ՀՀ ԱԳՆ-ն «որևէ հրավեր թուրքական կողմից չի ստացել» 

ՀՀ ԱԳՆ-ն «որևէ հրավեր թուրքական կողմից չի ստացել» 

Հունիսի 17-ին «Հրապարակ» թերթն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հարցեր էր ուղարկել, որոնք առնչվում էին Լեռնային Ղարաբաղի / Արցախի հակամարտության կարգավորմանն ու Թուրքիայում հունիսի 18-ից 20-ը տեղի ունեցած Անթալիայի Դիվանագիտական ֆորումին։

Հարցման պատասխանի տակ դրված է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանի ստորագրությունը։

1․ Ի՞նչ հնարավորություններ է տեսնում արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Այս հարցին ի պատասխան դիվանագիտական գերատեսությունից տեղեկացրել են, որ ԱԳՆ մոտեցումները Լեռնային  Ղարաբաղի հիմնահարցի կարգավոևրման հարցում հստակորեն շաարդրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո, 2020թ դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթում։ Պատասխանում ներկայացվել է նշված ելույթի համապատասխան հղումը ։

Ելույթում ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշել էր, որ «Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերջերս օկուպացված [ԼՂ 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված] տարածքներում հայերը ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ այն սակավաթիվները, ովքեր մնացել են՝ սպանվել կամ խոշտանգվել և վտարվել են իրենց պատմական հայրենիքից ադրբեջանական զինված ուժերի կողմից»։ 

Ըստ Այվազյանի՝ այս իրողությունը հստակորեն վկայում է, որ «Արցախի հայերը չեն կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո»:

Այնուհետև Այվազյանը թվել էր, թե որ կետերն են ընդգրկում ԼՂ հակամարտության՝ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանն ուղղված լուծումը՝

«․ Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, Արցախի ժողովրդի անվտանգությունը,

․ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիան,

․ վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,

․ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը»:

2․ Հայաստանի և Արցախի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր ․ «Եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղություն ու կայուն խաղաղություն, ապա պետք է ընդունենք որոշումներ, որոնք շատ անարդարացի չեն։ Ինձ թվում է, որ ամեն դեպքում բանակցություններով հնարավոր է համաձայնության գալ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների շուրջ, սահմաններով։ Դեռևս մենք ունենք բավականին ամուր փաստարկ։ Այն կապված է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ։ Ուստի ես այստեղ բանակցությունների համար որոշակի հեռանկար տեսնում եմ»։ ՀՀ ԱԳՆ-ի մոտեցումն ինչպիսի՞ն է։ Ի՞նչ նոր առաջընթաց կա բանակցությունները վերսկսելու հարցում։

2-րդ հարցադրման մասով արտգործնախարարությունը նշել է, որ չի կարող մեկնաբանել նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի թեկնածուներից մեկի կողմից արված հայտարարությունները, քանի որ «դրանք կրում են քաղաքական բնույթ և բացառապես տվյալ ուժի տեսլականներն են ընտրությունների արդյունքում իշխանության գալու դեպքում այս կամ այն հարցի հավանական լուծումների վերաբերյալ»։ 

Դիվանագիտական կառույցը հղում է արել ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի վերոնշյալ ելույթն ու թվել վերը նշված 4 կետերը, որոնք տողերիս հեղինակը արդեն իսկ ներկայացրել է։ 

Նշենք, որ այս տարվա հունվարի 21-ին «Հրապարակը» ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվել էր․ «Կոնկրետ ո՞ր տարածքներ են այս դեպքում [ԵԱՀԿ նախարարական խորհրդի 27-րդ հանդիպմանը ներկայացված կետերում] համարվում օկուպացված Ադրբեջանի կողմից»։ Նաղդալյանը պատասխանել էր, որ այն տարածքները, «որտեղ Արցախի ժողովուրդը/արցախահայությունը ինքնորոշվել է և կառուցել պետականություն»։ 

Այսինքն՝ հետագայում որպես բանակցությունների հիմք ԱԳ նախարարությունը կարող է վերցնել թե՛ նախկին ԼՂԻՄ տարածքը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության / Արցախի Հանրապետության տարածքը։

ԱԳ նախարարությունը չի պատասխանել 2-րդ հարցադրման մեջ նշված հետևյալ հարցերին՝ «Ի՞նչ նոր առաջընթաց կա բանակցությունները վերսկսելու հարցում»։ Ուստի կարելի է ենթադրել, որ դեռևս որևէ առջընթաց չկա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու հարցում։

3․ Ի՞նչ դերակատարում են կարող ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հայաստանը և Ադրբեջանը որևէ կոնսենսուս ունե՞ն բանակցությունների վերսկսման համար։

ԱԳՆ-ն պատասխանել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որի «հովանու ներքո էլ բանակցությունների միջոցով պետք է ձեռք բերվի ԼՂ հակամարտության տևական և կայուն կարգավորումը»։ Դիվանագիտական գերատեսչությունը հաղորդել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և համանախագահ երկրների ներկայացուցիչները հանդես են եկել մի շարք համատեղ հայտարարություններով և կոչ են արել կողմերին [Հայաստանին և Ադրբեջանին] շուտափույթ կերպով վերադառնալ խաղաղ գործընթացին՝ բանակցությունների միջոցով հակամարտության տևական և կայուն լուծման հասնելու նպատակով։ 

«Իրենց հայտարարություններում համանախագահները հստակ ընդգծել են բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց՝ իրենց հայրենիք վերադառնալու, Արցախում և դրա շուրջ պատմամշակութային ժառանգության պահպանման, հումանիտար աջակցության հասանելիության ապահովման կարևորությունը վստահության մթնոլորտի ստեղծման և հակամարտության վերջնական լուծման հասնելու համար», - նշված է արտաքին գործերի գերատեսչության պատասխանի մեջ։

ԱԳՆ խոսքում նշվում է նաև, որ հայկական կողմը պատրաստակամ է վերոնշյալ մոտեցումների հիման վրա վերսկսել խաղաղ գործընթացը, «ինչի մասին բազմիցս հայտարարվել է համանախագահների և միջազգային գործընկերների հանդիպումների ընթացքում»։

Նշենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում»։ Որից և հետևում է, որ բավականին դժվար կլինի Բաքվին բերել բանակցությունների սեղան։ 

4․ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ [հունիսի 16-ին, քանի որ հարցումն ուղարկվել է հունիսի 17-ին] մամուլի ասուլիսին, որը վերաբերում էր երկրի Անթալիա նահանգում Դիվանագիտական ֆորումի նախապատրաստմանը, հայտարարել էր, որ Հայաստանից նույնպես ներկայացուցիչներ են հրավիրվել մասնակցելու Հարավարևելյան եվրոպական համագործակցության գործընթացի (South-East European Cooperation Process / SEECP) գագաթնաժողովին: ՀՀ ԱԳՆ-ն ի՞նչ պատասխան է տվել թուրքական կողմին։ Եվ եթե դրական պատասխան է տրվել, ապա ո՞վ է մասնակցում կամ մասնակցելու հիշյալ ֆորումին։ Թուրքիայի արձագանքն ինչպիսի՞ն է եղել հայկական կողմի պատասխանին։ Ի՞նչ հարցեր պետք է քննարկվեին գագաթնաժողովի ժամանակ, եթե հայկական կողմին ներկայացվել են դրանք։

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հարավարևելյան համագործակցության գործընթացի գագաթնաժողովին հայկական ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ որևէ հրավեր թուրքական կողմից չի ստացել», - ասված է ԱԳ նախարարության պատասխանի մեջ։

Նշենք, որ Թուրքիայի Անթալիայի նահանգի Բելեք ծովափնյա քաղաքի  «Նեսթ Կոնգրեսս» (Nest Congress) կենտրոնում կայացած Դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Հարավային Կովկաս. նոր հնարավորություններ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության համար» թեմայով քննարկմանը հունիսի 19-ին մասնակցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արտաքին քաղաքական և անվտանգային հարցերով նախկին խորհրդական (1991-1997), էնն-Արբորում Միչիգանի համալսարանի պատմագիտության պրոֆեսոր, ազգությամբ հայ դոկտոր Ժիրայր Լիպարիտյանը, ով ԱԳՆ ներկայացուցիչ չէ և տարբեր ձևաչափերով որպես փորձագետ մասնակցում է ԼՂ համամարտությանը վերաբերող քննարկումներին։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, միջազգային փորձագետ Մեթյու Բրայզան, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը)` թյուրքական աշխարհի և միջազգային հարաբերությունների հարցերով փոխնախագահ, պրոֆեսոր Քամիլ Այդընը։ Պանելային քննարկմանն անդրադարձ է եղել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։