Իշխանությունն ինքն է ապալեգիտիմացնում այս խորհրդարանը

Իշխանությունն ինքն է ապալեգիտիմացնում այս խորհրդարանը

Քրեական ենթամշակույթի՝ օրենքով գողերի, գողականների դեմ պայքարի դուրս եկած իշխանությունը, ցավալիորեն, ինքն է այդ ենթամշակույթի հոգեբանության կրողը, ինչի արդյունքն օրեր շարունակ խորհրդարանական կաթվածահար եղած աշխատանքներն են։ Երեկ էլ Ազգային ժողովում մոտ երկու ժամ շարունակ ընդդիմությունն ու իշխանությունը «ռազբորկա» էին անում թվացյալ անցած թեմաների, մասնավորապես, Քննիչ հանձնաժողովը տապալելու շուրջ։ Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, կողմերից յուրաքանչյուրն ուզում էր վերջին խոսքն ինքն ասել։ Իշխանական պատգամավորներից Լուլուի ելույթից էլ պարզ դարձավ, թե ինչու իշխանությունն ինչ-որ պահից կանգ չի առնում եւ բոլոր ելույթներին անխտիր «աբառոտկա է ֆռռում»։ «Դուք ուզում եք մեզ վիրավորեք, ձայն չհանենք, մեզ դաստիարակեք, մենք չպատասխանենք, ձայն չհանենք, որ հետո գնաք էստեղ-էնտեղ ասեք՝ տեսա՞ք ինչ արեցինք»,- հայտարարեց իմքայլական Լուսինե Բադալյանը։ Աղմկահարույց հայտարարություններով հայտնի այս պատգամավորի հերթական ելույթը նույնպես զերծ չմնաց սկանդալներից։ Նա խորհրդարանական ընդդիմությանը քողարկված մեղադրեց ՀՀԿ-ի հետ դավադրություն ծրագրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում. «ԱԺ-ն լուծարելու մասին են այսօր խոսում եւ ակնարկում՝ էլի ընդդիմությունից: Նման նպատակներ ունի նաեւ ՀՀԿ-ն, որը բացահայտ խոսում է այդ մասին անընդհատ: Արդյոք սա ինձ թույլ տալի՞ս է մտածելու որոշակի դավադրության եւ համաձայնության մասին: Ունեմ իրավունք այդպես մտածելու, հուսամ՝ կհերքեք»: 

Նիստերի դահլիճում երեկվա ակտիվ ելույթ ունեցող ընդդիմադիրներից ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ արձագանքել իշխանական գործընկերոջ մեղադրանքներին մի պարզ պատճառով, որ իրենք արտահերթ ընտրություններից չեն խոսել։ ԼՀԿ-ական Անի Սամսոնյանն էլ պարզաբանեց՝ իրեն լրագրողներն են հարց տվել, ինքն էլ անդրադարձել է թեմային, ընդ որում՝ ասել է, որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը․ «Ես հստակ ասել եմ, որ չի կարող 2018 թվականից հետո ժողովրդավարական ընտրություններով ձեւավորված խորհրդարանի պարագայում խոսել արտահերթ ընտրությունների մասին՝ այն դեպքում, երբ երկիրը թեւակոխել է զարգացման փուլ, եւ քաղաքական այդ վայրիվերումները խիստ նպաստելու են երկրի զարգացմանը։ Ասել եմ նաեւ, որ արտախորհրդարանական ուժերը կուզեն արտահերթ ընտրություններ, դա բնական է, որովհետեւ իրենք չեն հայտնվել խորհրդարանում, իսկ խորհրդարանականները, ովքեր այսօր բնականոն ռեժիմով աշխատում են, չեն ցանկանա արտահերթ ընտրություններ, որովհետեւ ունեն առաջիկա հինգ տարվա համար կազմած ծրագրեր, ռազմավարություն։ Եվ, ինչ է, մենք ամեն տարի պետք է ընտրությո՞ւն անենք»։

Անի Սամսոնյանի համար անհասկանալի են Լուսինե Բադալյանի հանիրավի մեղադրանքները։ «Մեր իշխանական գործընկերը երեւի շատ է լսում Հանրապետական կուսակցության անդամների հարցազրույցները եւ փորձում է դա պրոյեկտել խորհրդարանական գործընկերների վրա։ Ես պարզապես խորհուրդ կտամ այդ մարդկանց ուշադիր լինել եւ արտահերթ ընտրությունների մասին խոսելիս նկատի ունենալ, որ հենց իրենք՝ իշխանականներն են իրենց հայտարարություններով ապալեգիտիմացնում այս խորհրդարանը եւ տանում նման զարգացումների՝ արտահերթ ընտրությունների,- ասաց Սամսոնյանը՝ պարզաբանելով։- Երբ ասում են՝ մեր սիրտն ընդդիմություն է ուզում, ընդդիմություն չկա այս խորհրդարանում, եւ մենք ընդդիմություն ենք ուզում»։ Ի դեպ, երեկ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ խորհրդարանական ընդդիմության բռնկուն պահվածքին եւ իշխանություններին նրանց կողմից ուղղված մեղադրանքներին տվեց իր բացատրությունը, ասաց․ քանի որ «Իմ քայլը» կատարում է ընդդիմության գործառույթները, վերջիններիս խոսելու բան չի մնում ու ստիպված իշխանությանն են մեղադրում․ «Ո՞նց կարող է իշխանությունը կատարել ընդդիմության դերը, դա քաղաքագիտական աբսուրդ է, եւ ես չեմ էլ ուզում անդրադառնալ։ Եթե իրենք ե՛ւ իշխանության գործառույթներն են ուզում վերցնել, ե՛ւ ընդդիմության, թող ասեն, բայց ինչպե՞ս կարող է ամեն ինչ լինել՝ ե՛ւ ընդդիմություն, ե՛ւ իշխանություն։ Մեր գործընկերները մեզ չհիմնավորված մեղադրում եմ ամեն հարցում, բայց քանի որ չեն ապացուցում ու  հիմնավորում, դրանում է իրենց անլրջությունն ու անմեղսունակությունը»։