Դաշտում շատ է մեծացել չարությունը

Դաշտում շատ է մեծացել չարությունը

Հարցազրույց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հետ.

- Պարոն Ասատրյան, գրվեց, որ հունվարից մինչեւ հիմա Հայաստանից 121 մլն դոլարի արտահոսք է եղել։ Արտահոսքերը նոր չեն, բայց հաշվի առնելով, որ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, արդյոք դա չի՞ վկայում, որ կապիտալը դուրս է գալիս, ու հին համակարգը չի կարողանում հարմարվել նոր Հայաստանի իրողություններին։

- Նախ, նման ցուցանիշների վերաբերյալ նման ուղղակի դատողություններ այնքան էլ ճիշտ չէ անել, որովհետեւ մենք ազատական շուկա ենք, եւ մեր տնտեսության թիվ 1 գրավականներից մեկն այդ ազատականությունն է։ 

Նախ՝ ընդհանուր միտումը․ վերջին տարիներին անընդհատ գործ ենք ունեցել ուղղակի ներդրումների հոսքի հետ։ Սա հայտնի է եւ սա պայմանավորված է մեր տնտեսության առանձնահատկություններով։ Մենք փակ տնտեսություն ենք, երեկ էլ, այսօր էլ, դեռ երկար ժամանակ, որը փողի պահանջ չունի։ Ժամանակին ասում էինք՝ մենաշնորհներ, իշխող դիրք ունեցողներ, կոռուպցիա, որոնք բերեցին՝ Հայաստանի տնտեսությունը դրեցին փակ համակարգի մեջ, որտեղ յուրաքանչյուր ոլորտում որոշիչ դիրք ունեցողն ինքն էր հարցերը որոշում։ Եվ դրսից ներդրումների հնարավորություններն էապես սեղմված են, կրճատված։ Սա մեր տնտեսության առանձնահատկությունն է, եւ այս միտմամբ երեւույթի հետ գործ ունենք։ Այո, այս տարի մենք նաեւ գործ ունեցանք, բացի ամեն ինչը՝ նաեւ որոշակի արտահոսք։

Սա տեսանելի է․ ապրիլ-մայիսների ընթացքում շուրջ 200 միլիոնի ծավալի արտահոսք եղավ։ Բայց եթե այդ՝ ներհոսք-արտահոսք թվերը համեմատենք, այս պահին արտահոսքի մասով ցուցանիշը լինելու է ավելի մեծ, քան նախորդ տարիներին։ Ու սրա տակ ամեն ինչ էլ կարող ես հասկանալ։ Ի վերջո, բոլորս հասկանում ենք, որ այստեղ մեծ է կոռուպցիոն տարրը․ տարիներ շարունակ մեր բիզնեսում կոռուպցիոն էլեմենտը շատ մեծ է եղել։ Մենք գիտենք, որ բիզնես-իշխանություն սերտաճումը հասել էր բացարձակ մակարդակի։ Այն աստիճանի, որ որեւէ ոլորտում եկամուտ ստանալու համար կա՛մ պետք է լինեիր առաջին դեմքի եղբայրը, մտերիմը, կա՛մ պետք է լինեիր ինչ-որ պաշտոնյա, որին թույլատրված էր այս կամ այն բիզնեսով զբաղվել։ Պարզ է, որ այդ ճանապարհով վաստակած փողերի մի մասը պետք է դուրս գար… Ես հուսով եմ, որ գալիք տարում այդ հոսքը կկրճատվի, կնվազի կամ կվերանա։ Բայց, ամեն դեպքում, այս երեւույթը դեռ կա ու դեռ ամբողջությամբ կանխված չէ։ 

- Հիմա այդ եղբոր գործոնը չկա, բիզնեսում «եղբոր գործակցի» մասին ժամանակին շատ էր խոսում Նիկոլ Փաշինյանը, հիմա չկա, ինչո՞ւ չի աշխատում համակարգը․ հինը քանդվել է, նորը չի՞ աշխատում։

- Չի կարող այդքան շուտ աշխատել։ Այն տեսական ուրույն համակարգ էր, որը որոշակի տեսք էր ստացել։ Տնտեսական կառուցվածքի առումով մեր երկրում էական տեղաշարժեր են տեղի ունենում։ Պատկերը հետեւյալն է․ ժամանակի ընթացքում առաջնայնություն են ստացել այն ոլորտները, որոնք աշխատում են կարճ ցիկլով․ առեւտուր, մատակարարում, սպասարկում, բոլոր այն ճյուղերը, որոնք գտնվում էին շահեկան վիճակում։ Օրինակ՝ էս հանքահումքային հատվածները։ Այստեղ ընդամենը պետք է արտոնություն ունենալ, կորզել, արտահանել…

- Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դա չի լինելու։

- Այս տարվա ընթացքում այդ երեւույթն արդեն տեսանելի է։ Տեսեք, 10 ամիսների ընթացքում ունեցել ենք… տնտեսական ակտիվության ցուցանիշ, այո, տարեսկզբից նվազել է։ Անցած տարվա ցուցանիշով՝ եղել է մոտ 7,5 տնտեսական աճ, որտեղ էլի հարցականներ կան, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ 7․5 տոկոսի պարագայում մեր կյանքը չէր լավացել։ Հնարավոր է պղնձի եւ մոլիբդենի այդ հանքանյութը 10-15 տոկոսով ավելի շատ է արտահանվել, բայց տնտեսական աճ ու զարգացում՝ 7․5 տոկոսով, չի եղել։ Ավելի շատ կարելի է խոսել այն մասին, որ անցած տարվա ընթացքում որոշակի կայունացում տեղի ունեցավ՝ տնտեսության մեջ երկարաժամկետ էական տատանումների ներքո։ 2008-2009 թթ․ ճգնաժամից հետո մեր տնտեսությունն այդպես էլ ուշքի չեկավ։ Տարի էր լինում, որ մի քիչ ավելի մեղմ, մի քիչ ավելի ակտիվ տնտեսական աճ կար, բայց դրան հաջորդում էր աճի տեմպերի էական անկումով տարի։

Նաեւ հիշում եք՝ 2016-ին մենք զրոյական տնտեսական աճ ենք ունեցել։ 2017-ն ավելի դրական էր, բայց խոսել, որ համակարգային փոփոխություններ են եղել ու տնտեսության զարգացման երաշխիքներ եղել են, իհարկե, ոչ։ Հիմա էս էր այդ ժառանգությունը։ Սա շատ վատ ժառանգություն է, որովհետեւ մեր տնտեսությունը նման է մի դաշտի, որտեղ տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են իրար վրա կուտակվել։ Ես սա ժամանակին համեմատել էի մինչեւ առաստաղ լցված ախոռի հետ։ Ամեն տեղ լցված է կեղտը, պետք է մաքրել։ Տնտեսական համակարգը պետք է հիմքից՝ տակից դրվի եւ տեսք ստանա։ Եվ քանի որ խոսում ենք այս տարվա աճի մասին, եթե նայում ենք ցուցանիշներին, ապա աճի տեմպերի նվազում կա, եւ ես նաեւ կարծում եմ, որ այս 6 տոկոսն էլ չի պահպանվելու, ավելի ցածր է լինելու։ Բայց այստեղ կան թե՛ դրական, թե՛ բացասական երեւույթներ։ Դրականն այն է, որ հանքարդյունաբերության տեսակարար կշռի անկում կա։ Տեսեք՝ 2017-ի տարեսկզբի համեմատ այս տարեսկզբին հանքարդյունաբերությունը կազմել է նախորդ տարվանից 14 տոկոսով պակաս։

Այսինքն, ունենք տնտեսական ակտիվություն՝ 6 տոկոս, արդյունաբերության աճ՝ 4․5 տոկոս, բայց արդյունաբերության 4․5 տոկոսանոց աճը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հանքարդյունաբերության մեջ մոտ 14 տոկոսանոց անկում է եղել։ Ես լսել եմ քննադատներին… կներեք, մի քիչ անլուրջ է։ Իրականում առողջացման պրոցեսը սա է։ Եվ պետք է նշեմ, որ առանձին ոլորտներ բավականին տպավորիչ աճ են ցույց տալիս։ Օրինակ՝ հագուստի արտադրություն․ անցած տարվա համեմատ 138 տոկոսով ավելացել է… Իհարկե, սա փոքր ոլորտ է, բայց ակնհայտորեն դրական է։ Մանածագործություն՝ 21,7 տոկոս աճ։ Միտումը սա է։

- Ուրեմն ինչո՞ւ է Հրանտ Բագրատյանն այդքան հոռետես։

- Չեմ կարող ասել՝ իրեն հարցրեք։ Գիտեք, շատ ուշադիր դաշտին չեմ հետեւում, բայց տեսնում եմ, որ դաշտում շատ է մեծացել չարությունը։ Ակնհայտ դրական տեղաշարժերը չտեսնելու մեծագույն ձգտումը նախընտրական պայքարի ժամանակ ակնհայտ էր։ Եվ կրկնեմ՝ ամենակարեւոր ցուցանիշը, որ հեղափոխության արդյունք պետք է համարել, ժողովրդագրական իրավիճակի որակական տեղաշարժն է․ 9 ամսվա ընթացքում միտումները ցույց են տալիս, որ մենք տարին փակելու ենք բնակչության շարժի դրական սալդոյով։ Այսինքն՝ Հայաստանից ավելի քիչ է գնալու, քան ժամանելու։ Դեռ շուտ է, բայց իմ գնահատականով՝ սպասումը 5-10 հազարի չափ է լինելու։ Հիշեցնեմ, որ վերջին 10 տարիներին զայրանում եմ, երբ հանրապետականներն այդպես խոսում են, Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է 430 հազարով։ Սա սարսափելի թիվ է։ Ինչքան խոսում են տնտեսական աճ եւ այլն, այս ցուցանիշն է որոշում՝ եղե՞լ է տնտեսական աճ, թե՞ ոչ։