Թատրոնների տնօրեններին փոխելու ալիք է սկսվել

Թատրոնների տնօրեններին փոխելու ալիք է սկսվել

Բեմադրիչ, դերասան Վիգեն Ստեփանյանը համոզված է՝ մշակույթը, կրթությունը, գիտությունը եւ սպորտը չի կարելի իրար խառնել եւ մի նախարարության մեջ միավորել, որովհետեւ տարբեր են թե ոլորտները, թե մոտեցումները․ «Երբ նախարարության աշխատակիցները սկսեցին ցույցեր անել Փաշինյանը կարծեմ ասեց, թող մի 5 ամիս էլ բողոքեն, դրանից մշակույթում ինչ- որ բան կփոխվի՞․․․, միանգամայն իրավացի է, այս կազմով, աշխատաոճով եւ մոտեցումով ոչինչ չի փոխվի, լինի դա 5 ամիս, թե 5 տարի։ Իհարկե ես կարող եմ փոխադարձ հարց ուղղել, եթե օպտիմալացվի, միանա կրթությանը եւ սպորտին ի՞նչ կփոխվի, սա մի քիչ վտանգավոր թեմա է, այն առումով, որ եթե չկա ծրագիր, հստակ ճանապարհ, խոսել որեւէ բանի մասին՝ անիմաստ է»։ 

Նա նկատում է՝ հիմա կարծես տնօրեններին փոխելու ալիք է սկսել․ «Ես ուզում եմ դրա տրամաբանությունը հասկանալ, հիմա օրինակ ո՞րն է իմաստը Ռուսական թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանին հեռացնելու, որին շնորհակալություն են հայտնում փայլուն աշխատանքի համար, բայց փոխարինում են Յուրի Իգիթխանյանով, ում շատ հարգում եմ, սիրում, լավ դերասան է, միշտ ինձ մոտ զբաղված է եղել, բայց պետք է մտածել, թե ո՞րն է ավելի նպաստավոր թատրոնի համար, ուղենիշ վերցնել, որ ամեն տեղ նորերը պիտի գան ու հներին ջնջենք թափե՞նք․․․։ Վերջերս Ամերիկայում էի, ինձ պատմեցին, որ Լիլիթ Մակունցը հանդիպել է տեղի մտավորականության հետ, որտեղ նրան մոտավորապես նման հարց են ուղղել, թե ինչո՞ւ եք ավագ սերնդին անտեսում, ձեզ նրանցից հեռու պահում, նախարարն էլ թե՝ ավագ սերունդը կոռումպացված է․․․։ Բա շուռ չգաս ասես՝ այ խելացի, այդ դերասանը կամ բեմադրիչը ո՞ւմից պետք է կաշառք վերցնի, տրամաբանությունը որտե՞ղ է»։ 

Ստեփանյանի կարծիքով, բոլոր խնդիրները գալիս է մի կետից․ «Այսօր Փաշինյանից սկսած մինչեւ վերջին քաղաքացին պիտի հասկանան, որ երկիրն իր օրենքներով, նիստ ու կացով զրոյից կառուցվում է։ Մենք պետք է կարողանանք հրաժարվել հնից ու ստեղծել նորը, բայց պետք է սկսել մտածել երկրի մասշտաբով, այդ դեպքում մենք էլ մեզ լավ կզգանք, իսկ երբ միայն իմ տան լամպն են փոխում, այդպես ո՞նց կլինի՝ ես տանը լույս ունենամ, մնացածի վրա թքա՞ծ։ Այսինքն մարդիկ սկսում են մտածել շատ նեղ, դրա համար էլ հանրության ամենակարեւոր թեման դառնում է ԱԱԾ-ի բացահայտումները։ Հեռուստաալիքներով ցուցադրվող արտադրանքի մասին մտածող կա՞, երեկ պատահական մի 10 րոպեով միացրեցի հեռուստացույցը, ողջ ընթացքում իրար վրա կրակում էին, հայհոյում, մեռնում, ապագա սերնդին ի՞նչ եք սովորեցնում, դրա մասին է պետք մտածել, ոչ թե նոր տնօրեններ բերելու, հներին վռնդելու մասին։ Մշակույթը սկսում է քո տնից, դաստիարակությունից, նրանից թե ինչպես ես դու հաց ուտում, հագնվում, ինչպես է մեծը շփվում փոքրի հետ, այդ ամեն ինչը մշակույթ է, ոչ թե մի տնօրենին մյուսով փոխարինելը, դրանից հետո ամեն ինչ փոխվե՞ց, թատրոնը դարձավ համաշխարհային մակարդակի թատրո՞ն»։  

Այն, որ մշակույթի փոխնախարարը պատճառաբանել էր, որ թատրոնի տնօրենի ժամկետը լրացել է, դրա համար են նրան փոխարինել, Ստեփանյանն ասաց․ «Եթե լավ է աշխատում, ի՞նչ է նշանակում ժամկետը լրացել է, հակառակը՝ խնդրի նրան եւս 6 մասով, մեկ տարով կամ 5 տարով մնալ, այս դեպքում խոսքը կոնկրետ Ֆրեդի մասին չէ, այլ բոլոր այն մարդկանց մասին, ովքեր իսկապես գիտակ են իրենց գործի մեջ ցանկացած ոլորտում»։ 

Կառույցը կկոչվի մշակույթի նախարարություն, վարչություն, թե տեսչություն, ըստ բեմադրիչի, էական չէ, կարեւորը, թե ո՞րն է լինելու աշխատանքային ծրագիրը․ «Դուք ի՞նչ ծրագիր եք իրականացնելու ձեր աշխատանքի ընթացքում, որի համար ստանալու եք ոչ վատ աշխատավարձեր, ես իրենց ծրագիրն եմ ուզում իմանալ, թե չէ Սիմֆոնիկում 10 ջութակ ավել, 5 թավջութակ պակաս՝ դա մշակույթի ղեկավարում չէ, դիրիժորները շատ ավելի լավ գիտեն քանի հոգի է պետք։ Մշակույթը դա նախեւառաջ մշակութային դաստիարակությունն է եւ պետք է սկսել փոքր տարիքից, որպեսզի այդ տգետ սերիալները մարդիկ չնայեն, ազգայինի վրա մեծանան։ Իսկ դրա համար նախ պետք է ազգային մշակույթ ձեւավորել, ազգային մշակութային ծրագիր կազմել, որ դրան համապատասխան երկիրը գնա այդ ճանապարհով, տնօրեն հանել նշանակելով, օպտիմալացնելով ի՞նչ կփոխվի։ Ենթադրենք, օպտիմալացրեցիք, այդ տնտեսված գումարը ո՞ւր է գնալու, ինչի՞ վրա է գնալու։ Մեզ մշակութային դաստիարակություն է պետք, ոչ թե թատրոնների տնօրենների փոփոխություն։ Դու այսօր մի երկիր ես, որն իր դերասանին վճարում է 50-60 հազար դրամ, ռեֆորմներ են պետք, քայլեր, հազար ու մի բան է պետք ցանկացած ոլորտում, բայց խոսքից բացի ոչինչ չենք լսում»։