Պարադոքս մնաց իմ ընկեր Դավիթ Շահնազարյանի՝ ՀՀԿ-ն ամբիոն դարձնելը

Պարադոքս մնաց իմ ընկեր Դավիթ Շահնազարյանի՝ ՀՀԿ-ն ամբիոն դարձնելը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը ՀԱԿ-ի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելը պատճառաբանում է հետեւյալ կերպ․ «Գիտեինք, որ քաղաքական պայքար չի լինելու այս ընտրություններում, ժողովուրդը էյֆորիայի մեջ ընտրելու է «Իմ քայլը» դաշինքին։ Գիտեինք, որ մյուսներն էլ զբաղվելու են հայհոյախոսությամբ, իրար վարկաբեկելու միջոցով փորձելու են ձայներ ապահովել։ Իսկ նման պայքարի մենք պատրաստ չենք, մենք պատրաստ ենք առողջ, լուրջ պայքարի։ Ինչ վերաբերում է միմյանց վրա ցեխ շպրտելուն եւ հայհոյախոսելուն, ապա դա մեր ճանապարհը չէ, մեր ձեռագիրը չէ»։

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանի՝ նախընտրական քարոզարշավում հնչեցրած հայտարարություններին, իրո՞ք Արցախի մասին մտահոգություններից ելնելով էր նա քննադատում Նիկոլ Փաշինյանին։ «Դավիթ Շահնազարյանն եղել է իմ ընկերը, հիմա էլ համարում եմ նրան իմ ընկերը։ Շատ-շատ հարցերում կարող եմ նրա հետ համաձայն չլինել, բայց այն խնդիրների մասին, որ նա բարձրաձայնում է, չեմ պատրաստվում խոսել մամուլում։ Կասեմ մի բան՝ ինձ համար պարադոքս մնաց Դավիթ Շահնազարյանի ընտրած ամբիոնը՝ ՀՀԿ ցուցակ մտնելը։ Եթե Դավիթ Շահնազարյանը հանդես գար որպես անհատ կամ մեկ այլ քաղաքական ուժի միջոցով, ընտրեր մեկ այլ հարթակ, ես կհասկանայի ինչ-որ տեղ։ ՀՀԿ-ի ամբիոնից խոսելը ես չեմ հասկանում»,- ասաց մեր զրուցակիցը։ Հետաքրքրվեցինք, թե փորձե՞լ է պարզել Շահնազարյանից, թե ինչու ընտրեց հենց ՀՀԿ-ն։ «Ոչ, չեմ փորձել, չենք հանդիպել, չեմ կարող ասել»,- նշեց Աշոտ Մանուկյանը։

Մեր հարցին, թե ՀԱԿ-ը ինչ գործունեությամբ է զբաղվելու մինչեւ հաջորդ ընտրություններ, Աշոտ Մանուկյանն արձագանքեց․ «Բոլոր օրինական, հնարավոր ճանապարհներով, մեթոդներով մեր քաղաքական գործունեությամբ ենք զբաղվելու։ Ընտրությունները դեռ նոր են ավարտվել, պետք է տեսնենք, թե ինչ զարգացումներ են սպասվում, ինչ ճանապարհով կգնա նոր իշխանությունը։ Մենք պատարստ ենք իրենց սատարելու, պատրաստ ենք նաեւ առողջ քննադատության։ Տեսնենք, թե ոնց կլինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։