Ղուկասյանը պատրաստվում է Երևանը բեռնաթափել, իսկ իշխանություններին էլ` քննադատել

Ղուկասյանը պատրաստվում է Երևանը բեռնաթափել, իսկ իշխանություններին էլ` քննադատել

Երկրորդ անգամ ԲՀԿ ցուցակով Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Հրապարակի» հարցին, թե ինչո՞վ է 7-րդ գումարման ԱԺ-ն տարբերվելու նախորդից, պատասխանեց․ «Ապրենք, կտեսնենք։ Տա Աստված, որ բոլոր տեղերը փոփոխություններ լինեն, իրոք, լինի էն, ինչ որ ժողովուրդը սպասում է»։

-Կա՞ն ծրագրեր, որոնք նախորդ 6-րդ գումարման ԱԺ-ում չհասցրիք իրականացնել և այժմ պատրաստվում եք դրանցով զբաղվել։

- Շատ-շատ։ Աշխատատեղերի ստեղծում՝ համար առաջինը, աղետի գոտու բնակարանների վերջնական լուծում, Երևանը բեռնաթափել, մարզերը ոտքի կանգնեցնել, կենտրոնացված է ամբողջությամբ մայրաքաղաքում, և այդպիսի շատ բաներ։

- Քանի որ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր եք, պատրաստվո՞ւմ եք քննադատել իշխանությանը։

- Միանշանակ, եթե դիմադիր էլ լինեմ, էլի կքննադատեմ, իմ բնավորությունը էդպիսին է, իսկ լավն էլ անպայման կասեմ։

- Իսկ ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար են Շիրակի մարզի բնակիչները Ձեզ վստահում։

- Աշխատանքի։ Աշխատանքի․․․։ Իմ կատարածը տեսել են։ Կարծում եմ ձայները դրա արդյունքն են։

- Ձեր գնահատմամաբ՝ մեծ է տարբերությունը հին Հայաստանի և նոր Հայաստանի միջև։

- Հիմա ոչ, սպասում ենք, սպասում ենք, որ տեսնենք։ Շատ սպասելիքներ ունենք, ուզում ենք տեսնել, տեսնել, թե ի՞նչ է լինելու, հետո նոր մենք կասենք։

- Ասում են, որ սա առաջին խորհրդարանն է, որ ձևավորվել է արդար ընտրությունների արդյունքում։ Համամի՞տ եք։

- Համամիտ եմ։

- Այսինք՝ն նախորդ անգամները ազատ ընտրության արդյունքո՞ւմ չեք գնացել խորհրդարան։

- Իմ ընտրությունները․․․։ Ճիշտն ասած՝ էդ արդար ընտրությունները եղել է 1996 թվականին Գյումրի քաղաքից։ Մշտական իմ ընտրությունները քաղաքապետի եղել է այ այսպիսին, հասկանալի՞ է։ Ուղղակի դուք՝ լրագրողներդ, չեք ներկայացրել ճշմարտությունը։ Մենք առանց կեղծիքի, առանց գումար բաժանելու մշտական ժողովուրդը հաղթել է Գյումրիում։ Հեղափոխությունը Գյումրի քաղաքից է սկսվել։ Մենք դրան պատրաստ ենք ու տեղյակ ենք, էդ ձեզ համար է զարմանալի։

- Ի՞նչ եք կարծում՝ նոր իշխանությունների օրոք «աղետի գոտի» եզրույթը կվերանա՞։

- Այո։ Նախ այնտեղ բան չի մնացել բնակարանային շինարարության։ Իմ օրոք միայն 17 հազար բնակարան է կառուցվել։ Բայց ամենակարևորներից մեկն էլ համարում եմ աշխատատեղերի ստեղծումը, Երևանի բեռնաթափումը և սուբսիդիաների, դոտացիաների, քաղաքային բյուջեների ավելացումը, դա շատ կարևոր է։ Չի կարող, որ Երևանի բյուջեն լինի 85 միլիարդ, իսկ Գյումրիինը՝ 3 միլիարդ։ Դա խայտառակություն է։