Իմ դուխը տեղն է, գնալու եմ մինչև վերջ․ Արամ Սիմոնյան

Իմ դուխը տեղն է, գնալու եմ մինչև վերջ․ Արամ Սիմոնյան

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ ԵՊՀ 18 աշխատակից փաստացի աշխատանքի չի գնացել, սակայն դրա դիմաց աշխատավարձ են ստացել, որի հետևանքով պետությանը շուրջ 18 մլն դրամի վնաս է պատճառվել։ Նաև մեղադրանք կար, որ Երևանի պետական համալսարանի տարածքում վարձակալական հիմունքներով տնտեսվարող սուբյեկտներից մեկի 2008-2012 թվականներին տված վարձավճարները մասնակի են մուտքագրվել համալսարանի հաշվեհամարին, որի հետևանքով էլ յուրացվել է 9.200.000 դրամ: Իսկ ռեկտոր Արամ Սիմոնյանին էլ մեղադրում են 10 հազար դոլարի համապատասխան գույք որպես կաշառք ստանալու, այսինքն՝ իր բնակարանը վերանորգելու մեջ։ Ինքը՝ ռեկտորը, իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում, նրա խոսքով՝ դա ընդամենը շոու է, բացի այդ նա «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածը։

«Ոչ, 3 մեղադրանքներն էլ շինծու են, սարքված, օդից վերցված բաներ։ Ես իրավական որոշակի օգնություն ստանալուց հետո այսօր հայտարարությամբ հանդես կգամ։ Ես արմատապես մերժում եմ 3 մեղադրանքներն էլ։ Վերջին հաշվով կա անմեղության կանխավարկած, ո՞վ է թույլ տվել, ինձ կաշառակերության մեջ մեղադրել, երբ որ չկա ինձ ուղղված մեղադրանք, երբ որ չկա ապացույց, երբ որ դատարանը նման որոշում չի կայացրել և չի ապացուցվել։

- Դուք հարցաքննվե՞լ եք։

- Ոչ, դեռ չեմ հարցաքննվել, բայց կարծում եմ՝ կհարցաքննվեմ։ Ես դեռ ոչ մի կարգավիճակ չունեմ իրավական առումով ՝ ո՛չ կասկածյալ եմ, ո՛չ մեղադրյալ եմ, բայց արդեն ինձ մեղադրական պիտակները կպցնում են շատ արագ։

- Հնարավո՞ր է, որ հակընդդեմ հայց ներկայացնեք։

- Չեմ բացառում

- Ի՞նչ եք կարծում, այս մեղադրանքնե՞րն էին Դավիթ Սանասարյանի հայտարարությունների վերջնական արդյունքները, և ե՞րբ վիճակը ԵՊՀ-ում կհանդարտվի։

- Այո, սրանք տրամաբանական շարունակությունն էին։ Երկու դեպքում կարող է հանդարտվել, որ ես ֆիզիկապես այլևս չլինեմ, բայց ես կարող եմ ասել, որ իրենք ինձ չեն հասնի, որովհետև ես ինձ շատ լավ եմ զգում, և իմ ինքնազգացողությունն է լավ, և, ինչպես ասում են, իմ դուխը է տեղը։ Այնպես որ ես գնալու եմ մինչև վերջ, իրավական դաշտում, իհարկե։ Իսկ 2-րդը այն է, որ ես գտնում եմ, որ սա ոչ միայն իմ դեմ է, այլ նաև համալսարանի ղեկավար կազմի, համալսարանի դեմ է։ Դասախոսներին այսօր ոստիկանությունը անվանել է գումար հափշտակողներ։ Շատ պարկեշտ անձնավորություններ հանիրավի մեղադրվել են։ Այդ մարդիկ, երևի, տարրական գաղափար չունեն, թե ինչ բան է դասախոսը, ինչպես է նա վճարվում, ի՞նչ աշխատանք է դասախոսի աշխատանքը և այլն։ Այս բոլորն ակնհայտ, կոպիտ սարքված շոու է, որ հիմնական նպատակը համալսարանը խամաճիկ դարձնելն է։