Մարդի՛կ, մի րոպե, ախր սա համաձայնագիր չէ, հայտարարություն է

Մարդի՛կ, մի րոպե, ախր սա համաձայնագիր չէ, հայտարարություն է

Իսկ դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի Ալիեւ-Պուտին-Փաշինյան հայտարարության կետերի կատարման որեւէ ամրագրված իրավական պարտավորություն մենք չունենք: Երկրորդ` սա Մինսկի խմբի հետ համաձայնեցված գործողություն չէ, եւ դեռ շարունակություն է ունենալու, որի շրջանակում եթե խելացի լինենք եւ Փաշինյան կոչվածին էլ ասպարեզից մաքրած` մինչեւ հայտարարված կետերից յուրաքանչյուրի իրագործման նախապատրաստում, համաձայնեցում, կազմակերպում երկար ճանապարհ կա, մանեւրելու դաշտ եւ հնարավորություններ: 

Նախ, պետք է սպասել մինչեւ այսօր կամ վաղը հայտարարություններ հնչեն Փարիզից եւ Վաշինգտոնից եւ տեսնենք, թե հերթական ռուս-թուրքական համաձայնությունը` ի հաշիվ հայկական շահերի, որքանով ընդունելի կամ մերժելի կթվա Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներին, եւ դրանից ելնելով էլ ինչ է հնարավոր անել:

Գուցե Ռուսաստանն էլ մի շարք կետերի մասին հայտարարել է, հասկանալով, որ դրանց շուրջ համաձայնություններ կարող են երբեք էլ չկայանալ: Օրինակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի որեւէ միջնորդության կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ԱՄՆ-ի համար, դա նշանակում է, որ Թուրքիան չի կարող լինել որեւէ մոնիթորինգային խմբում: 

Ավելին, Մինսկի խմբի երկրների միջեւ կարծես վաղուց պայմանավորվածություն է եղել, որ համանախագահող երկրները չեն կարող լինել խաղաղապահ առաքելություններում: Եթե Ռուսաստանը այդուհանդերձ խաղաղախահ առաքելությամբ եկել է Արցախ, որտե՞ղ է երաշխիք, որ Մինսկի խմբում դրան չեն ընդդիմանա եւ վերջնահաշվում խաղաղապահ առաքելությունը բազմազգ չի դառնա` ի հաշիվ սկանադինավյան խաղաղարար-դիտորդների, որոնց ԱՄՆ-ն էր մտադիր բերել: Որքան էլ ԱՄՆ-ում եւ Սպիտակ տանը խառն են հետընտրական գործընթացներով, նրանցից Ալիեւ-Պուտին-Փաշինյան հայտարարության գնահատական եւ ապագայի վերաբերյալ ուրվագծումներ պետք է սպասել: Ի վերջո ԼՂ խնդրի կարգավորման շատ ավելի հայանպաստ տարբերակի քայլերի եւ ժամանակցույցի մասին ԱՄՆ նախաձեռնությամն հոկտեմբերի 29-30-ին Ժնեւից պիտի հայտարարվեր: Ժնեւի տարբերակը Մոսկվայի տարբերակով փոխարինելու մասին կարելի է հայտարարել, ինչը արվեց նոյեմբերի 9-ին, բայց դա չի նշանակում փոփոխությունը կանցնի: 

Նախիջեւանի հետ Ադրբեջանի կապի հարցում. ի վերջո մեր ապագա քայլերից է կախված մենք դրա իրագործումը թույլ կտանք, թե դեռ մի հինգ տարի էլ կասենք, թե` ներողություն նման բառի համար` թքած ունենք ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հետ սահմանների բաց կամ փակ լինելու վրա ոչ մի կոմունիացիա էլ չենք ապաշրջափակում, այդ թվում Ադրբեջան-Նախիջեւան կոմունիկացիան: Դա միեւնույնն է Լաչինի միջանցքի հետ ոչ մի կապ չունի: 

Ամենաէականը` սա գիշերն ընդունված եռակողմ հայտարարություն է, որի միակ տեսանելի իրականացումը Ռուսաստանի մուտքն է ԼՂՀ` խաղաղապահի դրոշի ներքո: Մյուս բոլոր կետերի առնչությամբ բազմիցս ասվել է, որ դրանք պատերազմի արդյունքում չեն կարող կարգավորվել եւ այդպես էլ կա: Դրանք կդառնան համաձայնագիր եւ պարտավորություն միայն Մինսկի խմբի համաձայնությամբ, իսկ մինչ այդ կա եւ ճանապարհ, եւ ժամանակ, եւ խաղաղություն: 

Այս պահին էականը Փաշինյանի հեռացումն է իշխանությունից` իր կառավարությունը ժամանակավորապես տեղում թողնելով եւ այլ վարչապետ նշանակելը: Այնուհետեւ, հաջորդ խնդիրը երկրում ռազմական դրությունը վերացնելը եւ Մինսկի խմբին, ԵԱՀԿ-ին, եթե հարկավոր է` ՄԱԿ ԱԽ-ին դիմելը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջը ընթացող զարգացումների վրա մորատորիում դրվի, խաղաղապահները իրադրությունը պահեն ինչպես կա, մինչեւ հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն եւ Արցախի հարցում ոչ թե հայտարարություններ անելու, այլ համաձայնագիր ստորագրելու մանդատ ունեցող կառավարության ձեւավորվի: Նախագահ Արմեն Սարգսյանը հենց այս ուղղությամբ պետք է աշխատի: Նախկին նախագահներն էլ թերեւս ճիշտ կվարվեն եթե այդ ընթացքին սատարեն:   

Վերջում, կրկին` հայտարարությունը հայտարություն է, ոչինչ ավելին: Մանավանդ Մինսկի գործընթացից դուրս ինչ-որ հայտարարարություն: Մինագամայն հնարավոր է, որ այս համաձայնությունից վերջնահաշվում միայն ռուս խաղաղապահների տեղակայումը իրականություն կդառնա, ուրիշ համարյա ոչինչ: