Հովիկ Աղազարյանը վերացնելու է պատգամավորական անձեռնմխելիությունը

Հովիկ Աղազարյանը վերացնելու է պատգամավորական անձեռնմխելիությունը

 «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր, ՔՊ անդամ Հովիկ Աղազարյանի՝ 7-րդ գումարման ԱԺ-ում առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը լինելու է պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելը։ «Հրապարակի» հետ զրույցում, նա ասաց, որ գաղափարը կքննարկի կուսակիցների հետ ու ընդհանուր հավանության արժանանալու դեպքում օրենքի նախագիծը շրջանառության մեջ կդնի։ «Հաջորդ քայլը պետական գնումների մասին օրենքի նախագիծն է, որ այս ընթացակարգերն ավելի թափանցիկ դառնան»,-ասում է պատգամավորը։ Նա նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածուի հարցը դեռ չի որոշվել, բայց հաստատեց, որ մամուլում շրջանառվող  անունները ճիշտ են՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան, փոխարտգործնախար Ռուբեն Ռուբինյան։ Նոր անուն չի ավելացել, հարցն էլ «կոմպլեքս» պետք է լուծվի հանձնաժողովների նախագահներ-փոխնագահների թեկնածուների առաջադրման հարցի հետ՝ 1 շաբաթվա ընթացքում։ Պարոն Աղազարյանից հետաքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքով է որոշվելու՝ ո՞վ է մնում պատգամավոր, ով վերադառնում կառավարություն, և կամ հակառակը։ Հովիկ Աղազարյանը միայն մարզպետների մասով ասաց,որ որոշ մարզպետներ մնալու են, որոշներն էլ կդառնան պատգամավոր։ Իսկ ո՞րն է լինելու սկզբունքը,թե ով մնում է, ով գնում։ Աղազարյանն ասում է, որ ամեն ինչ «պետք է լինի իրենց հակումների համաձայն» ։