«Գլխավոր մատաղացուն» Արթուր Վանեցյանն է

 «Գլխավոր մատաղացուն» Արթուր Վանեցյանն է

 

Իշխանական ֆեյքերը նաև  տեղեկություն են հաղորդում, այնպես որ կարելի է «հանդուրժել», երբ նրանք   հազարների են հասնում։ Հանդուրժել՝ հանուն այն տեղեկատվության, որ հաղորդում են մեզ։  Եթե ավելի աչալուրջ լինենք օձի թույնից էլ կարելի է դեղ պատրաստել։ Ա՜յ, օրինակ, իշխանական ֆեյքերին հետևելիս կարելի է ասել՝ ում օգտին են աշխատում թեկուզ  վերջին դեպքերի առթիվ՝ Արթուր Վանեցյանի՞, թե՞ Դավիթ Սանասարյանի։ Ըստ այդմ էլ կարծիք կազմել՝ իշխանությունն ինչ է մտադիր անել։   

Քանի օր է՝ ուշադիր հետևում եմ․ այդ ֆեյքերին անուն առ անուն շատ լրագրողներ գիտեն, նրանք իրական օգտատերերի նման աշխատում են ու չեն փակվում։ Իշխանության հանդեպ մի փոքր այլակարծություն, անմիջապես վրա են տալիս՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն․․․

Ինչևէ, ու՞մ օգտին են աշխատում իշխանական ֆեյքերը։ Միանշանակ կարելի է ասել՝ Դավիթ Սանասարյանի։ Ֆեյքերը Դավիթ Սանասարյանի մասին հասարակական դրական իմիջ են ձևավորում։ Հավանաբար, տարբեր նկատառումներով։Գործում է այս սխեման՝ բարձրացնել Դավիթ Սանասարյանի դրական իմիջը, ձևավորել հասարակական կարծիք։ Եթե հաշվի առնենք, որ ֆեյքերը  ուղղորդված են աշխատում, ինչպես այն զինվորները, որոնց հրամանատարն ասում է՝ կրակ կամ հանգիստ, այս կամ այն ուղղությամբ կրակել, պետք է ենթադրել, որ իշխանությունը, ինչքան էլ զարմանալի լինի, Արթուր Վանեցյանի նկատմամբ մեղմ ասած «բարեհաճ չէ»։ Իշխանական ֆեյքերի  գործելակերպը հուշում է, որ պայքարը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ է, Դավիթ Սանասարյանը միջանկյալ օղակ է։ Հնարավոր է, որ ՊՎԾ պետը ևս այս կռվում «մատաղ արվի», բայց «գլխավոր մատաղացուն» Արթուր Վանեցյանն է։