթացն է։ Հետո հաջորդեցին Բարձրագույն դատական խորհրդի հրաժարականները, քանի որ, որպես վեթթինգ իրականացնող մարմին, նախանշվում է ԲԴԽ-ն։

Ապա Սահմանադրական դատարանին «թարմ արյուն» ներարկելու նպատակով Վահե Գրիգորյանին ՍԴ գործուղեցին։ Երեկ էլ արդարադատության երիտասարդ ու վստահելի նախարար նշանակվեց, որը, ենթադրվում է՝ դատաիրավական ոլորտի գլխավոր ռեֆորմատորը պետք է լինի։ Թվում է՝ դատական ռեֆորմը եւ մասնավորապես դատական համակարգի զտումը թափով առաջ են ընթանում․ այս քայլերը հենց դրա մասին են վկայում։ Բայց դա՝ միայն համակարգից անտեղյակ մարդկանց աչքով։

Իրականում ռեֆորմն ու վեթթինգը չեն սկսվել եւ չեն էլ կարող առաջիկայում սկսվել։ Ինչո՞ւ։ Նախ՝ այն պատճառով, որ վեթթինգի համար օրենսդրական լուրջ հիմք է հարկավոր, եւ որքան էլ ոմանք հայտարարեն, որ դա կարելի է անել առանց սահմանադրական փոփոխությունների, մասնագետները պնդում են, որ անհնարին է։ Եվ երկրորդ լուրջ պատճառը կադրերն են։

Ասենք թե «զտեցին» դատական համակարգը եւ ազատվեցին Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակ նշանակված դատավորներից, ո՞ւմ են նշանակելու նրանց փոխարեն։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այսօր յուրաքանչյուր դատավորի վարույթում կա մոտ 1500 գործ, պարզ կդառնա, որ նրանցից անգամ մի քանիսին հեռացնելը կարող է երկիրը գցել իրավական կոլապսի մեջ՝ գործեր կհետաձգվեն, նորերը կարող է գլուխ չհանեն, իսկ մարդիկ առանց այն էլ տարիներով սպասում են վճիռների ուժի մեջ մտնելուն։