Ե՞րբ կհեռանա Իլհամ Ալիեւը

Ե՞րբ կհեռանա Իլհամ Ալիեւը

Հուլիսի 6-ին Իլհամ Ալիեւը բավական հախուռն հայտարարություն է արել եւ ասել, որ ճիշտ չէ պնդել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների տեսակոնֆերանսից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին նման շեշտադրում արել, ուստի Ալիեւի զայրալի հարցադրումը՝ «մի՞թե դուք ՄԱԿ-ից բարձր ատյան եք» վերաբերում է նրանց: Ալիեւը միջնորդներին հորդորել է կարդալ ՄԱԿ-ի Կանոնադրությունը:

«Մի՞թե ագրեսիայի ենթարկված երկիրն ինքնապաշտպանության իրավունք չունի,,-հռետորական հարցադրում է արել նա: Խնդիրն, ըստ ամենայնի հենց դա է՝ ո՞վ է ագրեսորը եւ ո՞վ՝ ագրեսիայի ենթարկված կողմը: Ալիեւին, ինչպես հասկացվում է նրա ելույթի բարձր հուզականությունից, չի հաջողվում միջնորդ երկրներին համոզել, որ Ադրբեջանը ենթարկվել է ագրեսիայի: Պատմության եւ առանձնապես հակամարտության նենգափոխման ադրբեջանական փորձերը միայն ներքին լսարանում են ընկալվում: ԵԱՀԿ Մինսկի խմբում քաջատեղյակ են ԼՂ խնդրին, 1992-94 թվականների իրադարձություններին: Այս իրավիճակում, ահա, երեկ Իլհամ Ալիեւը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի հետ: Վերջինս, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համավարակի հետ կապված՝ հայտարարություն էր տարածել եւ հակամարտություններում ներգրավված կողմերին կոչ արել ցուցաբերել զսպվածություն:

Նույն ոգով փաստաթուղթ է տարածվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անունից, որտեղ անհապաղ հրադադարի պահանջ է ներկայացվում աշխարհի բոլոր հակամարտությունների կողմերին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիեւը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է կորոնովիրուսի դեմ պայքարում ջանքերի համատեղման եւ այդ խնդրով համաժողով անցկացնելու թեմաներով: Շոշափվե՞լ է ԼՂ կարգավորման հարցը՝ կարելի է միայն ենթադրել: Ադրբեջանում իրավիճակ է փոխվում: Արտգործնախարար Մամեդյարովի պաշտոնանկությունը գրեթե կատարված փաստ է:  Նոր արտգործնախարարին ռեժիմի մեջ մտնելու համար ժամանակ է պետք, որ կարող է ամիսներ տեւել: Այդ ընթացքում, հավանական է, Ալիեւը կփորձի նախապատրաստել իր հեռացումը: Նրան երաշխիքներ են պետք:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ հարցում նրան հազիվ թե աջակից լինի, բայց տեղեկատվա-քարոզչական ֆոն, որ Ալիեւը համաշխարհային քաղաքականության դերակատար է, ներքին կյանքում հաստատ կձեւավորվի: Դա Ալիեւին անհրաժեշտ է, որպեսզի զսպի իշխանության ներսում տարբեր խմբավորումների միջեւ սուր մրցակցությունը: Կհավատա՞ն նրա այդ խաղին մերձավոր շրջապատում: Իսկ նա ունի՞ այդ մերձավոր շրջապատը, թե ամեն ինչ արդեն անցել է Մեհրիբան Ալիեւայի վերահսկողությա՞նը: Ըստ տեղեկությունների, ԱԳ նախարարի պաշտոնում կնշանակվի Մեհրիբան Ալիեւայի հովանավորյալներից մեկը: Դրան կհաջորդի պաշտպանության նախարար Հասանովի պաշտոնանկությունը: Ըստ երեւույթին՝ տարեվերջին: Ահա այդ ժամանակ էլ կհեռանա Իլհամ Ալիեւը: