Մնացեք Ձեր տեղում և «շենացրեք» քաղաքական դաշտը
«Հրապարակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում «Ակնկալում եմ մտավորականի դերի շուտափույթ բարձրացում» վերտառությամբ հարցազրույց էր հրապարակվել արձակագիր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Սուսաննա Հարությունյանի հետ: Այդ հարցազրույցին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես գրելով․ «Ես բազմաթիվ ապուշագույն մտքեր եմ լսել ու կարդացել, սակայն երեկ թերթերից մեկում կարդացի դարակազմիկ մի ապուշություն, որը ես անպայման կներառեմ աշխարհի հիմարագույն մտքերի ժողովածուում, որը մի օր հաստատ հրատարակելու եմ։ Եվ այսպես․ մի արվեստագետ շնչակտուր հայտարարում է՝ «Ակնկալում եմ մտավորականի դերի շուտափույթ բարձրացում»։ Իհարկե, արվեստագետ տիկինը չասեց՝ կոնկրետ ումի՞ց է ակնկալում մտավորականի դերի շուտափույթ բարձրացում՝ արդեն ջնջված մշակույթի նախարարությունի՞ց, Գումի շուկայի՞ց, կիսամեռ ստեղծագործական միությունների՞ց, Մտավորականնե րի համաշխարհային լիգայի՞ց, թե՞ Հայաստանի հպարտ քաղաքացիներից։ Միգուցե տիկինը հատուկ տեղեկատվություն ուներ, որ մտավորականի դերի բարձրացման վակցինա են հայտնաբերել, եւ շուտով մեր առողջապահության նախարարությունը սկսելու է մտավորականի դերի բարձրացման սկրինինգ ծրագի՞ր իրականացնել»։
Սուսաննա Հարությունյանն արձագանքել է ԱԺ պատգամավորի գրառմանը, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Իհարկե, ինչ-որ մեկի ֆեյսբուքյան գրառմանը պատասխանելը մեծ պատիվ է դիմացինի համար, բայց երբ գավառական մտածողությամբ մարդիկ են սկսում խոսել մշակույթի մասին եւ իրենց իրավունք վերապահում վիրավորել մարդուն, ում մտքերի հետ համաձայն չեն․․․ այլ ելք չկա։ Առավել եւս, երբ նրանք, չգիտես ինչու, իրենց տեսնում են մշակութային դաշտում։
Ճիշտն ասած, «Հրապարակում» լույս տեսած զրույցից հետո եղել են մարդիկ, ովքեր գրել կամ զանգահարել են` համաձայն չլինելով իմ այս կամ այն մտքի հետ (է, համաձայն չեն՝ համաձայն չեն․ Աստված բոլորիս հետ)։ Բայց թե ինչու է Նաիրա Զոհրաբյանն այդպես հիստերիկ ռեակցիա տվել իմ խոսքին, չեմ հասկանում։ Տեսնո՞ւմ եք, տիկին Զոհրաբյան, ես տալիս եմ Ձեր անունը, Ձեր անունը չի այրում իմ շուրթերը։ Ասենք, ինչո՞ւ դուխով Նիկոլի կողքին կանգնողի դուխը չի հերիքում իմ անունը տալ, այլ ասել՝ «ոմն տիկին»։ Ես որ ուզենամ էլ, չեմ կարող ոմն լինել․ ես իմ վաստակը, տեղը եւ դերն ունեցող մարդ եմ, ինչը հաճախ է կատաղեցնում չկայացած կանանց։
Ի դեպ, ապուշությունների գիրք կազմելու նրա երազանքի մասին․ այդ գիրքը նա կարող է կազմել իր «ծաղկեցրած» քաղաքական դաշտից քաղված եւ իր իսկ մտքերից։ Թեեւ ազնիվ եմ համարում տիկին Զոհրաբյանի խոստովանությունը, որ ինքն իրեն տեսնում է ապուշության ասպարեզում եւ գիրք կազմել է երազում․ հարգանքի արժանի ինքնագնահատական, որովհետեւ իրեն իսկ պարզ է՝ մեկ այլ բնագավառում իր պոտենցիալը դժվար թե ձգի գիրք կազմելուն։
Նա չի հասկացել՝ մեջբերում եմ. «Իհարկե, արվեստագետ տիկինը չասեց՝ կոնկրետ ումի՞ց է ակնկալում մտավորականի դերի շուտափույթ բարձրացում՝ արդեն ջնջված մշակույթի նախարարությունի՞ց, Գումի շուկայի՞ց, կիսամեռ ստեղծագործական միությունների՞ց, Մտավորականների համաշխարհային լիգայի՞ց, թե՞ Հայաստանի հպարտ քաղաքացիներից»։ Ի դեպ, ես արվեստագետ չեմ, ես գրող եմ՝ արձակագիր։ Պատասխանում եմ՝ ումից ասես, թեկուզ սեւ շնից, բայց ոչ Նաիրա Զոհրաբյանից, ով Ազգային ժողովի ամբիոնից պնդում էր, որ պետք չէ ֆինանսավորել ժամանակակից գրականությունը, որովհետեւ այն «սեքընդհենդ» է։
Եվ առհասարակ, բոլոր հակամշակութային մտքերի հեղինակն Ազգային ժողովում ինքն էր։ Երբ նա իր խոսքի վերջում ասում է, որ մտադիր է բացել մշակութային հարթակ, քիչ է մնում բացականչես․ «Դե տե՜նց ասա․․․»։ Ինչ է, ինչ-որ մեկը փակե՞լ է Նաիրա Զոհրաբյանի «օդերը», որ նա մնացել է իր իսկ բնորոշած «սեքընդհենդի» հույսին։ Եվ մեկը, ով մշակույթի գործչի մասին խոսում է նման բառապաշարով, կարծում է, որ ինքը մշակութային դաշտում անելի՞ք ունի։ Եվ ինչ, պետք է հերթով սեւացնել այդ դաշտում գործողներին՝ ցույց տալու համար, որ դաշտն ամայի է, որպեսզի հիմնավորի իր՝ մշակութային դաշտ խցկվելը։ Հարգարժան Նաիրա Զոհրաբյան, եթե Դուք ունեք մշակույթի պահանջ, ապա մշակույթը չունի Ձեր պահանջը․ մնացեք Ձեր տեղում եւ «շենացրեք» քաղաքական դաշտը։ Այդ միջավայրին Դուք ավելի եք սազում։
Սիրելիդ իմ Նաիրա Զոհրաբյան, Դուք անում եք ամենատգեղ բանը՝ ինքնահաստատվելու համար մրոտում ու վիրավորում եք մի գրողի, ումից, վստահ եմ, չեք կարդացել անգամ մեկ գործ, այլապես կմնայիք իմ տողի ծանրության տակ եւ չէիք համարձակվի լպտալ։ Հաջորդ անգամ եթե նման բուռն ցանկություն կունենաք, ինչպես ասվում է հանրահայտ ֆիլմում, тренируйтесь на кошках.
Եվ առհասարակ, տիկին Նաիրա Զոհրաբյան, ցանկացած իրավունք, անգամ մեռնելու իրավունքը, վաստակում են։ Որեւէ մեկին, առավել եւս՝ ինձ, հայհոյելու կամ խորհուրդ տալու իրավունք Դո՛ւք չե՛ք վաստակե՛լ։ Նաեւ մշակութային դաշտ մտնելու իրավունք․․․ Ձեր ընկերների հետ ադիբուդիի ցեխ դրեք եւ հանգիստ թողեք մշակույթը։ Մշակութային դաշտից պատահաբար դուրս չեն թռչում, եւ պատահական մարդիկ այնտեղ չեն մտնում հընթացս»։
Սուսաննա Հարությունյան
Կարծիքներ