Միջազգային մամուլը անդրադառնում է ՀՀ արտահերթ պառլամենտական ընտրություններին
Միջազգային հայտնի լրատվամիջոցները ինչպես երեկ ամբողջ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր իրենց հրապարակումներում ներկայացրել են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները։ Այսպես, բրիտանական BBC-ն գրում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքում առավելագույն հաղթանակ է տարել և ամրապնդել իր իշխանությունը՝ հավաքելով ձայների ավելի քան 70%-ը: Միևնույն ժամանակ BBC-ն նկատում է, որ ընտրություններին մասնակցությունը 49% է եղել, մոտ ինչը շատ ցածր ցուցանիշ է։ Associated Press լրատվական գործակալություն ներկայացնում է ընտրությունների նախնական արդյունքները։ Լրատվամիջոցը պարզաբանում է, որ այս արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանը վերահսկողություն է սահմանում պառլամենտի հանդեպ, որտեղ մեծամասնությունը իր քաղաքական ընդդիմախոսներն էին։Reuters լրատվական գործակալությունն էլ նշել է, անդրադառնալով Հայաստանի արտահերթ պառլամենտական ընտրություններին, որ իշխող քաղաքական ուժի համար հաղթանակը դժվար չի եղել։ Այս լրատվամիջոցը չափավորական ընդդիմություն է որակել ԼՀԿ-ին եւ ԲՀԿ-ին եւ նշել, որ այս ուժերը եւս մտնելու են պառլամենտ։ Ռուսական լրատվամիջոցներից «ՌԻԱ Նովոստի», «ՏԱՍՍ», «Ինտերֆաքս», «Ռեգնում», եւ այլ լրատվամիջոցներ հիմնականում ընթացիկ իրադարձային լուսաբանումների ռեժիմով անդրադարձել են Հայաստանի արտահերթ պառլամենտական ընտրություններին։ Ադրբեջանական մամուլում էլ նույն վիճակն է եղել։ Հիմնականում հղում տալով հայկական ռուսալեզու եւ ռուսական մամուլին, ադրբեջանական ԶԼՄ-ները անդրադարձել են արտահերթ պառլամենտական ընտրություններին, նշելով, սակայն որ «հայերը ընտրել են ունենալ Փաշինյանին ենթակա խորհրդարան»։
Կարծիքներ