Հանուն «մեր ախպեր» Սամվել Ալեքսանյանի՞, թե՞ պատահականություն…

Հանուն «մեր ախպեր» Սամվել Ալեքսանյանի՞, թե՞ պատահականություն…

Համաշխարհային պանդեմիան հասարակության ուշադրությունը սեւեռեց իր վրա՝ շեղելով շատ այլ թեմաներից՝ աշխարհաքաղաքական, տնտեսական եւ այլն: Ինչպես հիշում ենք, ՀՀ կառավարությունը  2020 թ․ հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր պայման էր դարձրել սպանդանոցային մորթը՝ արգելելով բակայինը: Սա առաջացրեց մսավաճառների ու անասնապահների դժգոհությունը, որոնք բողոքի ակցիաներ կազմակերպեցին, անգամ ճանապարհներ փակեցին, քանի որ սպանդանոցային մորթը մի շարք խնդիրներ, լրացուցիչ ծախսեր է առաջացնելու, իսկ մեր երկիրը դեռեւս պատրաստ չէ դրան:

Ի պատասխան այդ բողոքներին, գործադիրը մինչեւ հուլիսի մեկը հետաձգեց պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողությունը՝ բացառությամբ Երեւանի սուպերմարկետներում ու մսի վաճառքի կետերում: Կառավարությունը նաեւ խոստացավ անասնապահներին, որ կավելացվեն սպանդանոցները: Սպանդանոցների ավելացումից դեռեւս ձեն-ձուն չկա: Իսկ հուլիսից մսամթերքի իրացման բոլոր կետերում տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձեւը։ Սա տեղեկանք է այն մասին, որ միսը ստուգված է, անվտանգ է, եւ որ անասունը մորթվել է սպանդանոցում։ Ըստ գործադիրի, այս որոշման նպատակն է կանխել կեղտոտ մորթ անելը, վատ սանիտարական պայմաններ ունեցող մեքենաներով միս տեղափոխելը: Տեղեկանքը տրամադրելու են սպանդանոցները։ Փաստորեն, հուլիսի մեկից այս օրենքը կգործի, կենդանիներին սպանդանոցում մորթելը կդառնա պարտադիր:

Դա կհանգեցնի մսի ինքնարժեքի բարձրացման: Այդ իրավիճակում տեղական միսը կարող է կորցնել մրցունակությունը՝ ներկրված էժան մսի դիմաց: Սրան էլ հավելենք, որ «2020 թվականի հունվարին որոշ ապրանքատեսակների մասով Հայաստանին տրված արտոնության ժամկետն ավարտվում էր, եւ պայմանավորվածությունների արդյունքում այդ ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2021 թվականի հունվար։ Սա վերաբերում է մի շարք պարենային եւ արդյունաբերական ապրանքների, որոնց գինը, ըստ էության, միջինում 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից։ Մասնավորապես խոսքը կվերաբերի հետեւյալ ապրանքներին՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ… այլ ապրանքներ»: Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այսինքն, ներկրված սառեցված մսի գինը կնվազի, իսկ տեղական մսի ինքնարժեքը կբարձրանա: Սա կրկնակի հարված է հայաստանյան անասնապահությանը: Փաստորեն, դրսից ներկրված կասկածելի որակի ու ծագման, կասկածելի պայմաններում մորթված միսը կէժանանա, իսկ տեղական թարմ միսը կթանկանա:

«Հրապարակն» իր՝ «Ո՞ր օլիգարխի ջրաղացին է ջուր լցնում Նիկոլ Փաշինայնը» հրապարակման մեջ անդրադարձել էր սպանդանոցային մորթի պարտադիր դառնալու հետեւանքներին. այն տեղական միս արտադրողների համար ստեղծելու է դժվարություններ, բերելու է  հավելյալ ծախսերի: Արդյունքում գյուղացին կզգա, որ անասնապահությունը եկամտաբեր ոլորտ չէ, կթողնի այն՝ ասպարեզը զիջելով արտերկրից սառեցված մսի ներկրման բիզնեսին: Իսկ Հայաստանում մսի խոշոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է: Այդ մասին բազմիցս է գրվել «մինչնիկոլական» մամուլում: Փաստորեն, սպանդանոցային մորթի եւ ներկրված մսի էժանացման  արդյունքում կծաղկի Ալեքսանյանի մսի ներկրման բիզնեսը: Կառավարության ուշադրությունից այս խառը իրավիճակում դո՞ւրս է մնացել այս փաստը, թե՞ սա լավ մշակված ծրագիր է՝ Փաշինյանի սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ծաղկեցնելու: Վերջին շրջանում ակնհայտ է դարձել Ալեքսանյանի գնային կամայականությունների հանդեպ փաշինյանական իշխանության թավշյա վերաբերմունքը…