Անցումային շրջան

Անցումային շրջան

Անցումային ժամանակները հետաքրքիր են` լինի բնության, թե հասարակության մեջ: Մի՞թե հետաքրքիր չեն ցերեկից գիշեր կամ գիշերից ցերեկ անցումները, անցման վիճակները, որոնք կոչվում են մայրամուտ կամ այգաբաց, տարվա եղանակների անցումները` գարուն-ամառ-աշուն-ձմեռ: Դրանք պայմանավորված են երկրագնդի պտույտով: Հասարակական անցումնե՞րն ինչով են պայմանավորված. իհարկե՛, մարդկանց գիտակցության, ներաշխարհի փոփոխություններով: Մարդը փոխվում է, եւ հնարավոր չէ դա կանխել: 

Իմ ուսանողական տարիներին «Գիտական կոմունիզմ» կոչվող առարկա էինք անցնում: Անկեղծ ասած, հավատում էի կոմունիզմի գաղափարին: Մի անգամ դասախոսը ցանկացավ պատասխանել մեր` ուսանողներիս հնարավոր հարցերին: Ես ձեռք բարձրացրի, եւ հարցս ի՞նչ լիներ, որ լավ լիներ: Ասացի. «Ընկե՛ր Մելիքյան (դասախոսի ազգանունն է), Դուք նմանություն չե՞ք տեսնում կոմունիզմի եւ կրոնի միջեւ. երկուսն էլ` որոշակի վարքագիծ ու ջանքեր ապահովելու դեպքում, պայծառ ապագա են խոստանում: Պարզապես` կոմունիզմը դա խոստանում է երկրի վրա, իսկ կրոնը` երկնքում»: Տեսնել էր պետք «ընկեր» Մելիքյանի դեմքը, սփրթնել էր, ոչինչ չասաց: Իսկ դասամիջոցին համակուրսեցիներս թափվեցին գլխիս եւ ասացին, որ համալսարանից հեռացվելով եթե պրծնեմ, լավ է, կարող է նաեւ հոգեբուժարան տանելու խնդիր առաջանալ (սովետի շատ խելացի մարդիկ կա՛մ արտասահման էին քշվում, կա՛մ` հոգեբուժարան): Ինչո՞ւ եմ հիշում այս ամենը:

Պատմականորեն շատ ժամանակ չի անցել, բայց ինչպիսի՜ տարբերություններ այն ժամանակվա եւ ներկայիս հասարակությունների միջեւ: Կոմունիստներն ուզում էին նոր մարդ դաստիարակել, բայց մարդը հազիվ կարողացավ մարդ մնալ մինչեւ օրս: Սար ու ձորի տարբերությո՜ւն: Այսօրվա սերնդին եթե չփչացնեն վերեւներից (որի վտանգը կարծես թե վերացել է), կոնֆորմիստ-կարիերիստ չդարձնեն զանազան ուսխորհուրդներում եւ այլն, վաղը լավ հասարակություն կունենանք: Հիմա մենք ի՞նչ անցումային փուլում ենք: Հինը ջղաձգորեն դիմադրում է՝ ձեռքը գցելով փրփուրներին, կամ ինչո՞ւ փրփուրներին, եթե ոչ` քաղաքական տիղմի հայտնի կենտրոններին (ՔՏՀԿ): 

Ոչ մի դատավոր չէր ուզում ստանձնել մարտի 1-ի գործի դատավարությունը: Ակամա հիշում եմ լիտվական մի ֆիլմ, որտեղ ոչ ոք չէր ուզում կոլտնտեսության նախագահ դառնալ, որովհետեւ կուլակները սպանում էին: Սքանչելի Բանիոնիսն էր խաղում... Ինչո՞ւ չես դատում, այ մարդ, եթե անմեղ է` արդարացրու, ի՞նչ է եղել: Վերեւից ճնշում` դժվար թե լիներ: Այդ դեպքում ինչի՞ց ես զգուշանում: Զգուշանում ես, երեւի, Հնի հոգեդարձից, մեռելը հանկարծ զարթնի ու ճանկը գցի: Ինչ ասում-անում ենք, մի հատ բլբլոց լինում է. բա Պուտի՞նը: Պուտինը հավե՞րժ է: Այն կողմերում անցումային բաներ չե՞ն լինելու: 

Անբարոյականությունը հասնում է նրան, որ ասում են` չեք գտել մարտի 1-ին 10 հոգու սպանողներին, հանցանքի ապացույց չկա: 10 տարի կրակած փամփուշտի պարկուճ են նիկելապատել, հետքեր են ջնջել, եւ շարքային գործող անձինք էլ, որ կարող են վկայություն տալ, էլի՛ մեր հիշատակած դատավորների վիճակում են. բա որ մեռելը զարթնի՞... Հա, ասենք թե` սպանողներին առայժմ չեն գտել, հետո՞: Գիտե՞ք ինչի է սա նման, մի անհարմար օրինակ բերեմ (որի համար` ներողություն): Կյանքից վերցրած բան է. մի թաղամասում կա հայտնի մարմնավաճառ մեկը, որի մոտ, կներեք, բացի մեծահասակներից, դեռահասները տղամարդ դառնալու «փորձաշրջան» են անցնում: Այսինքն, ողջ թաղը գիտի` ով ով է, ինչ է: Բայց հարաբերությունների սրված մի պահի այդ մարմնավաճառն ասում է` բերեք ապացույցները, տեսանկարահանման նյութերը... Թուրքիայի կառավարությունն էլ է ասում` բերե՛ք ցեղասպանության տեսանկարահանումների նյութերը, աշխարհը շա՜տ բան է ասում... Այդ 10 հոգուն ո՞վ սպանեց: Ոչ ոք, երեւի` Շանթառաքն իր շանթերով` Զեւսը...

Հեռուստաալիքներ են հայտնվել` չգիտեմ որերորդ ալիք կոչեցյալ, հեղափոխության իններորդ ալիքին հակընդդեմ: Օրական մի դուրս գրված («սպիսատ արված») քաղգործիչ է հայտնվում էկրանին կամ մաղձոտ, կարիերայում տապալված, խոշոր ակնոցներով մի ջահել: Մի այլ հեռուստաալիքով էլ հարցազրույցավարը կանչում է` մի հոգի «քայլող» եւ մի հոգի էլ` «բազմաքայլող» (չելովեկ-պաուկ), ու զրույցի կեսից անցնելով անկապ գոռգոռացող «բազմաքայլողի» կողմը, որին դիտմամբ չի ընդհատում, միացյալ ուժերով խեղդում է հրավիրյալ «քայլողին»: 

Պարտված կուսակցության վարքագիծը նման է այն հարեւանի վարքագծին, որ սպասում է կողքի տունը վառվի` մի բան թռցնի թոհուբոհի մեջ կամ... խառը իրավիճակում մի դույլ նավթ լցնի կրակի վրա: Դու հայ չե՞ս, այ ընկեր, այս իշխանությունն անփորձ է` քո փորձից (բայց` լա՛վ հատվածից) մի խորհուրդ տուր: Ի՞նչ կլինի, որ: 

Անցումային ժամանակներ են: Ժողովրդական խոսքն ասում է` էշի պարելու ցանկությունը կամրջի վրա է բռնում: Հին կամրջի վրա պարողներն այլեւս մեզ էշի տեղ չեն կարող դնել, դա հաստատ է: Մի առած էլ կա․ ասում է՝ օձի գլուխը եթե չես ջարդել, ուրեմն սպանած լինելու վերջնական երաշխիք դեռեւս չունես: Մի առած էլ ինձ համար կա ասված` ճիշտն ասողի առնվազն գլուխը ծակ է (կամ եթե ծակ չէ` կծակեն):

Մի քիչ զսպենք մեր թունագեղձերը, առանց այն էլ հազար հոգս ունենք...

Զավեն ԲԵԿՅԱՆ