Դժվար է լինելու՝ ինչու

 Դժվար է լինելու՝ ինչու

Նիկոլ Փաշինյանի համար դժվար է լինելու հանրությանը մի քանիս ամիս ևս պահել քաոսային այս վիճակում։ Երբ գաղափարական հստակ ծրագրով ես իշխանության գալիս, մարդկանց ուշադրությունը սևեռվում է ծրագրիդ վրա՝ ինչքանո՞վ, ինչպես  կատարեցիր, ինչ արդյունքի հասար։ Համընդհանուր գործի են լծվում։ Գաղափարական ծրագիրը լույսի պես մի բան է, առաջնորդում է։

Երբ իշխանության ես գալիս մերժման, ատելության, հասարակության տարանջատման քաղաքականությամբ, հանրության  ուշադրությունը սևեռվում է այդ ուղղությամբ։ Մերժեցիր, նախորդների նկատմամբ հանրության մեջ եղած ատելությանն ավելացրիր քո չափաբաժին ատելությունը, մոռանալով, որ հանրությունը դրանով է սնվելու՝ ատելության , մերժման, բացասման սննդով։ Հետո չի կշտանալու անհագ ատելությունից, մերժումից, ոչնչացնելու մոլուցքից։ Պահանջելու է նոր սնունդ՝ նոր ձերբակալություն, ոչնչացման նորանոր  թիրախներ․․․

Նման դեպքում  հնարավոր չէ երկարաձգել իշխանությունը, որովհետև ատելությունը ամենահեղ կրակն է, որը չի հագենալու անգամ, երբ վերջին շապիկդ հանձնես։ Ի սկզբանե ատելության սև կրակը բորբոքելով ու այդ կրակի ահագնությունից օգտվելով, հասնել ցանկալիին՝ իշխանությանը, կարճ է տևում։ Առավել ևս, երբ  հասնում ես  այնպես, որ ժողովուրդը հավատա՝ ինքն է հասել, ինքն է իշխանությունը։

Մի բան անտեսվել էր, մոռացության էր մատնվել , որ կրակի հետ չի կարելի  խաղալ, այն տարածվում է, եթե դեմը չես առնում՝ «ճանկերի մեջ է առնում նաև  մնացածն ու քեզ»։ Ու եթե ժողովուրդը համոզվում է, որ ինքը չի իշխանությունը, որ ինքը չի որոշողը, որ ինքը ինչպես նախկինում, այս անգամ էլ եղել է որպես օգտագործման գործիք, այդ «կրակից պրծնելը գրեթե անհնարին է»։