Գրպանահատների ժամանակը

Գրպանահատների ժամանակը

Շարքային քաղաքացու գրպանը մտնելը նոր երեւույթ չէ․ նախկին իշխանությունն էլ, երբ սկսեց բյուջե հավաքագրելու դժվարություններ ունենալ, տնտեսությունն էլ անհրաժեշտ եկամուտներ չէր ապահովում, սկսեց մտածել, թե ինչ լրացուցիչ աղբյուրներ կան բյուջեն լցնելու։

Հենց այդ նպատակով էլ Հայաստանում հանկարծ մեծ թվով տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրելու «անհրաժեշտություն» ծագեց՝ իբր վթարները կանխելու ազնիվ ձգտումից ելնելով։ Ապա պարզվեց, որ ամբողջ աշխարհում կարմիր գծերի գաղափարն է գործում, եւ ավտոմեքենա կայանելը մեր երկրում դարձավ վճարովի։ Իսկ շարքային քաղաքացու գրպանը մտնելու մյուս դրսեւորումներին ավելի վաղ էինք հաշտվել՝ սարերից եկող խմելու եւ ոռոգման ջրի վրա աստղաբաշխական թվեր էին դրվել, բանկերից, ժէկ-երից տեղեկանք վերցնելը, քաղաքապետարանում նախագիծ հաստատելը, դատարաններում ու ԴԱՀԿ-ում չնչին գործ ունենալը վաղուց էին դարձել մեծ ծախսերի հետ կապված գործեր։ Ինչպես երեխային մանկապարտեզ, դպրոց, առավել եւս բարձրագույն կրթության տալը։

Իսկ մարդկանց եկամուտներն այդ ընթացքում բացարձակապես չէին ավելանում։ Այս ծածուկ ու ափաշկարա թալանն էր նաեւ պատճառը, որ մարդկանց 2018-ի ապրիլին հանեց իրենց տներից եւ ստիպեց, որ ընդվզեն իրենց գրպանը մտնող իշխանությունների դեմ։ Դանակը ոսկորին էր հասել, համբերության բաժակը լցվել էր։ Թվում էր՝ կարմիր գծերն ու արագաչափերը հեղափոխության շնորհիվ պետք է գրողի ծոցն անցնեին, իսկ ժողովրդի գրպանը մտնելը, որպես կառավարման մեթոդ, իսպառ վերանար մեզանում։ Բայց պարզվեց՝ ընդամենը մեկ տարի անց մեր իսկ ջանքերով իշխանության եկած երիտասարդները ժողովրդի գրպանը մտնելու նոր մեթոդներ են որոնում՝ հիմա էլ որոշել են գույքահարկը բարձրացնել եւ մարդկանց օրինական սեփականությունից բյուջե լցնել։