Միշտ կարելի է գտնել մի 5 հազար խելագար, որոնք պատրաստ կլինեն ապակայունացնել երկիրը

Միշտ կարելի է գտնել մի 5 հազար խելագար, որոնք պատրաստ կլինեն ապակայունացնել երկիրը

Անգամ ամենաչընտրված նախագահն ու վարչապետն էլ անցյալում կարող էին եւ բոլոր երկրներում կարող են կոչ անել մարդկանց՝ այս կամ այն քայլը կատարել։ Ձեր կարծիքով, ասենք, Հովիկ Աբրահամյանը չէ՞ր կարող կոչ անել, որ մի 5 հազար մարդ առավոտյան արթնանա ու գնա արգելափակի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները։ Որքան էլ Հովիկ Աբրահամյանին չսիրեին Արարատից, Մխչյանից մի քանի հազար մարդ, իր ազգուտակը, իր օգնական-վարորդները, նրանք, ում ինքը աշխատանք է տվել, ինչ որ հարցերում օգնել, կարձագանքեին նրա կոչին։

Կարձագանքեին նաեւ նրանից ակնկալիք ունեցողները՝ պաշտոն, արտոնություն խնդրողները։ Եւ կստացվեր, որ Հովիկ Աբրահամյանը՝ հայտնի մականունով, «վայելում է ժողովրդի վստահությունը»՝ կարող է մարդկանց փողոց հանել, պարալիզացնել ինչ որ կառույցների աշխատանքը, ցուցադրել, որ իր կողքին զանգված կա, ինքը քաղաքական հենարան ունի։ Բայց նման բան անցյալում ոչ մեկի մտքով չի անցել, հուսով ենք՝ ապագայում էլ չի անցնի։

Որովհետեւ իշխանությունը ի չարը գործադրել չի կարելի, սեփական ընտրողին եւ թիմին փորձությունների ու ավանտյուրաների տանել չի կարելի։ Դա հղի է տարբեր վտանգներով։ Եթե անգամ քո հրահանգով դատարանները արգելափակած մարդկանց զանգվածը քո աչքն է շոյում, ինքնավստահություն ներշնչում, կամ՝ ապահովության զգացում հաղորդում։

Պետական ինստիտուտները պետք է գործեն, անգամ եթե նրանք վատ են կատարում իրենց պարտականությունները։ Նույնն է, որ կառավարությունը կամ նախարարությունները փակվեն, քանի որ կան նրանց աշխատանքից դժգոհ մարդիկ։ Կամ՝ փակվեն բոլոր լրատվամիջոցները, քանի որ մեր ընթերցողների մի մասը չի հավանում մեր հրապարակումները, կամ՝ քանի որ կան նաեւ անգրագետ ու ծախու լրագրողներ։

Առհասարակ՝ պետության ղեկավարի գործը ոչ թե պարալիզացնելն է, պերմանենտ հեղափոխությունների ու ցնցումների մեջ երկիրը գցելը, այլ բարեփոխումներ անելը, ինստիտուտները կայացնելը, աշխատեցնելը։

Եւ երբ դու փորձում ես դատական ռեֆորմ անել, դա չի նշանակում 240 դատավորին միանգամից ազատել աշխատանքից։ Նախ՝ այդ դեպքում ումով ես փոխարինելու նրանց։ Չէ որ դատավոր նշանակվելը խաղ ու պար չէ եւ փողոցից մարդու չես կարող նշանակել։ Գոնե՝ դատական դպրոցի շրջանավարտ պետք է լինի՝ օրենքը դա է պահանջում։ Երկրորդը՝ ինչ երաշխիք կա, որ նորերն ավելի լավն են լինելու փորձառուներից։ Երրորդ՝ եթե նրանք նախկին համակարգի մասնիկն են կազմում եւ նրա հրահանգով ու պատվերով են գործում, ապա նախկիններն այլեւս չկան եւ հրահանգն էլ կարծես չի գործում։ Ավելի շուտ գործում է նոր իշխանության հրահանգը։ Կտաս՝ արդար եւ օբյեկտիվ արդարադատության հրահանգ, կստանաս հենց այդպիսի արդարադատություն։ Եւ երբ մարդիկ ասում են բարեփոխում, ոչ կադրային ջարդ են հասկանում, ոչ դատարանների արգելափակում։