Արմավիրում ցուցում են տվել քվեարկել մեկի օգտին, եւ երբ նա չի ընտրվել, քաղաքացուն աշխատանքից ազատել են. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի մարզերում և 24-ը՝ ԶՔԳՎ-ում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 71-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրակաշառքին, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:
Արմավիրի մարզային Քննչական վարչությունում ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մասնավորապես՝ Արմավիր քաղաքի բնակչուհին դեկտեմբերի 9-ին ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում բացատրություն է տվել այն մասին, որ, աշխատելով իր բնակության վայրում գտնվող սննդի օբյեկտներից մեկում, իր տնօրենից ցուցում է ստացել 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին: Իսկ այն բանից հետո, երբ տնօրենը տեղեկացել է տվյալ թեկնածուին չընտրելու մասին, ըստ քաղաքացու տված բացատրության, իրեն ազատել են աշխատանքից: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար գործն ուղարկվել է ՀՔԾ:
ՀՀ քննչական կոմիտե
Կարծիքներ