Պետք էր համախմբել ամբողջ ազգի ներուժը

Պետք էր համախմբել ամբողջ ազգի ներուժը

«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը կարծում է, որ կառավարության գործունեության մասին պետք է դատել արդյունքներով, ոչ թե ներկայացրած ծրագրով։ Այս մասին նա հայտնեց Hraparak.am-ի հետ զրույցում։

Սոս Գիմիշյանի կարծիքով՝ գոնե վեց ամիս է պետք, որպեսզի կառավարության գործունեության արդյունքները տեսանելի լինեն։ «Իհարկե, նկատելի է անփորձություն, որակյալ փորձագետների եւ մասնագետների պակաս։ Բայց դա ամբողջ երկրում է պրոբլեմ։ Նախկին իշխանությունների մեջ էլ կային փորձառուներ, որոնք զբաղվում էին ավազակությամբ։ Կարծում եմ, որ ավելի լավ է լինեն անփորձ, բայց մաքուր եւ ազնիվ կադրեր, քան փորձառու, բայց կոռումպացված»,- ասաց նա։ Մեր հարցին, թե ԱԺ-ի ներկա կազմը հույս ներշնչո՞ւմ է, որ Հայաստանում կարող է ձեւավորվել քաղաքական համակարգ, Սոս Գիմիշյանն արձագանքեց․ «Ցավոք սրտի, հույս չի ներշնչում ԱԺ-ի կազմը։

Կառավարության կազմն էլ հույս չի ներշնչում, զգացվում է անփորձություն։ Ես կարծում եմ, որ պետք էր համախմբել ամբողջ ազգի ներուժը, ունենալ ավելի որակյալ կառավարություն եւ ԱԺ, բայց իշխանությունները ընտրեցին այդ ճանապարհը, դա իրենց իրավունքն էր։ Պետք է համբերատար սպասել ու տեսնել, թե որքանով է ունակ ներկայիս իշխանությունը փոփոխություններ իրականացնելու»։