Աշոտ Հովսեփյան. Աֆորիզմներ մեկ նախադասությամբ

Աշոտ Հովսեփյան. Աֆորիզմներ մեկ նախադասությամբ

ԱՇՈՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆԵՐՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԴԻՏՈՒՄՆԵՐ
«ԱՆՎԱՐՁ ԿՏԱՄ ՄՏՔԵՐՍ...» ՇԱՐՔԻՑ

                   ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ

1. Անվարձ կտամ մտքերս, որ գեթ մի գիշեր հանգիստ քնեմ...
2. Ճիշտ է՝ Տիրոջ ջրաղացները դանդաղ են աղում, բայց անզարմանս վստահ են գործում, նուրբ են մանրում ու ճշմարիտ կերակրում հոգին:
3. Ի՞նչ կարողությունների, սատանայական ի՞նչ հունարի տեր պիտի լինի մարդ արարածը, որ անորոշության մեջ կարողանա խորացնել... անորոշությունը։ 
4. Աստծո և ժամանակի թագավորության մեջ, հավերժի մեջ մահկանացուի գոյությունը լոկ մի չնչին ակնթարթ է։
5. Երբ տեսնում ես, որ արդեն բարեկամդ սերտորեն շփվում է թշնամուդ հետ, ուրեմն գիտցիր, որ երկու թշմանի ունես այլևս. մեկն՝ առերևույթ, անթաքույց, մյուսը՝ թաքնաբար։
6. Ծանր է անչափ ու դաժան իրողություն, երբ դեմքդ հարկադրաբար ժպտում է, իսկ հոգիդ անհրաժեշտաբար լաց լինում։
7. Ահավոր է հիասթափվել այն մարդկանցից, ում պատրաստ ես եղել ամեն ինչ տալ։
8. «Ընտրյալներին» և «առաքյալներին» հատկապես ցանկանում եմ ամուր առողջություն և անսահման երջանկություն, միայն թե՝ ինձանից հեռու։
9. Ունայնություն ունայնության. զուր կազմում ես ծրագրեր, մինչդեռ կյանքն իր ծրագիրն ունի։
10. Չափազանց տխուր է, երբ մարդուն այնքա՜ն ցավ են պատճառել, այնքա՜ն են դավել, որ նա հանգիստ կարող է ասել. «Դե լա՜վ, դատարկ բան է, արդեն ընտելական է»։
11. Անարժեք մարդիկ ամենից շատ հետաքրքրվում են իրենց չվերաբերող բաներով։
12. Իմաստունին հարցնում են, թե ինչպե՞ս է, որ երկինքները մաքուր են, ասում է. «Որովհետև այնտեղ մարդիկ չեն բնակվում»։
13. Կորուսյալ սերը ևս, ինչպես և մարդը, չի վերադառնում այնտեղ, որտեղից նրան վռնդել են։
14. Ամենքն իր հոգում ինքը պիտի կառուցի ու պահպանի թեթևության աստիճանի եթերային և անկրկնելիորեն հրաշալի սեփական աշխարհը։
15. Շատ դժվար է հաղթահարել սեփական թերությունները, դրա համար էլ մարդկանց մեծամասնությունը պայքարում է այլոց թերությունների դեմ։
16. Եթե դուք մուտք եք գործում ուրիշի տուն, ձեր կանոնները թողեք շեմքից անդին՝ դռան ետևում։
17. Ավելի բարերար, բարեբեր, բարեխնամ կամ հրեշավոր, ահավոր, սարսափելի բան չկա, քան այն, ինչը մենք ինքներս ենք մեզ ներշնչում՝ դրական կամ բացասական...
18. Անմտություն է ափսոսալ, թե ճիշտ չես ապրել, քանզի ոչ ոքի էլ միանգամից ճիշտ ապրել չի հաջողվում։
19. Թերևս ճիշտ ապրելու մի սկզբունքն էլ այն է, ըստ որի՝ չի կարելի խայթել նրան, ով կարող է խժռել ձեզ...
20. Ասում են՝ լռիր և կյանքը քեզ կժպտա, որովհետև կյանքը չի սիրում շատախոսներին, որ մեկ-երկու տարում սովորում են խոսել, իսկ հետո երկար տարիներ չեն կարողանում լռել։
21. Մարդ պիտի նաև մի քիչ էլ խելք ունենա և հասկանա, որ խելացի երևալու համար կարելի է գոնե երբեմն էլ լռել ու գեթ մի որոշ ժամանակ լուռ մնալ։
22. Մեր ներկա իրականությունը հենց էն դեպքն է, երբ ասվում է, որ խուլը կլանված լսում է, թե համրը ոնց է պատմում, որ կույրն ակնդետ տեսել է, թե կաղն ինչ արագ էր վազում։
23. Երկու նապաստակի հետևից ընկնողին տեղն է, նրան հենց այդպես էլ պետք է, հենց դա էլ հասնում է նրան։
24. Երբ սպասում ես աղետին, անպայման գալիս է, մինչդեռ պիտի քայլ անես ու անխոնջ դիմագրավես, որ էդ աղետը կարողանաս կասեցնել։
25. Երբ վստահությունը կորսվում է, ներում հայցելն այլևս ոչինչ չի նշանակում..
26. Անմիտ նստելու «օգուտը» նստատեղի թմրեցուցիչ ցավերն են...
27. Հետաքրքիր է, չէ՞, ու... վտանգավոր, որ երեխաների ճիշտ դաստիարակության մասին  խոսում ու մեթոդներ են մշակում նրանք, ովքեր երբեք երեխաներ չեն ունեցել։
28. Ամուսնանալուց հետո ես միայն հասկանում, թե ի՞նչ է երջանկությունը, որ կորցրել ես, բայց արդեն ուշ է։
29. Սուտը շատ հաճախ պայմանավորված է լինում ճշմարտությունն ասելու համարձակության բացակայությամբ։
30. Բանն այն չէ, որ կան տառապանքներ, ավելի շուտ բան այն է, թե ո՞նց կարելի է դիմանալ էդ տառապանքներին ու հաղթահարել դրանք։
31. Ազնվությունն ու հավատարմությունը թանկ ընծաներ են, ինչը չարժե ակնկալել էժանագին գոյանքներից, առավել ևս՝ անարժեքներից։
32. Դարակազմիկ հարց. ո՞վ է ավելի մեղավոր՝ ստո՞ղը, թե՞ նրա ստերին հավատացողը։
33. Հայոց հայրենյաց գահն ա՜րդ զավթել են հաշվարար, հաշվետար, հաշվապահ իշխանավորներ, որոնք բնավ հաշվետու չեն իրենց արարքների, և ի հետևանք՝ իրենց հաշվարարության, հաշվետարության, հաշվապահության գրանցված «արդյունքների» համար...
34. Ցինիկն այն մարդն է, որ իմաստասեր չլինելով ու երբեք փիլիսոփայական որևէ դպրոցի չհարելով իսկ, բարձրաձայնում է այն, ինչն իր խելքի բանը չէ, և ինչի մասին մյուսները լռում են։
35. Հաղթանակները տրվում են այն ժամանակ, երբ հաղթահարվում է վախը, և գերիշխում են չհանձնվելու ոգին ու մարտական տրամադրությունը։
36. Մի պարտադրեք մարդկանց ձեր լույսը, քանզի միանգամայն հնարավոր է, որ նրանց խավարն է դուրեկան, ու խավարում խարխափելը՝ հարմարավետ։
37. Դավաճանությունը կարելի է ներել ու... չմոռանալ, կարելի է նաև մոռանալ, բայց... չներել։
38. Էս փուչ աշխարում զարմանալի բաներ շատ կան, բայց երկու բան առավել զարմանալի են. կենդանիների խելքն ու շրջահայցությունը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ մարդկանց հույլ ու հեղգ անտարբերությունն ու անսահման... գազանությունը։
39. Ներկայումս աշխարհը հասել մի յուրօրինակ, արտառոց իրավիճակի, երբ զարգացող երկրները փորձում են իրապես զարգանալ, իսկ զարգացածները... դեգրադացվում են։
 40. Լինում են պահեր, երբ քիչ է մնում մարդ իր ոտքով գնա գժանոց։