Ինչու է Թորոսյանը ավելացրել ՄԻԲՍ-ի ֆինանսավորումը

Ինչու է Թորոսյանը ավելացրել ՄԻԲՍ-ի ֆինանսավորումը

Կազմակերպությունների՝ 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների նախագծով որոշվել է ՄԻԲՍ բժշկական կենտրոնին տրամադրել 57 միլիոն դրամ, այսինք՝ մոտ երկու անգամ ավել, քան 2018 թվականին (անցյալ տարի տրամադրվել էր 25 միլիոն)։

Նախարարությանը գրավոր հարցում էինք ուղարկել՝ հասկանալու համար, թե ի՞նչ հիմքերով է բարձրացվել ԲԿ-ին տրավադրող գումարի չափը։ Ի՞նչ նոր ծրագրեր պետք է իրականացնի «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը՝ նկատի ունենալով, որ մի շարք պետական բժշկական կենտրոնների ֆինանսավորումը նվազեցվել է։ Նախարարությունից տվել են հետևյալ պարզաբանումը․

«Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններում կազմակերպությունների պայմանագրային գումարների միջև առկա անհամամասնությունների աստիճանական վերացման համար 2019 թվականի պայմանագրային գումարների հաշվարկման ընթացքում կիրառվել են համահարթեցման մոտեցումներ: Ինչ վերաբերում է «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի կողմից ծառայությունների մատուցմանը, հայտնում եմ, որ 2017 թվականին մերժվել է կազմակերպության պետական պատվերի հայտը և պայմանագիր չի կնքվել, իսկ 2018 թվականին պետական պատվեր տեղադրվել և պայմանագիր է կնքվել մարտ ամսին:

Նույն հզորությամբ և նույն քանակի սարքավորումների առկայության պայմաններում հանրապետությունում կազմակերպությունների պայմանագրային գումարները տատանվում էին 5.0 մլն դրամից մինչև 202.0 մլն դրամ («Արմամաքս» ՍՊԸ), իսկ Երևան քաղաքում ծառայությունը իրականացնող հիմնականան կազմակերպությունների պայմանագրային գումարները տատանվում էին 15.0-202.0 մլն դրամի շրջանակներում: Հաշվի առնելով այս հանգամանքը, «Արմամաքս» ՍՊԸ-ի պայմանագրային գումարներում կատարվել են նվազեցումներ և դրանց հաշվին ավելացումներ են կատարվել ծառայությունները մատուցող այլ կազմակերպությւոններում: Այս ծառայության մասով պայմանագրային գումարներում իրականացվել են ավելացումներ ոչ միայն «ՄԻԲՍ» ՍՊԸ-ում, այլ նաև այս ծառայությունը իրականացնող գրեթե բոլոր կազմակերպություններում: Ավելացումները կազմել են.

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ – 10.4 մլն դրամ

Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ- 20.0 մլն դրամ

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամ – 10.0 մլն դրամ

Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ – 10.0 մլն դրամ

Շենգավիթ բժշկական կենտրոն ՓԲԸ – 10.0 մլն դրամ

Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ – 13.0 մլն դրամ

Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ – 20.0 մլն դրամ

Ախուրյանի մոր և մանկան ԱԿ հիմնադրամ – 5.0 մլն դրամ

Գորիսի բժշկական կենտրոն ՓԲԸ – 5.0 մլն դրամ և այլն:

Արդյունքում համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները 2019 թվականին տատանվում էին 15.0 մլն դրամից մինչև 93.0 մլն դրամ, իսկ Երևան քաղաքում ծառայությունը իրականացնող հիմնական կազմակերպությունների պայմանագրային գումարները գրեթե նույն են և տատանվում են 35.0-55.0 մլն դրամի շրջանակներում»,-պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Հակոբյանը։ Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը նախկիոնւմ եղել է «ՄԻԲՍ» ԲԿ-ի տնօրենը, հիմա այդ պաշտոնը զբաղեցնում է նրա կինը, և ըստ տեղեկությունների՝ ԲԿ-ն Թորոսյանին է պատկանում։