Պուտինի «ձայնով» դիմել են ժողովրդին․ Կրեմլի արձագանքը

Պուտինի «ձայնով» դիմել են ժողովրդին․ Կրեմլի արձագանքը

Անհայտ անձինք Ռուսաստանում ներթափանցել են տարածաշրջանային ռադիոյի եթեր և նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ու նրա ձայնով արտակարգ կոչով դիմել ՌԴ բնակիչներին՝ կապված մի շարք սահմանամերձ շրջանների տարածք ուկրաինական ուժերի ենթադրյալ ներխուժման հետ։

«Ռուսաստանցիներ, եղբայրներ և քույրեր, այսօր առավոտյան ժամը 4-ին ուկրաինական զորքերը, զինված Արևմուտքի և ՆԱՏՕ-ի դաշինքով և Վաշինգտոնի աջակցությամբ, ներխուժել են Կուրսկ, Բելգորոդ և Բրյանսկ: 
Մեր սահմանապահներն ու Զինված ուժերը արժանի հակահարված են տվել՝ գերազանցելով ագրեսորի ուժերին։ Այս տարածքներում ռազմական դրություն է մտցվել։ Այսօր ես հրամանագիր կստորագրեմ համընդհանուր մոբիլիզացիայի մասին, քանի որ վտանգավոր և նենգ թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է հակազդել Ռուսաստանի Դաշնության բոլոր ուժերի ներգրավմամբ։ Թշնամին կպարտվի, հաղթանակը մերն է»,-ասվում է Պուտինի ձայնով հեռարձակված ձայնագրության մեջ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է միջադեպն ու ասել, որ դա հաքերային հարձակում է։
«Պուտինի արտակարգ ուղերձը, որը հնչել է ռադիոյով, հաքերային հարձակում է: Այսօր Պուտինը ոչ մի կոչով հանդես չի եկել»,- ասել է Պեսկովը։