Սուպերկուրյոզ կամ` իշխանափոխություն հայկական ձևով

Սուպերկուրյոզ կամ` իշխանափոխություն հայկական ձևով

Անցնող 2018 թվականը Հայաստանի կյանքում նշանավորվեց երկար սպասված իշխանափոխությամբ: Այդ գործում ոմանք կարեւորեցին ժողովրդական զանգվածների դերը, ոմանք` երիտասարդության ու աշակերտության, եղան մարդիկ, որ ասացին` սա դրսի գործ էր` հաշվի առնելով ցուցարարների առաջին շարքերում մանկասայլակներով կանանց հայտնվելն ու հանրահավաքներում հնչող օտարոտի «հու-հու, գըմփ»-երը: Հայ ինտելիգենցիան, ինչպես միշտ, չկարողացավ մեկ հայտարարի գալ այս ամենը գնահատելու հարցում, իսկ ազատամիտ արվեստագետներն էլ տակավին ցատկոտում են հին աշխարհը Նիկոլից բաժանող առվի ափերին` չիմանալով որ կողմը թռչել: Այսուհանդերձ, պետք է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն` այդ բառի լեզվաբանական ողջ տարողությամբ, այն է` իշխան-ա-փոխ-ություն:
Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

Մեր հիշողության մեջ այդ պրոցեսի մի քանի դետալներ են մնացել, որոնք տակավին թույլ չեն տալիս ասելու, որ սա սարքովի իշխանափոխություն չէր: Օրինակ, դուք ինչպե՞ս եք հավատում այն հրաշապատում հեքիաթին, որ ամբողջ Հայաստանում միայն մեկ մարդ հասկացավ, որ իշխանությունն ընկած է փողոցում, եւ կարելի է այն վերցնել: Եվ այդ մարդը, որ կանգնած էր փողոցում ընկած իշխանությունից մի փողոց այնկողմ, գնում է Գյումրի, որ այնտեղից քայլելով գա ու վերցնի իր կողքին ընկած իշխանությունը: Եթե ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին այս իշխանությանը ձայն տված 800 հազար քաղաքացին սա նորմալ է համարում, ապա ես բան չունեմ ասելու: Բայց գնանք առաջ: Կարծում եմ` Վալերի Օսիպյանին լրացուցչ ներկայացնելու կարիք չկա, ինչպեսեւ ՀՀ ոստիկանությանը: Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես հայրենի ոստիկանությունն արձագանքեց Շանթ Հարությունյանի «հեղափոխությանը», որ սկսվեց գրեթե նույն վայրից, ինչ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունը»: Ձեր մեջ հարց չի՞ առաջանում, թե ինչու Վալերի Օսիպյանը Շանթին նստացրեց, իսկ Նիկոլին թույլ տվեց գրավել Ֆրանսիայի հրապարակը:

Նորմա՞լ է: Ես այս դեպքում էլ հարցեր չունեմ, մանավանդ, որ հարցեր, սովորաբար, Վալերի Օսիպյանն է տալիս: Գնանք առաջ: Փողոցներ փակելը, կառավարական շենքերի առաջ պիկետներ դնելը, քաղաքացիներին շչակներով ընկնավորեցնելը եւ այլ տարատեսակ խուժանություններ ամենեւին էլ «հեղափոխության» նշանավոր դրվագները չեն: Անգամ Էրեբունու դեպքը, երբ տարան Նիկոլին ու ավտոբուս նստեցրին Սասունին ու Արարատին, շատ հեռու է «նշանավոր անցք» համարվելու հեռանկարից: «Հեղափոխության» կուլմինացիան բանակի դուրս թափվելն էր, ինչից հետո միայն Սերժ Սարգսյանն անձնատուր եղավ: Իսկ ինչպե՞ս դուրս թափվեց բանակը: Այո, դա շատ նման էր 1920 թվին հայտնի «մուզկամանդի» դուրս թափվելու եւ ժողովրդին միանալու պատմությանը: Իսկական բոլշեւիկյան կինո էր հայ խաղաղապահների` Նիկոլին միանալու դրվագը: Հյուսիսային պողոտայում ԽԲ-ներն արձակ ցմփոր գեներալների վազքի տեսարանին Փարաջանովն էլ կնախանձեր:

Կուրյոզներն այսքանով չավարտվեցին, իհարկե: Դեռ պետք է բեմադրվեր «մի քանի ժամ տեւած» Սերժ-Նիկոլ պիլոտային հանդիպումը, եւ Նիկոլը պետք է «ասուլիս» տար ԱԺ պատգամավորներին, որ վերջիններս «պառակտվեին» ու ԱԺ նիստում վարչապետ ընտրեին նրան: Այս ամենից հետո պետք է սկսվեր քամիների սեզոնը: Վարչապետ Փաշինյանը չպետք է կարողանար ոչինչ ավելացնել նախորդների գործերին եւ պետք է փորձեր նրանցից տարբերվել կոռուպցիայի դեմ պայքարի իր ոճով եւ բռնոցիով:

Ինձ ասում են` բա հեղափոխություն է, էյֆորիա, ի՞նչ էիր ուզում, որ Նիկոլն աներ այդ կարճ ժամանակամիջոցում: Ես կխնդրեի Նիկոլին չթերագնահատել: Բանն այն է, որ երբ ամերիկացիներն են նրան ասում արագացրու, նա լավ էլ արագացնում է: Այս վերջին ընտրությունները` ձեզ օրինակ: Խելացի ընդդիմախոսներս պնդում են, որ Փաշինյանն այդ քայլին գնաց, որպեսզի «հեղափոխական» էյֆորիան չմարի վերջնականապես: Ենթադրենք: Իսկ այսօր ի՞նչ է մտածում Փաշինյանն այդ ընտրություններում Սերժի ոճով տարած հաղթանակի մասին: Առհասրակ, ինչո՞վ է Սերժի ժամանակների էյֆորիան տարբերվում Նիկոլի ժամանակների էյֆորիայից: Հայաստանցիներին էյֆորիայի մեջ գցելու համար շատ բան պետք չէ` փող կամ «հեղափոխություն»:

Մենք հիմա սրա անունը դրել ենք «հեղափոխական էյֆորիա» ու հորթի հրճվանք ենք զգում: Իսկ երբ ուշքի գանք, կհասկանանք, որ 800 հազար մարդ, իսկ ավելի ստույգ` 3 միլիոն վարչապետ, որ ամեն օր քնում ու արթնանում է Հայաստանում, չէր կարող հեղափոխություն անել հանուն մեկ երջանիկ անհատի ու նրա անսահման իշխանության: Արեւմուտքն իր ողջ գոյության ընթացքում առաջին անգամ ողջունել է մի ընտրություն, որտեղ մեկ «երջանիկ անհատ» 80 տոկոս քվե է հավաքել: Սա մեծագույն կուրյոզ է, բարեկամներ, մեզ ձեռ են առնում՝ շատ լավ հասկանալով, որ սա չէ հետագա ժողովրդավարացման իսկական ճանապարհը: