Եթե Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ապա ինչո՞ւ է օլիգարխ

Եթե Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ապա ինչո՞ւ է օլիգարխ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հրապարակ է նետել Ծառուկյանի՝ օլիգարխ լինել-չլինելու, պատգամավորական մանդատի օրինականության հարցը։ Կասկածներ կան, որ դա իշխանության նախաձեռնությունն է, ուղղակի չեն կարողանում իրենց դեմքով ու բացահայտ անել, անում են արբանյակների միջոցով, որ իշխանությունը հայտարարի՝ քաղաքական ուժը դիմել է դատախազություն, թող իրավապահները որոշեն։ Եվ իրավապահ համակարգը՝ բանուգործը թողած, պիտի զբաղվի այդ դիմումով։ Իհարկե, Գագիկ Ծառուկյանը հազար տարվա օլիգարխ է՝ բառի ամենադասական իմաստով, բայց դա չէ հարցը, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ հենց այդ օլիգարխի աջակցությամբ է վարչապետ դարձել եւ այդ ժամանակ էլ տվել է «Գագիկ Ծառուկյան» հասկացության սահմանումը՝ որ նա խոշոր սեփականատեր է, ոչ թե օլիգարխ։

Հիմա ի՞նչն են վիճարկում կամ ինչո՞ւ են հենց հիմա հիշել, որ Ծառուկյանն այդքան էլ խոշոր սեփականատեր չէ, այլ ավելի շատ օլիգարխ-պատգամավորի է ձգում։ Այս հարցին «Իմ քայլի» պատգամավորները չկարողացան սպառիչ պատասխան տալ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը որոշեց սահմանել, թե ինչ ասել է օլիգարխ՝ դրանով հարցը «ցրելով» իր վրայից։
«Դուք ի՞նչ եք հասկանում «օլիգարխ» ասելով, «օլիգարխ» բառի սահմանումը Դուք ունե՞ք»,- հարցին հարցով պատասխանեց նա, ապա ասաց, թե ինքն ինչ է հասկանում «օլիգարխ» ասելով․ «Դա առանձին ուժերի կողմից մեկնաբանվող եզրույթ չէ։ Այդ եզրույթն ունի հստակ սահմանում, որը նշանակում է իշխանության եւ բիզնեսի սերտաճում»։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ էր, երբ ասում էր՝ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, թե՞ սխալ։ «Ես այդ հարցին արդեն պատասխանեցի»,- հարցին չպատասխանեց տիկին Մակունցը։

Նույն խմբակցության պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանը, սակայն, մի քիչ այլ պատկերացում ունի «օլիգարխ» հասկացության վերաբերյալ։ Նա նախ Ծառուկյանի մասով ասաց, որ վերջինս «խոշոր սեփականատեր է երեւի»։ Հիմա, եթե խոշոր սեփականատեր է, այդ դեպքում ի՞նչ հարց կա վիճելի։ «Դե, եթե պարզվի, որ խոշոր սեփականատեր ա, ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա։

Բայց վարչապետն արդեն ասել է, որ նա խոշոր սեփականատեր է, հիմա վիճարկո՞ւմ են նրա ասածը։ «Եթե կա ինչ-որ մի հատ ուժ, որ Գագիկ Ծառուկյանի գործողությունների մեջ ինչ-որ այլ բան ա տեսել ու դա բարձրաձայնել ա, այո, դա պետք է նույնպես քննարկվի»,-ասաց նա, ապա հավելեց․ «Իմ կարծիքով, էս պահին, համենայնդեպս, խոշոր սեփականատեր ա, մինչեւ էս գործընթացները կշարունակվեն, կտեսնենք»։

Իսկ ո՞րն է «օլիգարխ»-ի սահմանումը։ «Թերեւս, ինչքան գիտեմ, հարկերը չվճարելով՝ հարստանալ եւ այդ պահի դրությամբ նույնպես հարկերը չվճարելով՝ կուտակել հարստություն»,-«օլիգարխ»-ի սեփական բանաձեւը սահմանեց Հրաչյա Հակոբյանը։

Ծառուկյանի հետ վերջերս ցեմենտի թեմայով «բոյի» մեջ մտած ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ երկար մտածեց, մինչեւ տրամադրվեց պատասխանել մեր պարզ հարցին՝ Գագիկ Ծառուկյանն օլիգա՞րխ է, թե՞ խոշոր սեփականատեր։ «Եթե ասեք՝ «օլիգարխ»-ի որ սահմանումը նկատի ունեք, կասեմ»,-ասաց նա։
Հիշեցրինք, որ «օլիգարխ» հասկացությունը Լիլիթ Մակունցը, օրինակ, այսպես սահմանեց՝ նա, ով սերտաճած է իշխանության ու բիզնեսի հետ։ «Եթե օլիգարխն էն մարդն ա, որը որ ունի մեծ ֆինանսական լծակներ եւ իշխանության մեջ ու իշխանության որոշումների վրա ազդում ա, ուրեմն Գագիկ Ծառուկյանն էդ չափանիշներով օլիգարխ չի»,-ասաց Թունյանը։ Բայց Փաշինյանն ասել է՝ նա խոշոր սեփականատեր է, հիմա ի՞նչն են վիճարկում։ Թունյանն ասաց՝ հարցն օլիգարխ լինել-չլինելը չէ, այլ այն, թե որքանով են Ծառուկյանի սեփականության շահերն ու պատգամավորական գործունեությունը համընկնում։

Վարչապետի նախկին օգնական, այժմ իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարցը գցեց իրավապահների դաշտը։ «Հաշվի առնելով, որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում կատարվածի վերաբերյալ՝ Ազգային ժողովում նրա ունեցած ելույթի, որին հետեւեց ՔՈ կուսակցության գրավոր նամակն ԱԺ նախագահին, ԱԺ նախագահի պատասխանը, Ծառուկյանի պատասխանը, ՀՔԾ-ում պրոցեսի ավարտից հետո մանրամասն կարող ենք խոսել»,- ասաց Արեն Մկրտչյանը։

Այդուհանդերձ՝ ինքը խնդի՞ր է տեսնում Ծառուկյանի հայտարարությունների մեջ, որտեղ վերջինս խոսում է ցեմենտի ոլորտում իր բիզնեսներից։ Իսկ երբ Ծառուկյանը դրանից ավելի վաղ էր խոսում իր բիզնեսներից, ներդրումներից, այդ ժամանակ ինչո՞ւ խնդիր չէին տեսնում, Մկրտչյանն ասաց․ «Խնդիրն այն է, որ նախկինում նշվում էր, որ հավատարմագրային կառավարման են անցնում իր նախկին բիզնեսները, այսպես ասած, բայց ամբիոնից հնչած հայտարարությունները կարծես խոսում էին այլ բանի մասին։ Եվ այդ «կարծեսը» ճշտելու համար էլ հենց ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում»։

Օլիգարխի դասական սահմանումը խնդրեցինք տալ Ծառուկյանի կողմից «կլասիկ քաղաքական գործիչ» որակված պատգամավոր Էդմոն Մարուքյանին։ «Դա ինչ-որ գրքային սահմանման բան չի։ Իմ պատկերացմամբ՝ օլիգարխը, օլիգարխիան այն է, որն ունի ֆինանսական եւ քաղաքական մեծ կշիռ եւ իր քաղաքական կշիռն օգտագործում է իր ֆինանսական կարողությունները մեծացնելու համար»,- սահմանեց Մարուքյանը։ Ինչպես Գագիկ Ծառուկյա՞նը։ «Գագիկ Ծառուկյանը մինչեւ հեղափոխությունը բոլոր ընդդիմությունների կողմից անվանվել է որպես օլիգարխ։ Հետո Նիկոլ Փաշինյանն էդ բառը փոխարինեց «խոշոր սեփականատեր»-ով, եւ հիմա էստեղ շահարկվում է մանդատի հարցը։ Ես կարծում եմ, եթե նման հարց կար, ապա չպետք է նա գնար Ծառուկյանի հետ մայնինգ ֆերմայի բացման եւ էնտեղ հարցազրույց տար ու ասեր, որ նա խոշոր սեփականատեր է»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ դրանից հետո էլ պետք չէր ռեւերս անել ու շեղվել սկզբունքներից։ Մարուքյանը, ի դեպ, չի հավատում, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու պրոցես կսկսվի, կարծում է՝ նման քաղաքական կամք չկա։