Ֆիասկոյի դարձերեսը 

Ֆիասկոյի դարձերեսը 

Սասնա ծռեր համահայկական ինքնանվանվող կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել մարտի 23-ին Արցախի Մարտունի քաղաքում հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումն իբր թե խոչընդոտելու մասին:Շարադրված է մի պատմություն, թե ինչպես է «Ցավ» մականունով հայտնի Սամվել Աբրահամյանը մեքենայով հերթապահել մշակույթի տան բակում, ինչպես են հարակից փողոցներում մեքենաներով վիրաժներ արել այլ անձինք, որոնց «ճնշմանը ենթարկվել են բազմաթիվ քաղաքացիներ»:

Ընդ որում, Սասնա ծռերն այդ ամենը կապել են Ազատ հայրենիք կուսակցության եւ նրա նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ ընդսմին չվկայակոչելով որեւէ քիչ թե շատ վստահություն ներշնչող փաստ: Արտառոց է, մանավանդ, որ հայտարարության հեղինակները Սամվել Աբրահամյանին մեղսագրում են մարտիմեկյան իրադարձություններին մասնակցություն՝ դարձյալ առանց կոնկրետ փաստի հիշատակման: Դա մարդու անմեղության կանխավարկածի կոպտագույն ոտնահարում է:

Ընդ որում՝ մի խմբավորման կողմից, որի անդամների մի մասը դեռեւս ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալի կարգավիճակում է եւ կալանքից ազատ է արձակվել միայն քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում: Բայց դա, ինչպես եւ մարտիմեկյան կամ բերձորյան դեպքերը բոլորովին այլ թեմա են: Տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ Սասնա ծռերը, Հայաստանի քաղաքական կյանքում հայտնվելով լուսանցքում, փորձ են ձեռնարկել ֆիասկոն փոխհատուցել Արցախում ինչ-որ դերակատարությամբ: Կուսակցությունը տեղում ստեղծել է «դուստր-ձեռնարկություն»:

Ծռերի արցախյան թեւը, սակայն, չունի քաղաքական գործունեության նվազագույն իսկ փորձառություն անցած, հանրային որեւէ հեղինակություն վայելող գործիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել, որ արցախյան հանրության հետ «լուսավորչական աշխատանքներին» ներգրավվեն Երեւանից գործուղվածները: Այդ մարդկանց Արցախում ոչ ոք ոչ միայն չի ճանաչում, այլեւ չի սպասում:

Արցախում գործում են տասնյակից ավելի կուսակցություններ, եւ արցախցին իր քաղաքական հետաքրքրությունները բավարարելու համար ունի բոլոր հնարավորությունները: Դա է պատճառը, որ Ծռերին չի հաջողվում թե Ստեփանակերտում, թե Արցախի շրջաններում հավաքել լսարան, նրանց հանդիպումներն անցնում են դատարկ դահլիճներում: Քաղաքական ֆիասկոն ակնհայտ է: Բայց Ծռերը, փոխանակ հետեւություններ անելու եւ հասկանալու, որ իրենց «լուսավորչությունն» Արցախում հանրայնորեն պահանջված չէ, ընտրել են այլ ճանապարհ՝ տպավորություն ստեղծել, թե իշխանությունները կամ նրանց մոտ շրջանակները խոչընդոտներ են ստեղծում, մարդկանց շրջանում սերմանում վախ եւ այլն:

Քաղաքական ֆիասկոյի դարձերեսն, այսպիսով, դառնում է էժանագին բամբասանքը: Կամ՝ սպառնալիքը, որը Ծռերի ոճի մեջ է: Փորձ է արվում Արցախում լարվածություն սադրել, գնալ ինչ-որ արկածախնդիր քայլերի: Ըստ երեւույթին, Ծռերն այդպես էլ չեն ադապտացվում օրինական քաղաքական միջավայրում: Նրանց տարերքն էսքտրեմալ վիճակն է: Բայց արժե՞ սեփական ամպլուան եւս մեկ անգամ դրսեւորելու համար փորձադաշտ ընտրել Արցախը:

Մի՞թե դժվար է զբաղվել օրախնդիր կոսւակցաշինական գործունեությամբ՝ նպատակ ունենալով մասնակցել եկող տարվա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: Երեւի հասկանում են, որ գործընթացն իրենց համար չէ, ուստի որոշել են էքստրիմ բեմականացնել: Ո՞րն է լինելու Արցախի պատկան մարմինների արձագանքը: