Ինչ-որ բան այնպես չէ՞

Ինչ-որ բան այնպես չէ՞

Ադրբեջանական կողմում, երեւում է, հրանահանգ է իջեցվել՝ խախտելու քարոզչա-տեղեկատվական «հրադադարը»: Առիթը նախագահ Ալիեւի հայտարարությունն է, որ երկրի տարածքային ամբողջականությունը չի հանդիսացել, չի հանդիսանում եւ չի հանդիսանալու բանակցությունների առարկա: Ալիեւն այդ մասին խոսել է երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Փորձագետները դա գնահատում են դիվանագիտական պատասխան վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը Հայաստանը չի քննարկում: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը փորձում է հասկանալ, թե այդ դեպքում ի՞նչ սկզբունքների վրա է խարսխվում բանակցային գործընթացը եւ որոշակիորեն ակնարկում, թե ադրբեջանական կողմը, չնայած պաշտոնական հավաստիացումներին, այնուամենայնիվ «մոտեցել է կարմիր գծին»:

Ադրբեջանական ընկալմամբ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղին «կարող է տրվել միջազգայնորեն համաձայնեցված անցումային կարգավիճակ, իսկ երկու շրջանների՝ Քելբաջարի եւ Լաչինի վերադարձը կերկարաձգվի մինչեւ անորոշություն»: Նախկին արտգործնախարարի տեսակետը փաստացի ԼՂ հարցում Ալիեւի քաղաքականության կոշտ քննադատություն է, որը նա փորձում է քողարկել «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ռազմական ճանապարհով տարածքային ամբողջականությունը վերականգնելու՝ իշխանությունների հաստատակամության» մասին շաղակրատանքով: Բոլորն էլ հասկանում են, որ Դուշանբերում Փաշինյան-Ալիեւ երկխոսությունից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ զորքերի շփման գծում հավանական լարվածության պատասխանատու ուղղակիորեն կհամարվի Ադրբեջանը:

Դա այն դեպքում, երբ առկա միջազգային բավական լայն կոնսենսուս, որ խնդիրը ռազմական հանգուցալուծում չունի: Ադրբեջանում սկսել են ակնարկել, որ Ռուսաաստանի փոխարըգործնախարար Կարասինի երեւանյն այցը ոչ այնքան ստուգողական էր, որքան՝ «տեսչական»:

Ըստ ադրբեջանցի փորձագետների, նույն հարթությունում պետք է գնահատել նաեւ Հայաստանին արդիական օդուժ վաճառելու մասին Ռուսաստանի որոշումը: Բաքվում տպավորված են, որ Ռուսաստանն այդ քայլերով Հայաստանին ներշնչում է չգնալ արագ քայլերի: Ադրբեջանական կողմը փաստացի Ռուսաստանին կշտամբում է կարգավորման բանակցային գործընթացն «արգելակների վրա դնելու» դիվանագիտական ջանքերի համար՝ ի հակակշիռ ԱՄՆ-ի, որտեղ, ինչպես Բաքվի փորձագիտական հանրությունն է տպավորված, ձգտում են հնարավորինս մոտ ապագայում կողմերին տեսնել գոնե ընդհանուր գծերով համաձայնությունների սեղանի շուրջ: Ինչ-որ բան ակնհայտորեն այնպես չի ստացվում, ինչպես որ տպավորված էին Ադրբեջանում, ուստի Բաքվի քարոզչությունը վերստին անցում է կատարում դեպի ուժային հռեգտորաբանություն:

Երեւում է նաեւ, որ ադրբեջանական հասարակությունն այնքան միատարր չէ, ինչպես թվում է: Խորքում աճում է ԼՂ հարցով իշխանությունների քաղաքականությունից դժգոհություն: Հավանական է, որ բանակցություններում պաուզա պահելու առաջարկ կստացվի Բաքվից:

Դա, երեւի, տեղի կունենա արտգործնախարարներ Մնացականյանի եւ Մամեդյարովի՝ փետրվարին սպասվող հանդիպումից հետո: Միջնորդների համար կսկսվի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների պաշտոնական բանակցություննեեր նախապատրաստելու բարդագույն աշխատանքը, որը կուղեկցվի նրանց տարածաշրջանային այցելություններով: Այդ միջակայքներում բանակցություններին վերադառնալու ի՞նչ քայլեր կանի պաշտոնական Ատեփանակերտը: Ադրբեջանն ակնհայտորեն փորձելու է շահարկել ուժային բաղադրիչը: