Ընդդիմությունը խորհրդարանում ձեվական բնույթ է կրելու

Ընդդիմությունը խորհրդարանում ձեվական բնույթ է կրելու

7-րդ գումարման խորհրդարանում գրեթե չեն լինի հարցեր, որոնք իշխանությունը չի կարողանա միայնակ՝ առանց ընդդիմության անցկացնել, քանի որ հիմնական օրենքներն ու պաշտոնատար անձանց ընտրությունները հնարավոր է կյանքի կոչել խորհրդարանի 3/5-ի կամ 63 պատգամավորի ձայնով, մինչդեռ «Իմ քայլն» ունի 88 պատգամավոր։ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, «Սահմանադրական դատարանի մասին», «Հանրաքվեի մասին», «Կուսակցությունների մասին» օրենքները, ՄԻՊ ընտրությունը եւ սահմանադրական այլ օրենքներ ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։

Նույնկերպ են ընտրվում Կենտրոնական բանկի նախագահը, ՍԴ, վճռաբեկ դատարանների նախագահները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները։ Մի խոսքով՝ բոլոր կարեւոր օրենքներն ու պաշտոնները։ Հիշենք, որ վարչապետը եւս ընտրվում է պարզ մեծամասնությամբ՝ նախկին պառլամենտում 53, այժմյան պառլամենտում՝ 66 ձայնով։ Ընդդիմադիրների օգնության կարիքը կզգացվի միայն այն դեպքերում, երբ պահանջվի 2/3-ի ձայները, այսինքն՝ 92 ձայն։ Դրանցից մեկը սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, սակայն այս պարագայում էլ օրենքն ասում է, որ եթե տապալվում է 2/3-ով, հաջորդ փուլում կարող է անցնել 3/5-ով։ Պառլամենտական փոքրամասնությունը հնարավորություն ունի նաեւ հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի մեկ քառորդը: Հանձնաժողովը լիազորություն ունի ինչ-որ փաստեր պարզելու: Այստեղ հանրությանը հետաքրքրող հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ, քննիչ հանձնաժողովը կարող է հրավիրել իր նիստերին համապատասխան պաշտոնատար անձանց, զեկույց գրել ու եթե հանցակազմ պարունակող փաստեր ու արարք գտնի, կարող է ուղարկել այն իրավապահ մարմիններին: Հարցի մյուս կողմն է, թե իրավապահներն ինչպես կվերաբերվեն ընդդիմության ներկայացրած փաստերին։

Նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ տեղակալներից մեկն էլ առնվազն պետք է լինի պառլամենտական փոքրամասնություններից, սակայն դա էլ զուտ ներկայացուցչական ապահովվածություն կլինի ընդդիմության համար։

Ընդդիմադիրները կարող են ռեֆերենդումի միջոցով իրենց կողմից հավանության արժանացած օրինագիծը հավանության արժանացնել։ Ըստ Սահմանադրության՝ եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո 60 օրվա ընթացքում օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանն ընտրական իրավունք ունեցող եւս 300 հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող: Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: