Մարությանը սեւից անցավ դեղին գույնին՝ պայքար խատուտիկների դեմ

Մարությանը սեւից անցավ դեղին գույնին՝ պայքար խատուտիկների դեմ

Թվում էր, թե Հայկ Մարությանի պայքարը գույների դեմ կսահմանափակվի միայն Հյուսիսային պողոտայի սև երանգներով ցուցափեղկերի ու պաստառների ապամոնտաժմամբ, բայց արի ու տես, որ քաղաքապետը պատերազմ է հայտարարել  նաև դեղին խատուտիկներին։

Մեզ ահազանգեցին, որ քաղաքապետարանի աշխատակիցները «մահ դեղինին» օպերացիան են իրականացնում՝ ոչնչացնում են քաղաքապետարանի դիմացի գազոնների դեղին խատուտիկները։ Շտապեցինք դեպքի վայր, եւ հասանք այն պահին, երբ քաղաքապետարանի շենքին հարակից կանաչապատ տարածքը ամբողջությամբ մաքրել էին դեղին ծաղիկներից։ Աշխատակիցները չցանկացան մեր հարցերին պատասխանել, միայն ասացին, որ նման հանձնարարություն ստացել են «պարոն Խաչատրյանից»։

Խատուտիկների «գենոցիդին» ներկա գտնված քաղաքացիներից մեկը նշեց, որ հարցուփորձ է արել աշխատակիցներին, ասել են, որ քաղաքապետը հանձնարարել է գազոնը մաքրել դեղինից, քանի որ կանաչապատ տարածքը պետք է միմիայն կանաչ լինի․

«Ես գործով քաղաքապետարան էի եկել, տեսա՝ քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքն էր։ Կլինեին 20 հոգի՝ իրենց աշխատանքային կարմիր շորերով, միայն դեղին ծաղիկներն էին հավաքում։ Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք միայն դեղին ծաղիկները հավաքում, ասում են՝ քաղաքապետը կարգադրել, ասել է՝ սա որ ցանել են, կանաչ գույնի համար են ցանել։ Ասում եմ՝ սա բնություն է, գեղեցկություն է, ո՞նց կարելի է, ծիծաղում էին, ասում էին՝ ի՞նչ անենք, քաղաքապետն այդպես է կարգադրել, որ դեղին գույնը վերացնենք։ Հավաքեցին, պարկերով տարան»,- ասաց քաղաքացին։