Կոնվերս բանկի կառավարչի տեղակալը խարդախությամբ խլել է հաճախորդի տո՞ւնը

Կոնվերս բանկի կառավարչի տեղակալը խարդախությամբ խլել է հաճախորդի տո՞ւնը

Անցյալ շաբաթ Քաջարանում բնակվող Սվետլանա Ալեքսանյանը եկել էր «Հրապարակ», քանի որ որոշել է «լացացնել» իր թոռնիկներին գիշերով, ձմռան ցրտին փողոց նետած բանկի աշխատողին։ Խոսքը Կոնվերս բանկի մասին է, որի կառավարչի տեղակալ Գոհար Հարությունյանը, ըստ Սվետլանայի, ապօրինի կերպով խլել է իր գրավադրված բնակարանը եւ վաճառել այն՝ կիրառելով խարդախության հնարամիտ սխեմա։ 

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ից Սվետլանան 13 թվականին վերցրել է գումար, որի դիմաց գրավադրել է Թոթովենցի փողոցում գտնվող իր եւ ամուսնու բնակարանը: Այս բնակարանում ապրում էր Սվետլանայի դուստրը՝ ամուսնու, 3 երեխայի եւ սկեսրոջ հետ։ Քաջարանցի կինը պատմում է, որ 2017-ին բանկում կազմել են անշարժ գույքի բռնագանձման 3 կեղծ ծանուցում, որոնք ինքն իրականում չի ստացել, ապա շուկայական արժեքից բավականին ցածր՝ 5 մլն 671 հազար դրամով բնակարանը վաճառել են Գոհար Հարությունյանի ենթակայության տակ աշխատող Գասպար Թադեւոսյանին, վերջինս իր հերթին 20.12.2017թ․ բնակարանը վաճառել է Կարեն Տերտերյանին՝ ընդամենը 12 մլն դրամով, նա էլ իր հերթին է վաճառել նույն բնակարանը՝ արդեն 15 մլն դրամով։ Վերջին տերը Շողիկ Լեւոնյանն է։ Ամենացնցողն այն է, որ այն ամբողջ ընթացքում, երբ իր բնակարանը վաճառվել-վերավաճառվելիս է եղել, Սվետլանան, որն անտեղյակ է եղել այս գործընթացից, շարունակել է ջանասիրաբար մարել վարկը։ «Իմանալով, թե ինչ է կատարվում, ներկայացա բանկ եւ խնդրեցի միջոցներ ձեռնարկել՝ բնակարանը հետ բերելու համար: Բանկում բոլոր խոսակցությունները տեղի են ունեցել Գոհար Հարությունյանի նախաձեռնությամբ՝ բանկում եւ բանկի աշխատողների մասնակցությամբ: Նրանք ինձ ասացին, որ գնորդի հետ խոսել ենք, նա 14 հազար ԱՄՆ դոլարի հետ համաձայնել է, որ այդքան գումար բերեմ, ու բնակարանը հետ կվերադարձնեն ինձ»,- պատմում է Սվետլանան։

Գնորդը, ըստ նրա, եղել է բանկի աշխատող Գասպար Թադեւոսյանը, որն այդ զրույցի ժամանակ ներկա է եղել, թեեւ նա՝ որպես բանկի աշխատող, իրավունք չունի գրավադրված բնակարանների իրացմանը մասնակցել։ Քաջարանցի կինը տարել է պահանջված գումարը, բայց բանկը փոխել է որոշումը, իսկ  ոստիկանները Սվետլանայի դստեր ընտանիքին փողոց են շպրտել։ «Դեկտեմբերի 7-ն էր, գնացի տուն, տեսա՝ թոռնիկներս դրսում, ցրտին իրերի վրա նստած՝ լաց են լինում։ Գոհարը պատասխանելու է իմ թոռների արցունքի համար»,- ասում է վիրավորված կինը։ Վստահեցնում է նաեւ, որ վտարողներն իր հետ կապի մեջ են մտել,  առաջարկել 3 մլն դրամ օգնություն՝ պայմանով, որ բողոք չներկայացնի։ Բայց Սվետլանան դիմել է դատախազություն։ Քրեական գործ է բացվել, հետո գործը մասնատվել է, այնուհետեւ՝ կարճվել։ Սվետլանան դիմել է դատարան, բայց կարծում է, որ դատարանը քննչական մարմնից արդար չի գտնվի։ Նրա բողոքն այժմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ձեռքին է։ «Կարծում եմ՝ Գոհարն այնքան հզոր չի գտնվի, որ Էդմոնի վրա էլ ազդի»,- հույս ունի կինը։ 

Կոնվերս բանկի կառավարչի տեղակալ Գոհար Հարությունյանը կտրականապես հրաժարվեց «Հրապարակի» հարցերին պատասխանելուց։ Մենք նրան հասցրինք միայն հայտնել, որ Սվետլանա Ալեքսանյանն իրեն մեղադրում է խարդախությամբ իր բնակարանը խլելու, նաեւ այլ տներ ձեռք բերելու մեջ։ Լսելով Սվետլանայի անունը՝ կառավարչի տեղակալը կոպտորեն ընդհատեց մեր խոսակցությունը, ասելով․ «Դիմեք Կոնվերս բանկի PR բաժին»։ Իսկ երբ առարկեցինք, որ խոսքը ոչ թե բանկի, այլ կոնկրետ իր գործողությունների մասին է, անջատեց հեռախոսը։ Պատրաստ ենք լսել Կոնվերս բանկի տեսակետը հարցի շուրջ, թե ինչ փաստաթղթեր է ներկայացրել քննչական մարմիններ եւ քանի գրավադրված բնակարան է բանկն իրացրել իր աշխատակիցների միջոցով։