Այդ բոլոր մահերը ձեր խղճին են մնալու

Այդ բոլոր մահերը ձեր խղճին են մնալու

Ուրեմն Ծառուկյանի ելույթից հետո և առաջիկայում սպասվող հնարավոր կոնսոլիդացիաների հեռանկարից գրգռված՝ իմքայլականները ընկել են հիստերիայի մեջ և աջ ու ձախ մեղադրանքներ են տեղում։ Մի կողմ թողնենք այն, որ գործող իշխանությունները նախորդներից ավելի անհանդուրժող են քննադատության նկատմամբ։ Նրանք այսօր իրենց քննադատող յուրաքանչյուր անհատի կամ քաղաքական ուժի մեղադրում են դավաճանության, պատերազմի ժամանակ խրամատ փորելու փոխարեն իրենց դեմ աշխատելու մեջ՝ «փոխանակ համախմբվեն օրվա իշխանության շուրջ, միավորեն ուժերն ու համատեղ պայքարեն աներևույթ թշնամու դեմ»։

Հարգելի իմքայլական տղաներ և աղջիկներ, դուք համախմբման կոչ անելու որևէ բարոյական իրավունք չունեք, որովհետև դուք եք առաջինը սեպ խրել հասարակության ու քաղաքական ուժերի միջև, նրանց բաժանել սևերի և սպիտակների, բոլորի հետ թշնամացել, բացառել որևէ համագործակցություն:

Երկրորդ, վերցնենք այսօր ամենակարևոր ոլորտը՝ առողջապահությունը. էդ քանի՞ անգամ նախարար Արսեն Թորոսյանը հանդես եկավ համախմբան կոչով, քանի՞ անգամ նա քարը փեշից թափեց և, օրինակ, նախկին նախարարներ Արմեն Մուրադյանին, Հարություն Քուշկյանին, Լևոն Ալթունյանին, որոնք այսօր պրոֆեսիոնալներ են, կամ այլ խոշոր ԲԿ-ների տարբեր նախկին ու ներկա ղեկավարների, այդ թվում՝ Արա Մինասյանին, հրավիրեց մի սեղանի շուրջ ու խնդրեց, առաջարկեց, կոչ արեց մեկտեղել ուժերն ու միասին պայքարել համավարակի դեմ։ Ոչ մի անգամ։ Թորոսյան Արսենը, ինչ հիշում եմ, «մենամարտերի», դատական քաշքշուկների մեջ է մե՛կ Մուրադյան Արմենի հետ, մե՛կ Մինասյան Արայի հետ, մե՛կ չգիտեմ ում հետ, ոչ մեկի հետ նորմալ շփում չունի։ Հա՝ Քուշկյանի հետ կա որոշակի համագործակցություն, էլի լավ է, Ալթունյանի հետ էլ մեկ-մեկ հանդիպում սուրճ էր խմում, հետո՞։ Ես էլ երբեմն թեյ եմ խմում Ալթունյանի հետ, երբ այցելում եմ «Վարդանանց», հետո՞, ի՞նչ է փոխվել դրանից։ Միայն թվերն են ավելացել։

Փոխանակ Արսեն Թորոսյանն առաջին իսկ օրվանից իր նեղ անձնական ամբիցիաները դներ մի կողմ, անձամբ զանգեր Մուրադյանին ու մյուսներին և խնդրեր աջակցել իրեն, որ իրեն թև ու թիկունք լինեին, այսօր ֆեյսբուքում նստած՝ ստատուսներ է գրում իր ընդդիմախոսների հասցեին։ Ու հաստատ կաջակցեին, հիմա էլ են աջակցում՝ առանց իր ուզելու։ Մուրադյան Արմենը, բացի փորձառու բժիշկ ու նախկին նախարար լինելուց, այսօր նաև ոլորտին մասնագետներ տրամադրող թիվ մեկ հիմնարկի՝ Բժշկական համալսարանի ռեկտորն է, ով միաժամանակ մի քանի բուժհաստատություն է ղեկավարում։ Ու առնվազն վատ չի ղեկավարում։ Ինքը դեռ ամիսներ առաջ էր սկսել իր հիվանդանոցները պատրաստել կորոնավիրուսի դեմ պայքարին, երբ դուք ընկած դռնեդուռ` Հրայր Թովմասյան էիք «ոչնչացնում»։ Ինչո՞ւ լիարժեք չեք օգտագործում նրա ռեսուրսները։ Պատվից վե՞ր է։

Հարություն Քուշկյանը ժամանակին խոզի գրիպի դեմ պայքարած, ոլորտում ռեֆորմներ արած ու այսօր մի քանի խոշոր ԲԿ ղեկավարող նախկին նախարար է ու լավ կառավարիչ է։ Լևոն Ալթունյանն էլ ուժեղ է հատկապես ֆինանսական կառավարման հարցերում, հաջողակ բիզնեսմեն է, քթածակ ու նյուխ ունի, կառավարման ձիրք ունի։ Ես թվարկում եմ իմ ճանաչած անձանց անունները։ Բոլորն էլ, այսպես ասած, լավ մենեջերներ են, բոլորն էլ ոլորտում ինչ-որ դրական բան հասցրել են անել։ Իհարկե, որևէ մեկը անթերի չի եղել, ես՝ ինքս, նրանցից երկուսին շատ եմ քննադատել, երբ նախարար էին։ Բա հիմա էս մարդկանց չկանչե՞ս ասես՝ ոնց անենք, որ ճիշտ լինի։ Իսկական թերին հիմա դուք եք, որ չեք կարողանում ձերբազատվել ձեր էժանագին ամբիցիաներից։

Բանը բանից անցել է, երկիրը վարի եք տալիս վերջնական, ու այսքանից հետո էլի չեք խրատվում, էլի թշամիներ ու մեղավորներ եք փնտրում։ Իրական մեղավորներին փնտրեք ձեր մեջ։ Դուք չգիտեք՝ ինչ է պետությունը, դուք պետականության զգացում չունեք, դուք չգիտեք՝ ինչպես ճիշտ օգտագործել ձեր ձեռքն ընկած իշխանությունը։ Այսօրվա հարյուրավոր դեպքերի ու տասնյակ մահերի միակ ու բացառիկ պատասխանատուն հենց դուք եք, միայն դուք։ Այդ մահերը բացառապես ձեր անլրջության, փոքրոգության ու անպատասխանատվության հետևանքն են։ Եւ վաղը դրանք ձեր խղճին են մնալու։

Ձեզ՝ խելք
Մեզ՝ համբերություն
Առողջ եղեք։