Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը նրա խոշտանգումն էր

Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը նրա խոշտանգումն էր

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչը նշանակում է, որ երկրում իսկապես իրավիճակ է փոխվել։
Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանը։ 

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ հիշեցրեց աստվածաշնչյան այն խոսքը, որ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում։ 
Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ակցիաները նա համարեց հակապետական։ 

Նա հիշեցրեց, որ կա սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը, նաեւ՝ դրա իրավաքաղաքական գնահատականը։ Վարուժան Ավետիսյանը կարեւորում է անցումային արդարադատությունը, լյուստրացիայի անցկացումը։ 
Ժիրայր Սեֆիլյանն էլ հիշեց, որ այս տարի կորցրեցին իրենց ընկերներին՝ Իգոր Մուրադյանին եւ Արայիկ Խանդոյանին։


Նա համոզված է, որ Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը ոստիկանությունն ու բանտային անմարդկային պայմաններն են, դատարանի նկուղում խոշտանգումը։ Սեֆիլյանը նշեց, որ Արայիկի նկատմամբ բոլոր մեղսագործները պետք է պատասխան տան։ Նա դրական համարեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում կարող է ձեւավորվել քաղաքական դաշտ։ 
«Բազմաթիվ նոր կուսակցություններ են գրանցվում, ինչը մենք ողջունում ենք, նաեւ հասկանում ենք, որ գաղափարական դաշտ կձեւավորվի։ Այժմ մենք ոչ միայն ունենք հնարավորություն՝ ստեղծելու կազմակերպություն։ Եթե մենք դուրս մնացինք ԱԺ-ից, դա չի նշանակում, որ չենք կարող լիարժեք մասնակցել քաղաքական կյանքին։ Դա կլինի ոչ միայն արտախորհրդարանական, այլեւ խորհրդարանական ձեւով, լսումներին մասնակցելով, որից միայն կշահի մեր երկիրը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։ 


Անդրադառնալով Նախիջեւանի հատվածում հօգուտ ադրբեջանցիների դիրքային փոփոխություններին՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ դրանք տեղի են ունեցել գարնան սկզբին, երբ ինքը դեռ բանտում էր։ Նա համարում է, որ հակառակորդը սողոսկող դավադրության միջոցով իր դիրքերը մոտեցրել է։ Նա նկատեց, որ հայկական կողմը պետք է ուշադիր եւ համարձակ լինի եւ կանխարգելիչ գործողություններով զսպի հակառակորդի քայլերը, մասնավորապես՝ այն հատվածներում, որտեղ հակառակորդը շատ մեծ ճանապարհներ վերահսկելու հնարավորություն է ունենում։ 
Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք տեղեկացված են, թե ինչ պատճառով է հեռացվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, սակայն այդ պատճառը պետք է լիներ շատ ավելի հիմնավոր եւ հրապարակային, որպեսզի ամբողջ ժողովուրդն իմանար այդ մասին։ 


Միաժամանակ Սեֆիլյանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին մինչեւ վերջ իրականացնել սկսած փոփոխությունները, թեեւ իրենք ոչ մի խնդիր չունեն Բակո Սահակյանի հետ։ Նրա կարծիքով՝ Արցախում ավելի հեշտ կլինի իրականացնել փոփոխություններ, ուստի հորդորեց Նիկոլ Փաշինյանին Արցախում սկսել քաղաքական արմատական փոփոխությունների շրջան։ 


Վարուժան Ավետիսյանը, ի պատասխան լրագրողների հարցերի, նշեց, որ իրենք 2016թ․ ունեին ապստամբելու իրավունք։ Նա պնդեց, որ առնվազն երկու ոստիկանի սպանության հետ «Սասնա ծռեր» խմբի անդամները չունեն առնչություն, նրանց սպանել է ռեժիմը։ Ըստ նրա՝ մյուս ոստիկանի մահվան պատճառն էլ դարձյալ ռեժիմն է, որն առաջացրել է ապստամբության անհրաժեշտություն։ Եվ եթե չլիներ այդ ապստամբությունը, ապա, ըստ նրա, մենք կունենայինք տասնյակ հազարավոր զոհեր։