Սորոսի կամ փոխկապակցված հիմնադրամներից վարձատրված անձինք պետք է պետական աշխատանք չունենան

Սորոսի կամ փոխկապակցված հիմնադրամներից վարձատրված անձինք պետք է պետական աշխատանք չունենան

Նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում ստեղծելու մասին։ Շարժան նպատակը «Սորոսի հիմնադրամ»-ի դեմ պայքարելն է ու Հայաստանում դրա փակմանը հասնելը («Բաց հասարակությունների հիմնադրամ»)։ «Մեր պետության ներսում իրականացնում է պետականաքանդ գործունեություն: Տարիներ շարունակ հիմնադրամը հավաքագրել և ֆինանսավորել է ապազգային ու հակապետական մտածողությամբ մարդկանց՝ ստեղծելով արտասահմանյան գործակալական ցանց: Այս սինդիկատի փողերով և ջանքերով հերոսացրել են մարդասպաններին, ծանր հանցագործներին, հետևողականորեն վարկաբեկել պետության հիմնասյուները՝ իրավական, կրթական համակարգերը, ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, Հայ առաքելական եկեղեցին՝ նպատակ ունենալով քանդել մեր պետականության հիմքերը, ոչնչացնել արժեհամակարգային խարիսխները»,- ասված է Նարեկ Մալյանի հայտարարությունում, որտեղ նաև ասվում է․ «Նրանց վերջնական նպատակը մեր երկրի քաղաքացիների միջև բախումներ և քաղաքացիական պատերազմ հրահրելն է: «Սորոսի հիմնադրամ»-ը մեր երկրում իր ազդեցության տակ է պահում մի շարք ԶԼՄ-ներ՝ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորելու միջոցով:

Սորոսի սինդիկատից տարիներ շարունակ վճարված արտաքին ազդեցության գործակալներն այսօր Ազգային ժողովում պատկառելի ներկայացվածություն ունեն: Կառավարության կազմում նրանց քանակն ու աստիճանը սարսափելի է: Այդ բոլոր մարդիկ միայն մեկ տեր ունեն: Այդ տերը Ջորջ Սորոսն է, ում ներկայացուցչի՝ Լարիսա Մինասյանի տրված հրահանգներն անվերապահորեն և առանց քննարկման ի կատար են ածում: ՀՀ որևէ քաղաքական ուժ կամ պաշտոնյա որևէ ազդեցություն չունի այդ մարդկանց որոշումների և գործունեության վրա: Արտաքին ազդեցության գործակալական ցանցը մոլախոտի նման պարուրում և ոչնչացնում է ցանկացած առողջ ծիլ: Իրավիճակն աղետալի է»։

Hraparak.am-ը Նարեկ Մալյանի հետ զրույցում անդրադարձել  է հայտարարությունում չնշած մի շարք հարցերի ևս։

- Պարոն Մալյան, շա՞տ մարդիկ կան, որ նույնպես մտահոգ են Հայաստանում «Սորոսի հիմնադրամ»-ի գործունեությամբ, որովհետև խնդրել էիք, որ կապ հաստատեն Ձեզ հետ։

- Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ակցիաներ իրականացրեցի անձամբ, իրազեկեցի ՀՀ քաղաքացիներին՝ հիմնադրամի պետականաքանդ գործունեության և Հայաստանում արտասահմանյան գործակալական ցանցի առկայության մասին։ Այդ ընթացքում բազմաթիվ էին առաջարկները, որոնք վերջում նույնիսկ պահանջներ դարձան, որ էդ ամեն ինչն ավելի կառուցվածքային բնույթի կրի, և որ վերջապես էդ հարցը մտնի քաղաքական օրակարգ։ Հիմա այդ շարժման 3 կետերը քաղաքական օրակարգ մտցնելն է։ Այդ նպատակով նամակներ ենք ուղարկել ԱԺ բոլոր խմբակցություններին, փորձում ենք ճշտել ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի տեսակետները՝ բոլոր 3 կետերի մասով։ Դրանք են՝ «Սորոսի հիմնադրամ»-ի արգելափակում ՀՀ տարածքում, 2-րդ․ «Սորոսի հիմնադրամ»-ից կամ դրան փոխկապակցված այլ հիմնադրամներից երբևիցե գումար ստացած, վարձատրված անձանց արգելվի աշխատանքը պետական կառույցներում։ Եվ երրորդը․ ազդեցության գործակալների մասին օրենքի ընդունում։ Այսինքն՝ դա իր մեջ ենթադրում է քաղաքական լյուստրացիա, մարդիկ, ովքեր համագործակցում են և վարձատրվում են արտասահմանյան ֆոնդերից, այս մարդիկ պետք է կոչվեն օտարերկրյա ազդեցության գործակալներ, ինչպես շատ երկրներում է արվում։ «Սորոսի հիմնադրամ»-ը բավական շատ երկրներում արգելված է, տարբեր երկրներում՝ տարբեր մեթոդներով։ ԱՄՆ-ում, օրինակ, սահմանափակված է իրենց գործունեությունը, Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նա հակաքրիստոսն է, քանդում է պետականությունը և այլն։ Իր հայրենիքում է արգելված՝ Սորոսի հայրենիքում, Հունգարիա, Իսրայել, Ռուսաստանի Դաշնություն։  

- «Ադեկվադ»-ը դառնում է կուսակցություն, Դուք՝ հասարակական-քաղաքական շարժում։ Ինչո՞ւ։

- Իրենց մասով չմեկնաբանեմ, իմ մասով պատասխանեմ։ Ինչո՞ւ հասարակական-քաղաքական շարժում։ Մենք որոշել ենք այս օրակարգը մտցնել Հայաստանի քաղաքական դաշտ։ Ի՞նչ է ենթադրում այն․ մենք հիմա ճշտելու ենք բոլոր քաղաքական կուսակցությունների դիրքորոշումն էդ հարցում, իհարկե, նախապես ունենալով կանխավարկած, որ բոլորը կողմ կլինեն։ Որևէ տարբերակում չենք մտցնում, անգամ այսօր առավոտյան Իմ քայլը» խմբակցությանն եմ ուղարկել նամակ և նաև կուսակցությանն էլ կուղարկեմ։ Իմ համար, նաև ընտրողների, շատ կարևոր է, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե ովքեր են աջակցում «Սորոսի հիմնադրամ»-ին և ովքեր աշխատում այդ հիմնադրամի համար։ Դա քաղաքական լյուստրացիայի տեսակ է, որը ես իրականացնելու եմ։

- ՀՀԿ-ին ուղարկե՞լ եք ու նրանցից ի՞նչ եք ակնկալում, որովհետև վերջերս պարզվեց, որ ՀՀԿ նախկին ֆրակցիայից Հայկ Բաբուխանյանն էլ է դրամաշնորհ ստացել։

- Դեռ չեմ ուղարկել, բայց պարտադիր ուղարկելու եմ բոլոր կուսակցություններին օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է դիրքորոշմանը, բոլոր կուսակցություններից ակնկալում եմ, որ կլինի նորմալ, պետականամետ դիրքորոշում։ Կուսկցություններ կան, որոնց ցուցակներով հենց սորոսականներն են անցել ԱԺ։ Ինձ համար այդ քայլի շուրջ կա տարբերակում․ եթե «Իմ քայլը» դաշինքից կպատասխանեն պետական մոտեցումներով, որևէ խնդիր չեմ տեսնում, եթե հանրապետականները կպատասխանեն, էլի խնդիր չեմ տեսնում։ Ես այն կանխավարկածով եմ մտնում այս քաղաքական պրոցեսի մեջ, որ բոլորը հասկանան, որ սա պետության հարցն է, որ օտարերկրյա գործակալական ցանցը պետք է վռնդել Հայաստանից։

- Հիմնադրամը նոր չէր Հայաստանում, այլ առնվազն 10-15 տարի, ինչո՞ւ առաջ նման հետևողականություն չէիք ցուցաբերում։

- Ձեր հարցի մեջ անհիմն մեղադրանք եմ տեսնում, եթե հետևեիք իմ գործունեությանը, այն կոնցեպցիայով, որով աշխատել եմ, միշտ․․․

- Քննադատել եք։

- Այո, սա՝ մեկ։ Երկրորդ․ հիմնադրամը Հայաստանում գործում է 1997-ից, բայց միայն վերջերս է ակտիվացրել իր հակապետական աշխատանքը։ Վերջին 1 տարվա մասին է խոսքը, և միայն վերջերս է, որ նրա գործակալական ցանցի անդամներն իշխանության ներսում են և ունեն ռեալ իշխանություն՝ արդեն տարբեր պետական մարմիններում։ Իրենք բավական պատկառելի խումբ պատգամավորներ ունեն, կառավարությունում անդամներ ունեն՝ փոխնախարարների ու նախարարների մակարդակով։ Դրանք մարդիկ են, ովքեր միայն մեկ տեր ունեն, և դա Ջորջ Սորոսն է։ Նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրենց։