Մանրամասներ՝ «Իմ Քայլը» դաշինքի երեկվա նիստից

Մանրամասներ՝ «Իմ Քայլը» դաշինքի երեկվա նիստից

Երեկ երեկոյան Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է գումարել, երեք ժամ տեւած նիստի ընթացքում քննարկել են աշխատանքային կամ ավելի շատ տեխնիկական մի շարք հարցեր: Մասնավորապես, որոշվել է, թե ով որտեղ է նստելու նիստերի դահլիճում։ 

«Իմ Քայլ»-ականներից շատերի մոտ ակնհայտ դիսկոմֆորտ է առաջացել՝ տեղեկանալով, որ զբաղեցնելու են ՀՀԿ-ականների տեղերը: Սակայն նորաթուխ եւ չթրծված գործիչներին սթափության կոչեր է արել Նիկոլ Փաշինյանը: Երեկվա օրակարգային հարցերից մեկն էլ ենթադրվում էր, որ պետք է լիներ աշխատասենյակների բաշխումը, սակայն աշխատասենյակների բաշխում տեղի չի ունեցել կամ քննարկվել է մասնակի: Որոշվել է, որ ղեկավար կազմը կզբաղեցնի նախկինների աշխատասենյակները, մասնավորապես, Ալեն Սիմոնյանը՝ Շարմազանովի, Լենա Նազարյանը՝ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակը, ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահներն էլ իրենց նախորդների կաբինետները: Իսկ շարքային պատգամավորները առայժմ շարունակում են մնալ առանց աշխատասենյակի. «ԱԺ աշխատակազմը պատրաստ չէր, որոշակի խնդիրներ կային, որոնք չէին հասցրել լուծել, այդ պատճառով էլ աշխատասենյակների բաշխում չեղավ»,- տեղեկացրեց իշխող ուժի մեր զրուցակիցը:

Ամենայն հավանականությամբ կիրակի օրը «Իմ Քայլը» կրկին կհավաքվի խորհրդարանում, որպեսզի երկուշաբթի մեկնարկող նիստերից առաջ պատգամավորները առանց սենյակ չմնան: «Իմ Քայլ»-ում որոշել են վիճակահանությամբ բաժանել սենյակները՝ խուսափելով ավելորդ խժդժություններից. բանն այն է, որ նախկին իշխանության ազգընտիրներից շատերն իրենց աշխատասենյակները վերածել էին VIP համարների ու ոմանք մի քանի սենյականոց ընդարձակ տարածքներում էին նիստերի օրերին մի քանի րոպե ներկայանում ու գնում: Որպեսզի «չալաղաջ» պատառների համար նորերը կռիվ չտան, ապա կորոշեն վիճակահանությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել է նաեւ ընդդիմադիր փոխնախագահի հարցը: Խմբակցության ճնշող մեծամասնությունը պաշտպանել է Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ պետք է աջակցել ընդդիմադիր ամենամեծ խմբակցության թեկնածուին, այսինքն՝ ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուին, սակայն եղել են նաեւ ընդդիմացողներ։

Ի վերջո, որոշում չի ընդունվել, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցում «Իմ Քայլը» միասնական որոշում է ընդունելու եւ նույնպիսի քվեարկություն:

Ի դեպ, քիչ առաջ ԲՀԿ-ում տեղի ունեցած քաղխորհրդի ընթացքում որոշում է ընդունվել, որ փոխխոսնակի պաշտոնում ներկայացվելու է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, որի մասին մենք ավելի վաղ գրել էինք: ԱԺ ղեկավար կազմի ընտրությունը, հիշեցնենք, որ տեղի է ունենալու գաղտնի քվեարկությամբ: