Իշխանությունը թաքցնում է ինֆորմացիան

Իշխանությունը թաքցնում է ինֆորմացիան

Մամուլի դեմ արշավ հայտարարած իշխանությունը սկսել է կեղծել նաեւ պաշտոնական լրահոսը, թաքցնել հյուրերի խոսքերը։ Արդեն քանի օր է` հայկական մեդիադաշտում քննարկվում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպման ժամանակ նրա «պորտը տեղը դրել», անդրադարձել Բաքվում արած հայտարարություններին, որոնք աղերսվում են ղարաբաղյան հակամարտությանը․ «խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները» Վրաստանի նախագահի կողմից: ԱԺ պաշտոնական կայքում մանրամասն եւ ծավալուն ներկայացվում է Միրզոյանի խոսքը, մինչդեռ Վրաստանի նախագահի խոսքից տեղադրվել է ընդամենը մի քանի ընդհանրական նախադասություն․ «Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ եւս կարեւորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը:

Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին»։ Մինչդեռ Վրաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունից պարզ է դառնում, թե ով է ում «պորտը տեղը դնում»։ Սալոմե Զուրաբիշվիլին իրականում պատասխանել է. «Ինչպես գիտեք, Վրաստանում կա օկուպացված երկու տարածք, եւ եթե զրուցում ենք երկու երկրների շահի մասին, մեզ համար գլխավոր եւ միակ շահն է, որ մեր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը լինեն ճանաչված, ճանաչված ոչ միայն բառացի, այլեւ՝ փաստացի: Այդ առումով շատ ցավալի է, երբ Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունները ժամանում են Աբխազիա եւ Հարավային Օսեթիա եւ բարձրացնում հարց, իբր սրանք միանման կոնֆլիկտներ են, որոնում են համաչափություն․ դա ինձ համար շատ ցավալի է: Մենք համարում ենք, որ այստեղ չկա այն բարյացակամությունը, որը պետք է լինի մեր երկրի նկատմամբ»։

Ի դեպ, անցյալում ղարաբաղցի պաշտոնյաները խուսափում էին Աբխազիայի եւ Օսեթիայի պատվիրակություններ ընդունելուց անգամ, իսկ վերջին շրջանում ոչ միայն ընդունում են, այլեւ այցելում են, ապա հպարտ հաղորդագրություններ տարածում այդ մասին։ Մինչդեռ կա կարծիք, որ զուգահեռներն Արցախի եւ վերը նշված պետությունների հետ վնասակար են ու վտանգավոր։