Հըրցընում են՝ շտեղանա, ասում եմ՝ շտեղան պիտի ինի, մեր խոխանա

Հըրցընում են՝ շտեղանա, ասում եմ՝ շտեղան պիտի ինի, մեր խոխանա

Զոհ ունենք սահմանին,- այսպես ենք ասում։ Հայաստանը, Արցախը, ողջ Սփյուռքը, հայությունը զոհն իրենն է համարում։ Իրե՛նը։ Ոչ մեկի մտքով չի անցնում, թե այդ զոհը Մարտակերտի՞ց է, Սիսիանի՞ց, թե աշխարհի մի այլ ծայրից։ Գուցե երբևէ ուշադրություն չեք դարձրել դրա վրա, բայց սա խոսում է այն մասին, որ մենք մի ընտանիք ենք՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, որովհետև նման դեպքում բոլորիս սիրտը նույն ձևով է ցավում։

Այսօր, երբ լսեցի, որ Արցախում զոհ ունենք, զանգեցի Արցախ՝ գործից տեղյակ մարդու։ Նրան էլի էին զանգել ու վրդովված էր՝ «Հըրցընում են՝ շտեղանա, ասում եմ՝ շտեղան պիտի ինի, մեր խոխանա» (Հարցնում են՝ որտեղի՞ց է, ասում եմ՝ որտեղից պիտի լինի, մեր երեխան է)։ Վրդովվել էր դրա համար։

Մտածում եմ․ ինչու՞ նման պահին ենք ավելի սուր  զգում մեր միասնականությունը։ Ծանր պահ է, բայց լուսավոր մի բան կա, որ ապրեցնում, ոգի է  տալիս մեզ։ Ոչ մի քաղաքականություն չի կարող մեզ տարանջատել․ Հայաստանն ու Արցախը կապված են իրար հետ արյունատար անոթներով։

Հետո, երբ իմացա, որ զինծառայողը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր, մտովի արցախցու ձայնն էի լսում ՝«Հըրցընում են՝ շտեղանա, ասում եմ՝ շտեղան պիտի ինի, մեր խոխանա»։  

Զորացրվելուն մնացել էր 20 օր։ Շատ էր շտապում հասնել մոր գիրկը։