Չի երեւում, թե խորհրդարան մուտք գործած ուժերն ինչով են զբաղվելու

Չի երեւում, թե խորհրդարան մուտք գործած ուժերն ինչով են զբաղվելու

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների էյֆորիային արդեն իսկ հաջորդել է սթափ վերլուծությունների, գնահատականների շրջանը։ Քաղաքագիտական-վերլուծական շրջանակները փորձում են հասկանալ, թե նորընտիր ԱԺ-ն եւ նրանից ծնվող կառավարությունը որքանով են ի զորու լինելու լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները։
Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Սարո Սարոյանը։

-ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը բավականին տպավորիչ թվերով հաղթանակ գրանցեց։ Նրանից զատ՝ ԱԺ-ում տեղ են գտել նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Կան մտահոգություններ, որ նորընտիր խորհրդարանում չի լինի իրական ընդդիմություն։

-Կարծում եմ, մեզ համար առաջնային պետք է լինի ոչ թե ընդդիմությունը, այլ կոնկրետ ծրագրեր իրականացնելու ռազմավարությունը, ինչպիսի ծրագրեր են իրականացնելու խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը։ Այսինքն՝ իրենք ներկայացրել են ծրագիր, այդ ծրագիրը բաղկացած է տասնյակ կետերից, որոնք իրենք պետք է կյանքի կոչեն։ Մենք պետք է հասկանանք՝ ԱԺ-ում մեծամասնություն կազմած ուժը կարո՞ղ է իրականացնել այդ ծրագիրը, թե՞ ոչ, ինչպիսի՞ օրինագծեր է ներկայացնելու խորհրդարան։

Սա՛ է քաղաքական իրողությունը, որի շուրջ էլ պետք է ձեւավորվի Հայաստանի քաղաքական դաշտի գործունեության առանցքը։ Նույնը վերաբերում է մյուս կուսակցություններին՝ իրականացնելո՞ւ են իրենց ծրագրերը, թե՞ ոչ։ 

-Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ նոր խորհրդարանը գաղափարական չէ, այնտեղ չեն լինի գաղափարական բանավեճեր, քանի որ մուտք են գործել մեծ մասամբ քաղաքական ճանապարհ չանցած եւ հանրությանն անհայտ անձինք։

-Խորհրդարան մուտք գործած բոլոր ուժերն էլ լիբերալ են։ Պետք է խոսել այն մասին, թե այդ լիբերալ ուժերը որքանով են իրականացնելու իրենց ծրագրերը։ Դեռեւս չի եղել երկխոսություն, որպեսզի հասկանանք, թե իրենք որտեղից եւ ինչից են սկսում։ Հիմա կա գաղափարական մի դաշտ՝ ներկայացված են լիբերալ ուժեր։  Անգամ խոշոր սեփականատերերի շահերը պաշտպանող մի ուժ է ներկայացված՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի եւ նրա գլխավորած կուսակցության։ Հայտնի չէ, թե նույն գաղափարախությունն ունեցող ուժերն ինչի մասին են երկխոսելու խորհրդարանում։ Ժամանակը ցույց կտա, թե իրենք որքանով են կարողանալու սոցիալական եւ հանրային լայն շերտերի խնդիրները լուծել։ Խորհրդարան մուտք չեն գործել սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունն ունեցող ուժեր։ 

-Մամուլի ազգային ակումբի նախագահ, հրապարակախոս Նարինե Մկրտչյանն ասում է՝ քանի որ ԱԺ-ում չկան գաղափարական ուժեր, անհրաժեշտ է նախաձեռնել քաղաքական խորհրդատվություններ, քննարկումներ խորհրդարանից դուրս, որոնց կազմակերպչական գործառույթն էլ պատրաստ է ինքը ստանձնել։ Ըստ Ձեզ՝ խորհրդարանից դուրս կձեւավորվի քաղաքական ուժերի այնպիսի միավորում, որը կլրացնի գաղափարական վակուումը։

-Ես նորից պնդում եմ՝ խորհրդարան են մուտք գործել նույն գաղափարախոսությունը կրող երեք ուժեր։ Դրանք լիբերալ գաղափարախոսությունը կրող ուժեր են, որոնք հավատում են իրենց գաղափարախոսությանը եւ ամեն ինչ անելու են ինչ-որ օրենքներ մշակելու համար։ Եթե խոսքը վերաբերում է նյութական շահ հետապնդելուն, ապա հայտարարում են, որ Հայաստանում կոռուպցիային վերջ է տրված, եւ անհայտ է, թե այդ դեպքում նրանք ինչպես են նյութական շահ հետապնդելու։ Ամեն դեպքում չի երեւում, թե խորհրդարան մուտք գործած ուժերն ինչով են զբաղվելու այնտեղ։ Ես կարծում եմ, որ կոռուպցիոն մոտեցումները, որ ունեին նախկին վարչախմբերը, վերացված են։ Մենք հիմա կարող ենք խոսել երիտասարդ կազմի, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին, բայց նյութական շահի մասին հիմքեր չունենք խոսելու։ Այլ հարց է, թե որքանով լիբերալիզմը կկարողանա լուծել սոցիալական խնդիրներ։ Եթե արտախորհրդարանական ուժերը միավորվեն այդ խնդիրը լուծելու համար, ապա դա հասկանալի կլինի։ Միգուցե դրվի սոցիալ-դեմոկրատական ուժերին միավորելու խնդիր, որպեսզի բալանսավորվի այն վիճակը, որը ստեղծվել է լիբերալ ուժերի՝ մուտք գործելուց հետո։ 

-Քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը տարակուսած է, որ «Իմ քայլը» դաշինքի անդամ մարզպետները, որոնք հազիվ մի քանի ամիս են աշխատել, չեն հասցրել որեւէ  էական բան անել, ստացել են 15 հազար եւ ավելի քվեներ։ Որքանո՞վ է դա օրինաչափ, երբ «Իմ քայլը» դաշինքի ցանկացած թեկնածու կարող է այդքան քվե ստանալ։

-Իհարկե, նորմալ չէ, երբ ընտրում են անձը, ոչ թե ծրագիրը։ Այդ իսկ պատճառով էլ քաղաքական դաշտն ապականվել է, եւ մարդիկ այլ կերպ էին վերաբերում։ Ձեր նշած հանգամանքը կա, եղել է, կիրառվել է։ Բայց Ընտրական օրենսգիրքն էլ կառուցված է անձ ընտրելու գաղափարի շուրջ, եւ ռեյտինգային ընտրակարգն իր «սեւ» գործն արել է։ Ժողովուրդն ընտրել է ինչ-որ մարդկանց՝  ելնելով ինչ-ինչ հանգամանքներից։ Այլ հարց է, որ խոսվում է Ընտրական օրենսգիրքը փոխելու մասին, եւ նոր խորհրդարանն ինչպիսի ընտրակարգ կստեղծի հաջորդ ընտրությունների համար։